ԽԱՂԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ. գաղտնի «Զրույց անտառում» կամ՝ «Բորատ-2». Պուտինը դիմում էր ժողովրդին. Փաշինյանը Արևմուտքից Զելենսկու քարտ-բլանշից ստացավ. Արթուր Մարտիրոսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Փաշինյանը սահմանադրական մեծամասնություն չստացավ, բայց ստացավ խաղի շարունակություն: Եթե Պառլամենտ մտնեն, Փաշինյանը կփորձի ընդդիմադիրներից մի քանի հոգի գրավել իր կողմ: Դա է իր հույսը, որովհետև եթե դա չանի, կառույցը կփլվի…
  • Փաշինյանն ընտրությունների գիշերը հասկացել էր, որ կարող էր ավելի վատ լինել, քան այն, ինչ ինքը ստացավ:
  • Տարօրինակ բան էր տեղի ունենում: ԲՀԿ-ի թվերը տարօրինակ կերպով էին փոխվում, և եղավ այն, ինչ եղավ, որովհետև եթե թույլ տար ԲՀԿ-ն էլ անցներ, ամեն բան ավելի վատ կլիներ իր համար: Դրա համար էլ չթողեց…
  • 8 տարի է՝ այս իշխանությունը պետության ղեկին է, և չգիտես ինչու՝ նոր են ասում՝ կա՛մ մնում են ռուսականության գծում, կա՛մ ոչ: Պարզ է, որ հակառուսականությունը սրելու համար Փաշինյանն Արևմուտքից ընտրություններում քարտ-բլանշ է ստացել:

Կարդացեք նաև

  • Դեռ 1991թ.-ից արևմտյան ուժերն ուզում էին Ռուսաստանը դուրս մղել այստեղից. չստացվեց, բայց այդ ուժերը չէին քնել և սպասում էին իրենց ժամին, իրենց հարմար պահին ու հասան իրենց նպատակին… Ռուսաստանը պետք է պաշտպանվի, և դա կբերի շատ լուրջ հետևանքների, ես նույնիսկ չեմ բացառում, որ Եվրոպայի հետ ևս բախում կլինի…
  • Այս պահին Եվրամիության կառավարող ուժը՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն Դեր Լայենը, Մարթա Կոսն ու Կայա Կալասն են մեզ համար կարևոր որոշումներ կայացնողները: Եվ երբ լսում ենք, որ Եվրոպան, ի դեմս Գերմանիայի, ասում է՝ մենք պետք է մինչև 2030թ. պատրաստ լինենք Ռուսաստանի դեմ պատերազմի, սա ի՞նչ է ենթադրում՝ դիմացի կողմը պատրաստ չպե՞տք է լինի: Սա լուրջ մարտահրավեր է, որովհետև երբեք չես կարող կռահել՝ այսպիսի էսկալացիոն ֆազն ինչով է ավարտվելու:
  • Եվրոպան ամեն ինչ անում է, որ իրենց պրոքսին՝ Ուկրաինան, հաջողության հասնի, իսկ դրա համար պետք է, որ Ռուսաստանն իրեն պարտված հայտարարի, բայց դա չի կարող լինել: Ռուսները պետք է ցույց տան, որ չեն ուզում կտրուկ քայլերի գնալ, բայց ստիպված են և պետք է գնան: Մինչև ամառվա վերջ Դոնեցկի ողջ տարածքը կլինի ռուսական վերահսկողության ներքո, բայց Զելենսկին կանգ չի առնի, կշարունակի:
  • Ռուսաստանը մեզ ասում է՝ կողմնորոշվե՛ք, մեզ հստակ ասե՛ք՝ մեզ հե՞տ եք, թե՞ մեր թշնամու: Ու այստեղ չես կարող ասել՝ մենք ձեզ հետ ենք, բայց… գիտե՞ք, մի քանի լրտես ենք բռնել, որ ձեր օգտին էին աշխատում… Այդպես չես կարող ասել, դա ծիծաղելի է: Փաշինյանը փորձելու է երկկողմանի խաղ խաղալ՝ լինել Եվրոպայի և Ռուսաստանի հետ: Մեկին մի բան կասի, մյուսին՝ մեկ այլ:
  • Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ Պուտինը դիմում էր հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին: «Հա՛մ Եվրոպա, հա՛մ Ռուսաստան» խաղերի ժամանակն ավարտվել է: Այդպիսի խաղեր խաղալու համար Փաշինյանի ու հայ ժողովրդի ռեսուրսները սահմանափակված են: Փաշինյանը եթե խելք ունենար, կհասկանար, որ այս փուլում չպետք է մտներ Ռուսաստան-Արևմուտք հակամարտության մեջ, բայց ինքն այդտեղ հնարավորություն տեսավ. նրան, ինչպես և Զելենսկուն, քարտ-բլանշ են տվել:
  • Պարզ է, չէ՞, որ դու կամ պետք է լինես Չինաստան-Ռուսաստան-Իրան եռանկյունու մեջ, կամ Թուրքիա-Ադրբեջան-Արևմուտք միության: Փաշինյանն ընտրել է Թուրքիա-Ադրբեջան-Արևմուտք  միության եռանկյունին: Այդ տարբերակը նրա համար խաղի մեջ մնալու հնարավորություն է:
  • Ալիևի համար Սփյուռքը, հայ եկեղեցին, դաշնակցականներն ու հայ ժողովուրդը թշնամի են, որովհետև նրա համար բոլոր հայերը դաշնակ են:

