Եթե ընդդիմությունը չկարողանա բացառել ձայնագողությունը, մանդատները վերցնելը կդառնա բացարձակ իմաստազուրկ. Գրիգոր Մուրադյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ արդարադատության նախարարի նախկին առաջին տեղակալ, ՍԴ նախագահի նախկին խորհրդական, «Արդարություն՝ իրավունքի միջոցով» իրավախորհրդատվական ընկերության հիմնադիր-տնօրեն Գրիգոր Մուրադյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • 2018թ.-ից սկսած՝ ակնհայտ է դառնում մի օրինաչափություն` վաղուց սահմանադրական լեգիտիմությունից զրկված այս իշխանությունը չունի նաև ընտրական լեգիտիմություն: Ընդդիմադիր ուժերն առաջին անգամ ունեն քանակական ավելի շատ քվեներ, քան իշխող ՔՊ-ն: Եվ սա՝ այն դեպքում, երբ ԲՀԿ-ն զրկվեց իր ձայներից, որը հաստատվեց Սահմանադրական դատարան կոչվող կառույցի կողմից: Չնայած իշխանությունների կողմից համատարած ահաբեկումներին՝ ժողովուրդը քվեարկեց այս իշխանության դեմ:
  • Այս ընտրությունների լեգիտիմությունը խիստ խնդրահարույց է, քանի որ ընտրություններն անցել են ատելության խոսքի, սպառնալիքների միջավայրում, անմեղության կանխավարկածի սահմանադրական սկզբունքի խախտմամբ, քրեական վարույթների մասին լայն տեղեկատվական ահաբեկման միջավայրում, որով հոգեբանական ճնշում, վախի մթնոլորտ, թշնամանք, ընտրվելու իրավունք ունեցող կարևոր սուբյեկտների՝ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն ուղղված ընդհանուր միջավայր է ձևավորվել: Առկա է նաև տասնյակ-հազարավոր ընտրողների ձայների լիակատար անտեսման պրակտիկա։

Կարդացեք նաև

  • «Բարգավաճ Հայաստանի» (ԲՀԿ) ձայների կորստի մասով սա, իհարկե, աննախադեպ երևույթ է, բայց ես հիշում եմ նաև բազմաթիվ այլ ընտրակեղծարարություններ, մասնավորապես՝ 1996 և 2003 թվականների նախագահական ընտրությունները։ 2003 թվականի ընտրություններն այնքան խնդրահարույց էին, մեղմ ասած, որ Սահմանադրական դատարանը՝ այն ժամանակվա լեգիտիմ Սահմանադրական դատարանը, ստիպված եղավ իր որոշման եզրափակիչ մասում առաջարկել վստահության հանրաքվե անցկացնել։

Այդուհանդերձ, ԲՀԿ-ի պաշտոնապես արձանագրված մոտավորապես 60.000 ձայնի կորուստը տարբեր պարզունակ պատճառաբանություններով արդարացնելն իսկապես աննախադեպ երևույթ է։ Սա նշանակում է, որ այդ ընտրողների ձայնը, ըստ, այսպես կոչված, պատկան մարմինների, որևէ նշանակություն չունի։ Մենք գործ ունենք այնպիսի կառույցների հետ, որոնք, իմ խորին համոզմամբ, նույնպես չունեն սահմանադրական լեգիտիմություն։ Այդուհանդերձ, այդ մարմիններն այսօր փաստացի որոշումներ են կայացնում և կենսագործում դրանք։ 

