1 տարի առաջ ստեղծված ընկերությունը կառավարությունից 2 անգամ արտոնություն է ստանում․ սեփականատերը Փաշինյանի եղբորը տնօրեն նշանակած գործարարն է
Վարդերի բիզնեսով զբաղվող «Ռոզելին Բայ Կօկ» ընկերությունը կազատվի 83 միլիոն դրամ մաքսատուրք վճարելուց։ Կառավարությունն իր վերջին նիստում ընդունեց նախագիծը՝ չզեկուցվող հարցերի փաթեթում։
Ըստ նախագծի հիմնավորման՝ «Ռոզելին ԲԱՅ ԿՕԿ» ՍՊԸ-ն ներմուծվող հումքը և սարքավորումները նախատեսում է օգտագործել գերժամանակակից ջերմոցի կառուցման համար, որտեղ կաճեցվեն վարդեր՝ իրականացնելով շուրջ 1․6 մլրդ դրամի ներդրում՝ հումքի ու սարքավորումների ձեռքբերման, 400 մլն դրամի ներդրում՝ շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս առկա է 28 աշխատատեղ՝ 260 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 39-ի՝ 260 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․6 մլրդ դրամ:
Ի դեպ, այս նույն ընկերությունը դեռ հունվարին էր կառավարության որոշմամբ ազատվել 81,5 մլն դրամի մաքսատուրք վճարելուց։ Այդ ժամանակ ևս հիմնավորման մեջ նշվում էր, որ ոչ ԵՏՄ անդամ պետություններից վարդերի աճեցման համար ներկրվելու են 1, 6 մլրդ դրամի սարքավորումներ։
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք՝ «Ռոզելին Բայ Կօկ» ընկերությունը պետական գրանցում է ստացել 2025 թվականի հունիսի 17-ին։ Ընկերության սեփականատերը Յուրի Քոքոբելյանն է՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի եղբորորդին։
Ավելին, Յուրի Քոքոբելյանի անունը ռեգիստրում նույնականանում է նաև այս ընկերությունների հետ՝ «ԷՐԻԷՄ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ , «ԲԵՐԻ ՀԱՈՒՍ» ՓԲԸ, «ԼՈՒՅՍՔԱՐ» ՍՊԸ, «ՄԵԳԱԷՆԵՐՋԻ» ՍՊԸ, «ԱՐԳԻՇՏԻ-2» ՍՊԸ, «ՌՈՈՒԶ ԷՄՓԱՅՐ» ՍՊԸ, «ՄԻԹ ԱԳՐՈ» ՍՊԸ, «ՄՈԴԵՌՆ ԱԳՐՈ» ՍՊԸ, «ԲԵՐԻ ՀԱՈՒՍ-2» ՍՊԸ , «ՎԱՄ ԳՐՈՒՊ» ՍՊԸ , «ԳՈՈՒ ԹՐԵՅԴ» ՍՊԸ , «ՌՈԶԵԼԻՆ ԲԱՅ ԿՕԿ» ՍՊԸ, «ՍԱԼԴԱԽ» ՍՊԸ։
Իսկ այս ընկերություններից ևս երկուսի՝ «Արգիշտի-2»-ի և «Միթ Արգո»-ի հետ նույնականանում է Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը․ ըստ տարբեր հրապարակումների նա Յուրի Քոքոբելյանին պատկանող այս ընկերությունների տնօրենն է, ինչպես նաև՝ Յուրի Քոքոբելյանի հորը՝ Վաչիկ Քոքոբելյանին պատկանող «Մինա-Մայա» ընկերության տնօրենը։
Եվս մեկ հավելում․ 2024 թվականի ամռանն իրավապահները հետախուզում էին հայտարարել Յուրի Քոքոբելյանի նկատմամբ․ ասվում էր՝ նա մեքենա էր վարել առանց վարորդական իրավունքի վկայականի։