  • Փաշինյանն ադրբեջանցիների ու թուրքերի համար չտեսնված պարտնյոր է, որի նմանը չունեն, չեն ունեցել և չեն ունենալու երբե՛ք: Ինչ ուզում են՝ Փաշինյանն անում է նրանց համար: Եվ եթե նա քեզ համար այդպիսի կարևորության պարտնյոր է, դու պետք է օգնես նրան, որ նորից վերընտրվի: Դրա համար Հայաստանից իրենց պահանջների ամբողջական ցանկը նրանք այս ընթացքում դեռ չէին հրապարակում, որ Փաշինյանի վերընտրվելուն չխանգարեն: Ընտրություններից հետո հիմա արդեն եկել է աստիճանաբար իրենց պահանջները Հայաստանին ներկայացնելու ժամանակը: Ադրբեջանը երբեք իր ռազմավարական նպատակներից չի հրաժարվել: Եվ երբ Հայաստանում կա իշխանություն, որն իր ժողովրդին ամեն վայրկյան վախեցնում է պատերազմով, հիմա պահն է, որ նա իր վախերը կյանքի կոչի ու կատարի Ադրբեջանին տված խոստումները… Բայց չի կարող, որովհետև Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով նա չունի սահմանադրական մեծամասնություն: Ամեն ինչ անում էր, որ ունենա սահմանադրական մեծամասնություն: Բայց այդ խնդիրների մասին հեռախոսով խոսել չի լինի, կարող է այլ երկրներ լսեն իրենց խոսակցությունը, ամբողջը բացահայտվի, դրա համար էլ Հաջիևը եկել էր Հայաստան: Դա բանակցային գործի մեջ կոչվում է ՝ զրույց անտառում (talk in the woods): Ադրբեջանցիների՝ Հայաստան գալու հարցն այդ համատեքստում պետք է քննարկել. պահանջներն արդեն ներկայացվում են: Եթե դա տեղի ունենա, ադրբեջանցիներն աստիճանաբար կստանան ավտոնոմիա, Պառլամենտում՝ ֆրակցիա: Ալիևը կասի՝ ուզում են, թող հայերն էլ վերադառնան՝ վստահ իմանալով, որ հայերն Ադրբեջան չեն գնա: Ո՞ր հայն է վերադառնալու Ադրբեջան՝ մի երկիր, ուր իրենց ազգային հերոսը հային քնած ժամանակ գլխատած մարդն է: Ադրբեջանը՝ որպես պետություն, կանգնում է իր քաղաքացու մեջքին, ասում է՝ ադրբեջանցիները պետք է վերադառնան, և իրենք պետք է ունենան իրավապահ մարմիններ, նրանց անվտանգությունն ապահովող մարմիններ, ոչ թե Հայաստանի պես, որը տեր չի կանգնում իր քաղաքացիներին, որոնց մի մասը գտնվում է Բաքվի բանտերում… 
  • Դու վարչապե՞տ ես, թե՞ դատական համակարգի ներկայացուցիչ: Օրենք չկա՞ այս երկրում, որ ասում ես՝ ընդդիմադիրներին ջախջախելու եմ, նստացնելու եմ… կամ քաղաքապետը որ ասում է՝ կաշիներդ կքերթեմ: Իրական պառլամենտական հանրապետություններում նման մարդիկ ակնթարթորեն հրաժարական կտային: Իսկ Եվրոպան, բնականաբար, սրա վրա աչք է փակելու, որովհետև սա իրենց պետք է, իրենց ինչ պետք է՝ անում է: Սրա արդյունքը լինելու է այն, որ մեր ժողովուրդը հիասթափվելու է եվրոպական ժողովրդավարությունից:
  • Իրան-ԱՄՆ հարաբերությունների մեջ անորոշությունները չեն ավարտվում: Դեռ հայտնի չէ՝ ԱՄՆ-ի ընտրություններից հետո ի՞նչ կլինի:
  • Եթե այսօրվա պայմաններում հետագայում լինի հայկական պետություն, դա լինելու է ամբողջովին Ադրբեջանից ու Թուրքիայից կախված պետություն, որ հայկական ոչ մի սերունդ երբևէ չկարողանա վերադառնալ մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը եղած ազգային նպատակներին: Ու թող մեկն ինձ ասի, որ դա այդպես չի լինելու:

  • Խաղաղության տարբեր տեսություններ կան, բայց չկա տեսություն, որ միայն մի կողմի ուզելով լինի խաղաղություն. խաղաղություն պետք է ուզենան երկու կողմերն էլ ու դրան ուղղված հստակ գործողություններ պետք է անեն երկու կողմերը: Մեր դեպքում լինելու է պարտադրված խաղաղություն, այնպիսի վիճակ, երբ մեզ ամեն անգամ ասելու են՝ եթե չես ուզում պատերազմ, սա էլ պիտի տաս, նա էլ, մյուսն էլ:
  • Մարկո Ռուբիոյի բերած փաստաթղթերից մեկը Հայաստանի հանքանյութերի վերաբերյալ փաստաթուղթն էր: Դա ստացվեց. Հայաստանի հանքանյութերն իրենք ստացան: Կայացած երկրների դիվանագիտության խնդիրը սեփական շահերն առաջ տանելն է: ԱՄՆ պետքարտուղարը չի կարող ստորագրել մի փաստաթուղթ, որն իրենց շահերից չի բխում:
  • Չինացիներն ունեն շատ երկար հիշողություն: ՔՊ-ականները երևի չեն հիշում, բայց ես իրենց հիշեցնեմ, որ հենց իրենք եկան իշխանության, միացան հակաչինական ճամբարին, ստորագրեցին ինչ-որ պրոույղուրական փաստաթուղթ, որը ոչինչ չտվեց իրենց: Չինացիները ոչինչ չասացին, չեն էլ ասի, բայց կհիշեն: Չինաստանը դեռ Նիկոլ Փաշինյանին չի շնորհավորել:

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ժամանակին անդրադարձել էր «Տապալված հայ-չինական հարաբերություններին. 

1. 2019թ. մայիսին ՀՀ վարչապետն այցելեց Չինաստան: Բարձր մակարդակի հանդիպումների արդյունքում ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ (այդ թվում՝ «Ճանապարհ և գոտի»-ի մասով, սակայն իշխանությունների անհետևողականության և դիլետանտության պատճառով դրանք կյանքի չկոչվեցին: Չինական կողմ,ը բնականաբար, արեց հետևություններ:

 2. 2019թ. Հայաստան այցելեց Թայվանի էկոնոմիկայի նախարարը: Այնինչ, մենք Չինաստանի հետ ստորագրված հռչակագիր ունենք, համաձայն որի՝ ՀՀ-ն պարտավորվել է Թայվանի հետ որևէ պաշտոնական կապ չհաստատել: Բնականաբար, եղան հերքում/պարզաբանում/երդումներ, սակայն չինական կողմում հետևություններն արդեն արված էին: 

3. 2019թ. Հայաստանը միացավ Կրոնական ազատության միջազգային ալյանսին: Մի շարժում, որն ընդգծված հակաչինական բնույթ ունի, և Թրամփի վարչակազմը դա չէր էլ թաքցնում: Հայկական կողմը փորձեց հիմնավորել «անհիմնավորելին»: Չբերվեց որևէ լուրջ փաստարկ, թե ինչով է այդ շարժմանը միանալը բխում ՀՀ շահերից: Չինական կողմն իր հետևություններն արեց:

Բա այսքանից հետո էլ դեռ զարմանում եք ՄԱԿ ԱԽ-ում Չինաստանի դիրքորոշման վրա»,- գրել էր նա:

  • «Բորատ-2» ֆիլմում լավ կլիներ՝ այդ տեսարանը լիներ. Ինչպես է Ղազախստանը Փաշինյանին պարգևատրում Ղազախստանի բարձրագույն պարգևով:

  • Կառավարության նիստում այսօր ԵԱՏՄ-ի մասին հարցադրում հնչեցնելով, ասելով՝ «ԵԱՏՄ, դուք կա՞ք, թե՞ չկաք», Փաշինյանը դա ասում է ոչ թե ներքին լսարանի, այլ Ռուսաստանի համար, բայց ռուսների հետ այլընտրանքային խաղը շարունակելն այլևս անիմաստ է, հատկապես, որ դու այլընտրանք չունես: Փաշինյանը թերագնահատում է ու չի հասկանում Ռուսաստան-Ղազախստան խորքային խաղը: 