  • Թվով 16.210 անվավեր քվեաթերթիկները, եթե իրականում այդքան անվավեր քվեաթերթիկ է եղել, խոսում են ընտրական հանձնաժողովների անկազմակերպ աշխատանքի մասին:
  • Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի՝ ընտրությունների գիշերն արած հայտարարությունն ազդակ էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, հանրային քննարկման թեմա է:
  • Ընդդիմադիր ուժերը Սահմանադրական դատարան կարող էին դիմել միայն այն պայմանով, երբ զուգահեռաբար կհայտարարեին, որ այդ նույն Սահմանադրական դատարանի լեգիտիմության հարցում առնվազն լրջագույն բաց կամ դեֆիցիտ կա։ Հակառակ պարագայում ստացվում է, որ մենք դիմում ենք Սահմանադրական դատարան, որպեսզի նա որոշի ընտրությունների ճակատագիրը, որից, ինչպես բոլորս ենք հասկանում, կախված է մեր ժողովրդի ճակատագիրը՝ գուցե նույնիսկ առաջիկա տասնամյակների կտրվածքով։ Հետևաբար՝ դիմելուց առաջ պետք է արվեր այդ հայտարարությունը։ Իհարկե, որոշ ընդդիմադիր ուժեր մասամբ արել են նման հայտարարություններ, սակայն պետք է հստակ հասկանալ, որ առաջատար ընդդիմադիր ուժերը Սահմանադրական դատարանի այս դատավարությունը պետք է վերածեին սոսկ մի հարթակի՝ հանրությանն ու միջազգային հանրությանն ընտրական կեղծարարության հիմնական խնդիրները ներկայացնելու և դրանք բացահայտելու համար։ Դրանից հետո, ըստ իս, քանի որ այս Սահմանադրական դատարանից այլ ակնկալիք իրականում լինել չէր կարող, առաջատար դիմողները պետք է պարզապես հետ վերցնեին իրենց դիմումները։ 

Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը. քանի որ այստեղ խոսքն ընդամենը 150-300 ձայնի վավերականության մասին էր, նրանք կարող էին շարունակել մասնակցել դատաքննությանը և ակնկալել արդարության վերականգնում (թեև այս Սահմանադրական դատարանի պարագայում այդ ակնկալիքները նույնպես չէին կարող արդարանալ)։ Կարելի էր ենթադրել, որ մոտավորապես 60.000 ընտրողի ձայն անգամ այս Սահմանադրական դատարանը չպետք է անտեսեր, սակայն նա արեց հենց դա։

  • ՍԴ լեգիտիմության հարցով համարժեք գնահատականի փոխարեն՝ ընդդիմությունը հայտնվեց Սեդա Սաֆարյանի՝ այդ գործին մասնակցելու անհնարինության, լեգիտիմության հարցի որոգայթում, երբ բարձրացրեցին միայն նրա լեգիտիմության հարցը: Ստացվեց, որ ոչ լեգիտիմ էր միայն Սեդա Սաֆարյանը: Ես չգիտեմ՝ ինչպես է դուրս գալու ընդդիմությունն իր այս որոգայթից: Եթե ընդդիմադիր ուժերն այս հարցում հայեցակարգային մոտեցումներ չունենան, տրվեն դրվագային լուծումների, շատ արագ կկորցնեն հանրային վստահությունը:
  • Մինչև ՍԴ դիմելու և ՍԴ որոշումից հետո պետք էր գնահատել նախորդ ութ տարիների ապօրինությունները, հատկապես՝ սահմանադրական կարգի խախտումները, քանի որ այս իշխանությունը կառավարում է ոչ թե Սահմանադրության հիման վրա, այլ հակառակ Սահմանադրության։ Ընտրությունների ոչ լեգիտիմությունն ընդհանուր ոչ լեգիտիմության միայն մեկ բաղադրիչն է։
  • Ընդդիմությունը որոշ չափով կարողացավ ՍԴ-ում ներկայացնել աղաղակող ընտրակեղծիքների աներկբա փաստեր: Բայց արդյո՞ք նրանք ՍԴ-ն վերածեցին այնպիսի հարթակի, որ հանրային հնարավորիս շատ զանգվածներ իրազեկ լինեին ընտրախախտումներից:
  • Ընտրախախտումների ամենաաղաղակող փաստերից է ընտրական գործընթացի անհավասար, ատելության խոսքով, ահաբեկման միջավայրով, կալանավորումներով ուղեկցված միջավայրը: Ընդդիմադիր կուսակցությունների շանսերն ակնհայտորեն հավասար չէին, որովհետև պետությունն իր ողջ վարչական ռեսուրսի չարաշահմամբ աշխատում էր ՔՊ-ի օգտին: Փաստված խախտվել է ընդդիմադիր թեկնածուների անմեղության կանխավարկածը:
  • Մենք գործ ունենք վարչական ռեսուրսի չարաշահման, քրեական հետապնդման գործիքակազմի կիրառմամբ ընտրողների ու թեկնածուների ահաբեկման, ինչպես նաև քարոզչությանը մասնակցելուց ձեռնպահ մնալուն ուղղորդելու հետ։ Գործ ունենք նաև անմեղության կանխավարկածի փաստված խախտումների հետ, որոնք արձանագրվել են հենց Սահմանադրական դատարանի որոշումներով։ 

