«Ասեցի՝ կարող ենք նկարվել, բայց այս պահին՝ ոչ Ֆեյսբուքի համար, ասեց՝ խնդիր չկա». Սեյրան Օհանյանը՝ Գարիկ Սարգսյանի հրապարակած լուսանկարի մասին  

Օրերս Արարատի արդեն նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը լուսանկար էր տեղադրել ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի հետ՝ գրելով. «Թե բա` Գարիկ Սարգսյանը Շուշիում չի եղել…»:

Հիշեցնենք՝  երբ  Նիկոլ Փաշինյանը երեկ հանդես եկավ քաղաքապետներին ու մարզպետներին ուղղված կոչով՝ կազմելու կամավորական ջոկատներ և մեկնելու առաջնագիծ, առաջիններից, որ արձագանքեց, Գարիկ Սարգսյանն էր:

«Զինվորական երդումս տվել եմ 15 տարի առաջ, իսկ հիմա եկել է պահը, որպեսզի իմ երդմանը հավատարիմ, զինակից ընկերներիս հետ միասին, մասնակից լինեմ հայրենի սահմանների պաշտպանությանն ու մեր հաղթանակի կերտման Սուրբ գործին։ Արարատի մարզի բոլոր համայնքներում այժմ կազմավորվում են կամավորական ջոկատներ, որոնք գլխավորելու են համայնքների ղեկավարները կամ համայնքից պատասխանատու որևէ անձ։ Սիրելի՛ արարատցիներ, շտապեք կամավորագրվել և ձեր կանոնավոր ջոկատով եկեք միանանք առաջնագծում կռվող մեր ՀԵՐՈՍ տղերքին։ Արցախը, բանակը, զինվորը, առաջնագիծը։ Գալի՛ս ենք»,- Ֆեյսբուքի իր էջում գրել էր Արարատի մարզպետը։

Ապա նաև վստահեցրել՝ «ՇՈՒՇԻ, գալի՛ս ենք… Հաղթելու ենք»:

Թե ի՞նչ առաքելությամբ է Գարիկ Սարգսյանը մեկնել Շուշի ու կոնկրետ ի՞նչ առաջադրանք է կատարել այնտեղ, 168.am-ը փորձեց ճշտել հենց Սեյրան Օհանյանից: 

Նա մասնավորապես նշեց. «Այդ ժամանակահատվածում ինքս գտնվում էի Շուշիի վարչակազմի շենքում և օգնություն էի ցուցաբերում կազմակերպչական հարցերով: Օգնություն էի ցուցաբերում, կրկնում եմ, որովհետև շատ տեղերում ասում են, թե ես այնտեղ հրամանատար եմ եղել: Ես որևիցե հրամանատարական ֆունկցիա չեմ ունեցել, որովհետև հրամանատարական ֆունկցիա ունեցել են գործող իշխանությունները, գործող բանակը. ես պահեստազորում եմ, պարզապես գնացել և իմ հնարավորության սահմաններում աջակցել եմ:

Այդ պահին ինքը ներկայացել էր Արտաշատի վաշտով: Քանի որ նոր ջոկատ էր, պետք է խնդիրներ կատարեր, ես ինստրուկցիայի նման մի բան գրեցի: Երբ ինքը ներկայացավ, ես ասացի՝ դուք դեմ չե՞ք, որ ես ձեզ համար փոքր ինստրուկցիա գրեմ, որպեսզի դուք կարողանաք ձեր խնդիրը ճիշտ կատարել. հավանական է՝ Ձեր խնդիրը լինի պաշտպանական, դրանից ելնելով՝ դուք այդ թուղթը կօգտագործեք»:

Սեյրան Օհանյանն ասաց, որ այդ ուղեցույցում ներառել է 7 կետեր, որոնք անհրաժեշտ են խնդրի կատարման համար՝ տեղակայման վայրում պաշտպանության, պատսպարման, անվտանգության խնդիրներ, համագործակցություն տեղի ստորաբաժանումների, հրամանատարության հետ:

Գարիկ Սարգսյանի խնդրանքով՝ Սեյրան Օհանյանը համաձայնել է լուսանկարվել.

«Ասեցի՝ կարող ենք նկարվել, բայց այս պահին, այսինքն՝ պատերազմի ժամանակ, ոչ Ֆեյսբուքի համար, ասեց՝ խնդիր չկա, Ֆեյսբուքում չեմ տեղադրի: Որից հետո արդեն ես տեղյակ չեմ՝ ինքը մեկնել է պետության ղեկավարության, միգուցե բանակի հրամանատարության մոտ, և այնուհետև գնացել են որևիցե խնդիր կատարելու, բայց ոչ Շուշիում, որի մասին ես որևիցե մի տեղեկություն չունեմ»:

Փաստորեն, Գարիկ Սարգսյանը Շուշի հասել է, իսկ թե հետո ուր է գնացել, պատմությունն այդ մասին լռում է:

Տեսանյութեր

Լրահոս