«Երբ օրենքը մտնի ուժի մեջ, հանրությունն անմիջապես զգալու է հետևանքները, որովհետև անմիջապես սակագների վրա ազդեցություն է ունենալու»,- 168.am-ի հետ զրույցում դրույքաչափերի վերանայմանն անդրադառնալով՝ նշեց «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը։
Այսօր կառավարությունը ընթացք է տվել օրենսդրական նախաձեռնության, որով առաջարկվում է վերանայել ակցիզային հարկով հարկվող ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը: Արդյունքում կթանկանան ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, բենզինը:
Նկատվում է վերաարտահանման ծավալների կտրուկ նվազում, հարկային բեռի մեծացում: Մի շարք կոնկրետ հարկերի գծով՝ ակցիզային հարկի, շրջանառության հարկի, կան օրենքների նախագծեր, որոնք բացասական ուղերձներ են հղում բիզնեսին: Մասնագիտական ծառայությունների մասով շրջանառության հարկն էապես բարձրանում է, մի շարք ծառայություններ էլ տեղափոխվում են ավելացված արժեքի հարկման դաշտ։
Տնտեսական գործունեության որոշ ոլորտներ հաջորդ տարի արդեն դուրս կբերվեն շրջանառության հարկի դաշտից ու կմտցնեն անգամներով ավելի ծանր՝ հարկման համընդհանուր համակարգ, որտեղ վերջիններս ստիպված կլինեն շրջանառության հարկի փոխարեն՝ վճարել ԱԱՀ ու շահութահարկ։
Առաջիկա երեք տարիների համար առաջարկվում է ծխախոտի ակցիզային հարկը բարձրացնել 10 տոկոսով։ Հունիսի 9-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում բարձրացված հարցերին՝ ասաց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։