Սակայն Սահմանադրական դատարանի որոշման մեջ կա մի կետ, որն ուղղակի սյուրռեալիստական ժանրից է և ուղիղ կապ ունի հենց ընտրությունների ազատության հետ։ Առկա է Վարչական դատարանի վճիռը, որն ուղղակիորեն ամրագրում է, որ այդ ատելության խոսքն ու սպառնալիքները հակասել են Սահմանադրական դատարանի նախորդ որոշումներից մեկին, որտեղ սահմանված էին համապատասխան չափանիշները։ Այնտեղ արձանագրվել էր նաև, որ պատասխանողը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, չի իրականացրել հնչած արտահայտությունների բավարար ու ամբողջական գնահատում։

Սահմանադրական դատարանն ասում է հետևյալը՝ այդ հռետորաբանությունը գնահատելով որպես անընդունելի, կոպիտ և հանրային բարոյականության տեսանկյունից խիստ դատապարտելի, իսկ դրա ազդեցությունը՝ ցնցող, դրանից հետո բերում է մի մտացածին փաստարկ։ Այն է՝ ընտրությունների արդյունքների վրա դրա ազդեցությունը գնահատելու գիտական մեթոդաբանությունը բացակայում է։

Դատարանն ինքն է փաստում, որ ընտրությունների ազատության հետ կապված լուրջ խնդիր կա, ընդունում է Վարչական դատարանի տեսակետը, խիստ դատապարտում է այդ խոսքը, բայց հետևություն է անում, թե ինքն ունակ չէ գնահատելու դրա ազդեցությունն ընտրությունների արդյունքների վրա։

Ընդ որում, դատարանն այս պնդումը չի հիմնավորում՝ ո՛չ հղում անելով որևէ գիտական գրականության (ինչը նման դեպքերում Սահմանադրական կամ ցանկացած այլ դատարանի պարտականությունն է), ո՛չ էլ ներգրավում է որևէ փորձագետի, թեև ուներ դրա լայն հնարավորությունները։ Որևէ փաստարկ չնշելով՝ ուղղակի ասում է, թե չկա գիտական մեթոդաբանություն։ Ստացվում է՝ ուսումնասիրել է համաշխարհային գրականությունը, այլ երկրների ու միջազգային կառույցների փորձը և եկել այն եզրակացության, որ գիտականորեն հիմնավորված մեթոդաբանություն գոյություն չունի։

Բայց եթե նույնիսկ չկա, դուք ինքներդ պետք է մշակեք այն։ Կան բազմաթիվ հարցեր, որտեղ չկա պատրաստի գիտականորեն հիմնավորված մեթոդաբանություն, և բարձրագույն դատարաններն իրենք են ստեղծում դրանք՝ ներգրավելով լավագույն մասնագետներին ու փորձագետներին։ Եթե մեթոդաբանություն չկա, ապա այդ դեպքում ինչպե՞ս եք գնահատելու ընտրությունների արդյունքների վավերականությունը։ Մի՞թե միայն այն պատճառով, որ մեթոդաբանություն չկա, դրանք պետք է վավեր ճանաչվեն։ 

  • Նախորդող 8 տարիներին կատարված՝ սահմանադրական կարգի հիմքերի բազմակի խախտումների համակցության մեջ այլևս գործ ունենք կոնկրետ երկրում «իրավասպանության»՝ իրավացիդի հետ:
  • Եթե խախտվում են ընտրակարգի հիմնարար սկզբունքները՝ ընտրողների միջև հավասարությունն ու ընտրությունների ազատությունը, երբ մասնակիցներից մեկը մյուս ուժերի նկատմամբ ահաբեկման միջավայր է ստեղծում, ՍԴ-ն պետք է առնվազն այդ խախտումները գնահատեր, դիմեր ազդեցության գնահատման միջազգային փորձին, ԲՀԿ-ին վերադարձներ իշխանությունների կողմից գողացված իր մանդատները, սահմաներ մանդատների բաշխման նոր կարգ կամ նշանակեր ընտրությունների 2-րդ փուլ: Լավագույն լուծումը կլիներ ընտրությունների 2-րդ փուլի անցկացումը: 
  • Ընտրախախտումները, դրանց էական բովանդակությունը, դատավարություններում դրանց վերաբերյալ ապացույցները պետք է հետագայում լայն լուսաբանում ստանան, որպեսզի և մեր, և միջազգային հանրությունը տեղյակ լինի այն մասին, թե ինչու են այս ընտրությունները ոչ լեգիտիմ։
  • Մանդատները չվերցնելը կարող էր հանգեցնել շատ ճակատագրական հետևանքների։ Խոսքը վերաբերում է ընդհանրապես ընդդիմությանը, թեև «Բարգավաճ Հայաստանը» չստացավ իր մանդատները, բայց եթե նույնիսկ ստանար, դրանցից հրաժարվելը նույնպես կարող էր վատ անդրադառնալ։ 

