Ադրբեջանի ղեկավարի բարձր հավակնություններն ու բանակցություններում դրսևորած նրանց վարքագիծը նման չէ պատերազմի էջը փակելուն. Տիգրան Աբրահամյան

Օրերս ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել Արցախի Պաշտպանության բանակում իր զինվորական ծառայության մասին, որտեղ նաև նկատել էր. «Բանակը կա ու ծառայություն է կազմակերպում` այսքան հարվածներից ու թիրախավորումից հետո, նաև՝ ՊԲ դարբնոցի և նրանով անցած մարդկանց շնորհիվ է»:

Հնարավոր է՝ ընդդիմադիր տարբեր շրջանակներ զարմանան այս գրառումը կարդալով, չհամաձայնեն, որ «բանակ կա…», ավելին, նույն ՊԲ-ով անցած շատ զինվորականներ այսօր, մեղմ ասած, միանշանակ չեն ընկալվում, անգամ նրանք, ովքեր անցյալ ունեն, կամ՝ հենց նրանք:

Այս և բանակին առնչվող մի շարք հարցերի շուրջ զրուցել ենք ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ:

Այն, որ բանակում ծառայության կազմակերպումը, մարտական պատրաստությունը, մարտական հերթապահությունը մեծաթիվ խնդիրներով է իրականացվում, այդտեղ նույնիսկ քննարկելու հարց էլ չկա: Ինչ վերաբերում է սպաներին, հրամանատարներին, ապա այստեղ որոշակի նրբություններ կան, որոնք անհնար է հաշվի չառնել: Մի բան է Պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբը, Գլխավոր շտաբի պետը, մեկ այլ բան, օրինակ` գումարտակային, զորամասային օղակը, որոշակի վերապահումներով զորամիավորումների և կենտրոնական ապարատի առանձին ծառայողներ: Երբևէ ճիշտ չեմ համարել, երբ բոլորին մեկ ընդհանուր կաթսայի մեջ են դիտարկել: Այդպիսին իշխանության քաղաքականությունն է, երբ առանձին վիճահարույց կամ արատավոր միջադեպ պրոյեկտում է բոլորի վրա, անվերջ վարկաբեկում և թիրախավորում զինված ուժերը: Կա պատասխանատվության ինստիտուտ, զինվորական ու քաղաքական պաշտոններ, և այլն:

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանի, Բաքվի համար այսօրվա բանակը կարո՞ղ է սպառնալիք լինել։

– Բաքվի համար վտանգավորն և սպառնալիք է դիտարկվում մարտունակ, գաղափարապես կուռ և նպատակաուղղված, իր նպատակներին գնացող բանակը: Իշխանությունը նույնիսկ վախենում է ձևակերպել՝ ո՞րն է բանակի խնդիրը, ի՞նչ առաջնահերթություններ են նրա առջև դրված:

– Ի՞նչ եք կարծում, Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը, ով պահանջել էր սահմանափակումներ սահմանել ՀՀ զինված ուժերի նկատմամբ, Հայաստանում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը բարձրացրե՞լ է բանակի զինվածության հարցը: Այսինքն, բանակի նկատմամբ սահմանափակումները կարո՞ղ ենք տեղավորել իրավիճակի կառավարման տրամաբանության մեջ, եթե հաշվի առնենք, որ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը վերջերս, մասնավորապես, հայտարարել էր. «Մեզ պետք է սահմանադրական մեծամասնություն, որ բացառենք պատերազմը, եթե մենք հիմա չկառավարենք էս իրավիճակը, և ընկալում ստեղծվի, որ ՀՀ-ում 500.000 մարդ կա, որ ասում է՝ պիտի Ղարաբաղի շարժումը շարունակենք, այսինքն, պատերազմի եռագլուխ կուսակցության օգտին արձանագրած ձայների գումարն եմ ասում, դա լրջորեն կսրի ռազմաքաղաքական վիճակը ՀՀ-ում, մանավանդ այն պայմաններում, երբ այսօր ունենք նոր բանակ: Այսինքն, կարա հարց առաջանա՝ կարո՞ղ ա էդ բանակը հայտնվի էն մարդկանց ձեռքում…»։

– Փաշինյանը, ըստ էության, խոստովանել է, որ Հաջիևի այցը ՀՀ-ում տեղի ունեցող «սպառնալիքների» կառավարման նպատակով էր: Թե կուլիսներում ինչ մանրամասներ են քննարկվել, կարելի է միայն կռահել: Համենայնդեպս, Բաքուն ՀՀ ներքին գործընթացներում փորձում է ներգրավվածություն ապահովել, իսկ գործող իշխանությունը դա խրախուսում է՝ առաջ բերելով «պատերազմ ենք կանխում» դատարկ բանաձևը:

Ադրբեջանը Հայաստանի մասով իր ռազմաքաղաքական երկարաժամկետ պլանները գծում է ռազմական բախումների, պատերազմի բացառմա՞ն, թե՞ չբացառման հաշվարկով։ Եվ, առհասարակ, մեր տարածաշրջանում կարո՞ղ ենք համարել պատերազմի էջը փակված:: —

– Ադրբեջանի դրսևորած տարածքային պահանջները, մեծ ծավալներով սպառազինության գնումները, Ադրբեջանի ղեկավարի բարձր հավակնություններն ու բանակցություններում դրսևորած նրանց վարքագիծը նման չէ պատերազմի էջը փակելուն: Ավելին, Ադրբեջանն իր ռազմական պոտենցիալն ու դրա մեծացումն օգտագործում է ՀՀ-ին ճնշելու և զիջումներ կորզելու համար:

– Ի դեպ, հունիսի 18-ին՝ ««Ուսուցողական» մեսիջ Փաշինյանին՝ Բաքվից» վերտառությամբ հոդված ենք հրապարակել, որտեղ ադրբեջանական կողմից ակնարկներ կային, որ չեն առաջնորդվում պատերազմն այլևս բացառելու հաշվարկով: Սա՝ զուտ լրացում: Իսկ վերջում՝ հիմա դարձյալ ակտիվ քննարկումներ կան վարժական հավաքներին մասնակցության ծանուցումների հասցեատերերի, վարժական հավաքների կազմակերպման մասին, կխնդրեի նշեիք՝ որպես պատգամավոր, ՀՀ քաղաքացիներից ի՞նչ խնդիրների մասին եք դիմումներ ստացել։

– Վարժական հավաքների կազմակերպման արդյունավետության մասին գնահատականները տարբեր են: Բուն ուսումնական մասը կարելի է առավել կարճ ժամկետում կազմակերպել: Ոչ միշտ է, որ վարժական հավաքի համար նախատեսված միջոցառումները ճշգրիտ են իրականացվում: Այսինքն, որոշ դեպքերում պլանները հաստատվում են, սակայն կա՛մ ամբողջական չեն իրականացվում, կա՛մ մի մասը ձևական բնույթ է կրում: Մարտական հերթապահության հետ կապված էլ խնդիրը ոչ թե ուսուցումն է, այլ առաջնագծի խնդիրների ապահովումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930