Հիշեցնենք, այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ես իմ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են։ Պետք է հասկանանք՝ ինչ է դա նշանակում գործնականում, ԵԱՏՄ ցանկացած երկիր ցանկացած երկրի հետ կապված կարո՞ղ է այսպիսի որոշումներ կայացնել, մի օր արթնանան ու որոշումներ կայացնեն: Իմ գնահատմամբ՝ եթե այս հարցի պատասխանն «այո» է, ուրեմն՝ ԵԱՏՄ-ն հայտարարում է ինքնալուծարման մասին, և մենք էլ պետք է այստեղից հետևություններ անենք»,- նշել էր նա։

  • Ես որպես քաղաքացի՝ հարց ունեմ Արարատ Միրզոյանին՝ կոնկրետ թվերով կարո՞ղ եք ասել՝ մեր ապրանքները ո՞ր երկրներ ու որքա՞ն եք ուղարկել:
  • Զելենսկին գնաց Ադրբեջան, հատուկ ընտրեց Գաբալան, որտեղից ռուսներին հանել էին, բայց նա այնտեղ չարեց հակառուսական հայտարարություններ: Դա արեց Հայաստանից:

Հիշեցնենք, Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի լիագումար նիստի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարություններ արեց Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի և Վ. Պուտինի հասցեին, և սպառնալիքներ հնչեցրեց.

«Այս ամառը լինելու է այն պահը, որ Պուտինը պետք է որոշի, թե ինչ անի՝ ընդլայնի՞ պատերազմը, թե՞ անցում կատարի դիվանագիտությանը, մենք պետք է նրան մղենք դիվանագիտություն: Ռուսաստանը մայիսի 9-ին շքերթ է անցկացնելու ռազմական տեխնիկայով։Եթե դա տեղի ունենա՝ առաջին անգամ է լինելու, որ նրանք չեն կարողանալու ցույց տալ իրենց ռազմական տեխնիկան, վախ սփռող ԱԹՍ-ները բզզալու են Կարմիր հրապարակի վրա։ Սա ցույց է տալիս, որ նրանք ուժեղ չեն, պետք է շարունակենք մեր պատժամիջոցները նրանց դեմ»,- նշել էր նա:

Զելենսկին Հայաստանից միջազգային հանրությանը կոչ էր արել շարունակել Ռուսաստանի նկատմամբ քաղաքական և տնտեսական ճնշումները։

Ռուսաստանը, բնականաբար, շատ կոշտ արձագանքեց այս հայտարարություններին, որոնք արվեցին հենց Հայաստանից:

  • Եթե ընդդիմությունը միավորվեր այս ընտրություններից առաջ, ընտրողների 60% չկողմնորոշված մասը կկողմնորոշվեր իրենց օգտին ու կգնար ընտրությունների: Եթե բոլոր հարցումներով դու, որպես կուսակցություն, հավաքում ես 2-3.5% ձայն, ուրեմն դու էլ պետք է անեիր այն, ինչ արեց ՀՀԿ-ն ու ճիշտ արեց, ասաց՝ չենք մասնակցում, բայց ամեն կերպ աջակցում ենք ընդդիմությանը: Դա կարևոր էր էթոսի ձայնը չկորցնելու համար: Միավորվելով որպես հավաքական ընդդիմություն՝ պետք էր հայտարարել, որ՝ ես մեծամասնություն եմ ու Պառլամենտ գնալով՝ այս պահին այլ ծրագրերի մասին չեմ հայտարարելու, այլ գնում եմ փոխելու այս իշխանությունը, կանգնեցնելու այս աղետը: Հաղթանակը փոքր բաներից է բաղկացած:
  • Բարոյական տեսակետից միանշանակ ճիշտը մանդատները չվերցնելն է, բայց քաղաքականությունը միայն բարոյականությունը չէ: Մենք չենք կարող մեզ թույլ տալ բարոյական հաղթանակ տանել, ինչպես Ավարայրի դեպքում է ասվում, որովհետև մանդատները չվերցնելը գետնի վրա պարտություն է: Բայց վերցնելով մանդատները՝ պետք է հստակ ասել քո ընտրազանգվածին՝ ինչ ես անելու, որն է լինելու քո նպատակը, քո ծրագիրը: 
  • Նիկոլ Փաշինյանը նոր ընտրությունների չի գնա, կանի ամեն ինչ, որ Սահմանադրական դատարանն էլ կայացնի այն որոշումը, որն իրեն պետք է: Ընտրությունների արդյունքները տեսնելով՝ Փաշինյանը հասկացել է՝ միայն լիդերներին կալանավորելով ոչինչ չի ստացվում, պետք է կոտրել մարդկանց կամքը ռեպրեսիաների նոր ալիքի միջոցով, որպեսզի հայ ժողովուրդը դիմադրության որևէ հնարավորություն այլևս չունենա, չկարողանա այլևս ոտքի կանգնել:

  • Ինքն ընդդիմությանը կոչ է անում հեղափոխություն անել, այն դեպքում, եթե որևէ այլ մեկը նման հայտարարություններ աներ, բանտում կհայտնվեր:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930