Այդ մասին տարբեր գործընկերներ բազմիցս խոսել են, և ես միանում եմ նրանց այն համոզմունքին, որ իշխող ուժն ուներ բոլոր հնարավորությունները, որպեսզի Ընտրական օրենսգրքի ոչ էական փոփոխությունների միջոցով հնարավորություն ստեղծեր հետևյալի համար. եթե ընդդիմադիրները հրաժարվեին իրենց մանդատներից, դրանք կփոխանցվեին հաջորդ առավելագույն ձայներ ստացած կուսակցություններին, որոնք իրենց համար ցանկալի ու կառավարելի ուժեր էին։ Իշխանության տրամաբանությունն այն էր, որ եթե չէիք ուզում մանդատները վերցնել, ապա չմասնակցեիք ընտրություններին։ Արդյունքում՝ մենք փաստացի կունենայինք միակուսակցական խորհրդարան, որն առանց որևէ խնդրի առաջացման՝ կիրականացներ իր ծրագրերը։ Ես չեմ խոսում այն դատարկ հռետորաբանության մասին, երբ դեռ 2018 թվականից սկսած որոշ կեղծ ընդդիմադիրներ փորձում էին խորհրդարանում ընդդիմության առկայության պատրանք ստեղծել։ Իրականում մենք էության մեջ կունենայինք միակուսակցական խորհրդարան, և վստահաբար Սահմանադրությունը կփոփոխվեր կամ առնվազն հանրաքվեի հարցը կլուծվեր։ 

Բացի այդ, խորհրդարանն այլևս չէր լինի այն հարթակը, որտեղ ընդդիմությունը կկարողանար օգտագործել իրեն վերապահված լայն հնարավորությունները։ Այլ հարց է, թե իշխող ուժն ինչպես էր խոչընդոտելու դրանց իրականացմանը, բայց դրա դեմ նույնպես կան պայքարի որոշակի միջոցներ։ Այդուհանդերձ, մանդատները վերցնելով հանդերձ, այս ընդդիմությունը պետք է գործի չափազանց խելամիտ ճանապարհով։ Այն պետք է հստակ ձևակերպի իր տեսլականն ու մոտեցումները, ունենա հստակ մարտավարություն թե՛ խորհրդարանում, և թե՛ խորհրդարանից դուրս՝ հատկապես հանրության հետ աշխատելու տեսանկյունից։


  • Մյուս կողմից վտանգ կա, որ մանդատները վերցնելով՝ ընդդիմությունը կարող է հայտնվել նույն այն իրավիճակում, որում հայտնվել էր 2021 թվականին։ Օրինակ՝ այդ ժամանակ խոշոր ընդդիմադիր ուժը նոր ընտրություններում կորցրեց իր ձայների մոտավորապես կեսը, իսկ մյուս ուժն ընդհանրապես չմասնակցեց ընտրություններին։ Այսպիսով, գոյություն ունի այդ իրավիճակի կրկնության վտանգը, այն էլ՝ մի ժամանակաշրջանում, երբ կանգնած ենք օրհասական ու ճակատագրական մարտահրավերների առջև։

Բայց դրանով հանդերձ՝ այսօրվա ընդդիմադիրները պետք է վերցնեն մանդատներն ու աշխատեն մարդկանց հետ մասնավորապես Խորհրդարանից դուրս: 

