«Իրավաչափ չէ. եթե չեն ուզում, որ մարդը մասնակցի ընտրական գործընթացին, կարող են նրան զրկել քաղաքացիությունից». Տարոն Սիմոնյան

Համապետական ընտրություններից հետո իշխանական մի քանի պատգամավորներ՝ Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արուսյակ Մանավազյանը և Հասմիկ Հակոբյանը, ԱԺ նախագիծ են ներկայացրել, որով առաջարկում են արգելել արտերկրում ապրող մեր հայրենակիցներին մասնակցել ընտրություններին, եթե  նրանք ընտրություններին նախորդող տարում առնվազն 183 օր չեն ապրել Հայաստանում։

«Նախագծերով առաջարկվում է համապետական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու պարագայում կարևորել քաղաքացիության ուժով պետության հետ անձի կապի ոչ միայն ֆորմալ, այլ նաև՝ բովանդակային կողմը: Ըստ այդմ, առաջարկվում է ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու համար սահմանել նաև քվեարկության կամ հանրաքվեի օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կամ նոր քվեարկության դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ համապատասխանաբար դրան նախորդող 365 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 183 և ավելի օր գտնվելու պահանջ՝ ապահովելով տեղական ինքնակառավարման մարմինների և տեղական հանրաքվեների համար ներկայումս սահմանված կարգավորումների հետ համակարգային միասնականությունը:

Նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի ժողովրդաիշխանության իրացման համակարգային միասնականությունը՝ երաշխավորելով ժողովրդավարական կառավարմանը այն քաղաքացիների մասնակցությունը, որոնց կապը պետության հետ ունի իրական բնույթ և բովանդակություն»,- նշված է նախագծում:

Երեկ խորհրդարանում նախագծի հեղինակներից Ալխաս Ղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, թե լավ օրից չէ, որ նման նախագիծ են ներկայացրել.

Կարդացեք նաև

«Վերջին ընտրություններով պայմանավորված՝ նշված փոփոխությունը, և լավ օրից չէ, որ գնում ենք նման փոփոխության, որովհետև պատկերացում չունեինք, որ կարող է նման հարցեր առաջանան»։

Միջազգային իրավունքի մասնագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը նախագծին դեռևս չի ծանոթացել, սակայն ընդհանուր առմամբ դեմ է նման սկզբունքով առաջնորդվելուն։

«Ես այն ժամանակ էլ էի դեմ ընտրական իրավունքի հետ կապված բոլոր այն սահմանափակումներին, որոնք ուղղված են մեր քաղաքացիներին։ Դեմ էի նաև, երբ հանեցին արտերկրում մեր քաղաքացիների ընտրությունների կազմակերպման ընթացակարգը, որը 10-15 տարի առաջ էր։

Կարևոր չէ, թե ՀՀ քաղաքացին որքան ժամանակ է ապրել Հայաստանում, եթե նա այս երկրի քաղաքացի է, ապա քաղաքացիության ուժով պետք է հնարավորություն ունենա մասնակցելու ընտրություններին։ Իհարկե, ամեն պետություն ինքն է որոշում, թե իր քաղաքացիների իրավունքներն ինչպես սահմանափակի ժամանակային կամ ոչ ժամանակային համատեքստում, սակայն իրավաչափության տեսակետի իմ համոզմունքներին դեմ է, որ մարդուն դարձնում է քաղաքացի ու սահմանափակում նրա ընտրական իրավունքը»,- 168.am հետ զրույցում ասաց Տարոն Սիմոնյանը։

Ըստ միջազգային իրավունքի մասնագետի, այս ամենը շատ նման է այն երկրների պրակտիկային, որտեղ ձևականորեն սահմանվել է ընտրական իրավունք, բայց փաստացի մարդիկ չեն կարողանում գնալ ու մասնակցել ընտրություններին, քանի որ միջնորդավորված ընթացակարգեր կան։

«Օրինակ, սևամորթներն ԱՄՆ-ում 19-րդ դարում ստացան ընտրելու իրավունք, բայց կարողացան այդ իրավունքն իրացնել միայն 1970-ականներին։ Այսինքն՝ կային ընթացակարգային սահմանափակումներ։

Համաձայն եմ այն կարծիքների հետ, որը շատ իրավաբաններ կիսում են, որ քաղաքացին քաղաքացի է, և նրա իրավունքը չպետք է սահմանափակվի, եթե չեն ուզում, որպեսզի մարդը մասնակցի ընտրական գործընթացին, կարող են նրան զրկել քաղաքացիությունից՝ երկրում չբնակվելու հիմքով։

Ունենք նման ընթացակարգ, երբ 7 տարի քաղաքացին որևէ ձևով չի մասնակցում իր երկրի կյանքին, չի ասում՝ որտեղ է բնակվում, դեսպանատների հետ կապ չի հաստատում, պետությունն իրավունք է ստանում նրան միակողմանիորեն սահմանափակել»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է միջազգային պրակտիկային, Տարոն Սիմոնյանն ասաց, որ մանրամասն չի ուսումնասիրել, սակայն հստակ կարող է ասել՝ տարբեր երկրներում տարբեր պրակտիկա է կիրառվում ընտրական պրոցեսին մասնակցելու վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930