  • Այնպես որ, մանդատները վերցնելն անխուսափելի է, բայց մեծ է նաև ձախողվելու և ձայները կորցնելու վտանգը։ Միակ լուծումը թույլատրելի այլընտրանքային կառուցակարգերի միջոցով ընդդիմության գործունեության ապահովումն է՝ ԱԺ-ից դուրս։ Պետք է ունենալ օրենսդրական աշխատանքի ռազմավարություն, մշակել և քննարկման ներկայացնել միայն այդպիսի օրինագծեր, իսկ այլ հարցերում դրսևորել իշխող ուժի հիմնական դերակատարների անտեսման մարտավարություն։
  • Պետք է ստեղծել միասնական ընդդիմադիր հարթակ Խորհրդարանից դուրս և Խորհրդարանի ներսում: Բոլոր աշխատանքները պետք է կոորդինացվեն մեկ կենտրոնից՝ ծրագրային դրույթներից բխող մոտեցումներով. պետք է պահպանել և ավելացնել ընդդիմության վստահությունը: Սխալներ չի կարելի թույլ տալ: Դրանք կարող են կանխորոշել մեր երկրի ապագան:
  • Այն ընդդիմադիր ընտրողները, որոնք իրենց ձայնը տվել են ընդդիմությանը, դա չեն արել Ազգային ժողովում շոուներ տեսնելու համար։ Պետք չէ դառնալ այդ շոուների կամա թե ակամա մասնակիցը, քանի որ դրանք որևէ նշանակություն կամ արդյունք չեն ունենալու։ 
  • Միանշանակ պետք է վերցնել ընդդիմությանը հասանելիք պաշտոնները, քանի որ դա ընդդիմությանը տրված ինչ-որ նվեր չէ, այլ օրենքով սահմանված իրենց հասանելիք լիազորություններն ու հնարավորությունները, որքան էլ վտանգը մեծ լինի, որ կկրկնվի Իշխան Սաղաթելյանի կամ Արթուր Ղազինյանի դրվագը…
    Այդուհանդերձ, թող նաև խորհրդարանի ներսում ստեղծվի այդ ապալեգիտիմ միջավայրը. այս խորհրդարանն այսպես թե այնպես լեգիտիմ չէ, բայց թող այդ անօրինականությունը երևա նաև ընթացակարգերի տեսանկյունից։ Իսկ եթե, այնուամենայնիվ, հնարավորություն ստեղծվի, և իրենք ստանձնեն այդ պաշտոնները, բնականաբար, կներգրավվեն խորհրդատուներ, որոնք կուղղորդեն նրանց, թե ինչպես արդյունավետ աշխատել այդ պաշտոններում։
  • Եթե կար վտանգ, որ ընտրություններին մասնակցելը կարող էր հանգեցնել ձայների փոշիացման, ուրեմն ճիշտ էր չմասնակցելը, բայց եթե սոցհարցումները ցույց էին տալիս, որ ՀՀԿ-ն անցնելու շանս ուներ, պիտի մասնակցեին ընտրություններին:

  • Եթե Նիկոլ Փաշինյանը լիներ հանրապետության նախագահ՝ կիսանախագահական կամ նախագահական կառավարման համակարգում, ըստ Ձեզ՝ ինչպե՞ս էր կառավարելու։ Մի՞թե այլ կերպ, քան հիմա է անում։ Ակնհայտ է, չէ՞, որ նա մեծամասնություն էր ունենալու նաև խորհրդարանում։

Ո՞րն է կիսանախագահական կառավարման ձևի առանձնահատկությունը. եթե նախագահը խորհրդարանում ունենում է սեփական մեծամասնությունը (փոքր-ինչ պարզեցված ձևակերպմամբ), նա ստանում է գերհզոր, գերնախագահական լիազորություններ և գործնականում չի վերահսկվում խորհրդարանի կողմից։ Այսինքն՝ ստեղծվելու էր լիակատար ամենաթողության միջավայր։

Բավական է ուղիղ նայել Ֆրանսիայի ներկայիս պրակտիկային, որտեղ գործող նախագահը, նույնիսկ խորհրդարանական մեծամասնություն չունենալով, միևնույն է՝ փորձում է գերիշխել օրենսդիր մարմնի նկատմամբ։ Այդպիսին է կիսանախագահական համակարգը։ Իսկ եթե նախագահն ունի այդ մեծամասնությունը, ապա նրա ճանապարհին որևէ խոչընդոտ չի լինում։ Սա՝ ի տարբերություն լիարժեք նախագահական համակարգի, որտեղ խորհրդարանը հստակ վերահսկողություն ունի կառավարության նկատմամբ, որի ղեկավարն անձամբ հանրապետության նախագահն է։

Այսինքն՝ մենք ունենալու էինք զուտ տեխնիկական մի վարչապետ, որին իբրև թե պետք է վերահսկեր խորհրդարանը, մինչդեռ իրական որոշումներ կայացնող նախագահը դուրս էր մնալու այդ վերահսկողությունից։ Սա էր մեր նախկին պրակտիկան, և հենց դրա համար էլ մենք հրաժարվեցինք այդ համակարգից։ Փոխարենը՝ փորձեցինք ներդնել գործադիր իշխանության բարձրագույն մարմնի՝ կառավարության նկատմամբ լիակատար խորհրդարանական վերահսկողության մոդելը։

Սրանից դժգոհում են ինչ-ինչ, այսպես կոչված, ընդդիմադիրներ, և ես նրանց տալիս եմ հետևյալ հարցերը.

Առաջին՝ եթե Փաշինյանը լիներ հանրապետության նախագահ՝ կիսանախագահական համակարգի շրջանակներում, դուք ի՞նչ էիք անելու։

Եթե մտածում եք, որ դուք էիք լինելու իշխանության ղեկին՝ ստանձնելով վարչապետի պաշտոնն ու ստանալով խորհրդարանական մեծամասնություն, արդյո՞ք չեք կարծում, որ նախագահական ընտրությունները պարզապես կկեղծվեին։ 

  • Հարգելի ընդդիմադիրներ, հերթական կամ արտահերթ ընտրություններում ստացե՛ք սահմանադրական մեծամասնություն, մշակե՛ք Սահմանադրության փոփոխության ձեր հայեցակարգը, փոխե՛ք Սահմանադրությունը, եթե, իհարկե, դրա համար կստանաք համապատասխան քվեներ։
    Բայց այսօր դուք երկրորդում եք իշխող ուժին՝ թեկուզև այլ պատճառաբանությամբ։ Ընդ որում, երբեմն բացարձակ մտացածին ու նույնիսկ անհեթեթ հիմնավորումներով եք ձայնակցում նրանց ու դառնում Սահմանադրությունը փոխելու ջատագովը՝ փորձելով ապալեգիտիմացնել մեր Մայր օրենքը, ճիշտ այնպես, ինչպես անում է իշխող ուժը։ Դուք պարզապես կրկնում եք նրանց քայլերը, և այստեղ ձեր շարժառիթները բացարձակապես կապ չունեն։ Եթե կիսանախագահական համակարգի անցնելու խնդիրը ձեզ համար այդքան առանցքային նշանակություն ունի, ուրեմն միացե՛ք իշխանությանն ու միասին փոխեք Սահմանադրությունը։ 
  • Այդ «սուպերվարչապետական» մոդելի վերաբերյալ խոսակցություններն իրականում բարբաջանքներ են և չեն համապատասխանում իրականությանը։ Սուպերվարչապետական մոդել գոյություն չունի, կա հակասահմանադրական կառավարում։ Այո՛, նա ինքն է իրեն դարձրել սուպերվարչապետ։ Բայց դա չի նշանակում, որ կառավարման մոդելն է այդպիսին։ Բա ինչո՞ւ եք խոսում այն մասին, որ նա հակաօրինական օրենքներ է ընդունում կամ ոտնահարում է Սահմանադրությունը։ Չէ՞ որ Մայր օրենքում գրված չէ այն ամենը, ինչ նա հիմա անում է։ Խնդիրը հենց սրանում է։
    Թույլ տվեք նման բարբաջանքներ ներկայացնողներին մի քանի հարց ուղղել. եթե մենք ունենայինք լեգիտիմ Սահմանադրական դատարան, ինչպիսի՞ն կլիներ իրերի դասավորվածությունը մեր երկրում։ Նկատի ունեմ այնպիսի Սահմանադրական դատարան, որը երաշխավորված է այս Սահմանադրությամբ։ Իհարկե, նախորդ կազմով գործող Սահմանադրական դատարանը լեգիտիմ էր, բայց եթե պահպանվեր հատկապես այս Սահմանադրության ուժով ձևավորված և իրապես լիակատար անկախություն ստացած Սահմանադրական դատարանը, արդյո՞ք այս իշխանությունները կկարողանային ապօրինությունների միջոցով գերիշխանություն հաստատել, կամ, ինչպես դուք եք ասում, բռնապետություն կառուցել։ Իհա՛րկե ոչ։
    Այդ դեպքում ինչի՞ց եք դժգոհում։ Չէ՞ որ այս ինստիտուտները ձևավորվել են հենց Սահմանադրության կոպտագույն խախտումների արդյունքում։

Եթե մենք ունենայինք ոչ թե բուտաֆորիկ, այլ իրական հանրապետության նախագահ, որն օգտվում էր Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններից ու իրականացնում իր համախմբող գործառույթը, նա շատ բան կարող էր փոխել։ Ուստի, եթե դեմ եք կառավարման այս մոդելին, խոսե՛ք առարկայական, այլ ոչ թե ձեր երևակայական պատկերացումները վերագրեք Սահմանադրությանը։

 Եթե ընդդիմությունը չկարողանա բացառել ձայնագողությունը, մանդատները վերցնելը դառնում է բացարձակ իմաստազուրկ: Եթե Փաշինյանի մոտ դա ստացվի, նա կունենա սահմանադրական մեծամասնություն, և ընդդիմության դերակատարությունը կզրոյանա: Ձայնագողությունը ցույց կտա ընդդիմության սնանկությունը: Բոլոր օրինական միջոցները պետք է գործադրել, Խորհրդարան ուղարկել այնպիսի մարդկանց, ովքեր ունեն կայուն նկարագիր: 

  • Եվրոպական արժեքները պետք է փրկել հենց եվրոպական առաջնորդներից: Պետք է աշխատել Սփյուռքի հետ, փորձել նրանց միջոցով ներազդել այդ երկրների իշխանությունների վրա: 
  • ՀՀ գործող իշխանությունների ձեռամբ, կարծես թե, ցանկանում ենք վերջնականապես հանգրվանել այդ հակառուսական ճամբարում։ Թեև դեռ լիովին չենք տեղավորվել այնտեղ, բայց միանշանակ ձգտում ենք միանալ Ռուսաստանի դեմ մղվող հիբրիդային պատերազմին։ Ընդ որում՝ այդ ճամբարը ոչ թե պրոեվրոպական է, այլ պարզապես հակառուսական։ Սա, անշուշտ, ճակատագրական հետևանքներ է ունենալու Հայաստանի համար։

Ի՞նչ վտանգներ են թաքնված այս իրողության մեջ. երբ դու ուղղակիորեն ոչնչացնում ու խարխլում ես ներկայումս գործող անվտանգային համակարգը՝ առանց որևէ այլընտրանք ունենալու (թեկուզև այդ համակարգն այնքան էլ հստակ չի գործում), հայտնվում ես քաոսային միջավայրում, որտեղ քեզ հետ կարող է պատահել ցանկացած աղետ։

Այս իշխանություններն այնքան արկածախնդիր են, որ Հայաստանի Հանրապետությամբ խաղադրույք են կատարում աշխարհաքաղաքական կազինոյում: 

  • Ընդդիմությունն իշխանափոխության հասնելու գերխնդիր ունի և բոլոր իրավաչափ գործիքներով հնարավորինս արագ պետք է հասնի դրան՝ երբեք չգործելով ռեակտիվ: Հուսահատությունը չպետք է հանգեցնի ներկայիս ընդդիմության ջլատմանը: Բոլոր հարթակներում պետք է ճիշտ աշխատել հանրության հետ:
  • Ներկայիս ՍԴ-ից ակնկալել, որ նա կպաշտպանի սահմանադրական կարգը, հնարավոր չէ: 2020թ. «սահմանադրական փոփոխությունների» տրամաբանությունը հենց այսպիսի ՍԴ ունենալն էր: 
  • Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակելով՝ ինքը փորձում է ուժային ճանապարհով հաղթահարել ճակատագրական հարցերով ընդդիմության հնարավորությունները:
  • Ես չեմ կարող բացառել, բայց կասկածում եմ, որ նա շատ արագ կգնա նոր արտահերթ ընտրությունների: Ինքը կփորձի թյուրքական պահանջները կատարել հնարավոր բոլոր եղանակներով, եթե չստացվի, հակասահմանադրական եղանակներով:
  • Այս Խորհրդարանը երկար կյանք կունենա՞, թե՞ չէ, կախված է աշխարհաքաղաքական կենտրոնների տրամադրություններից, ընդդիմադիրների տրամադրվածությունից և քաղաքական առաջնորդությունից:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031