Տիգրան Ավինյանը՝ 44-օրյա պատերազմում. ինչո՞ւ էր պատերազմի 4-րդ օրը Շուշիում ֆոտովոլտային կայաններ տեղադրելու մասին ծրագիր հաստատում
Սեպտեմբերի 13-ին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման ժամանակ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն իրենց ընդդիմախոսներին հորդորել է Արցախից իրեն դասեր չտալ:
«2016-ին ապրիլյանի ժամանակ ես որպես կամավոր եղել եմ Արցախում՝ ՔՊ ջոկատով, և խրամատ եմ փորել: Եվ 2020 թվականին որպես փոխվարչապետ՝ եղել եմ Արցախում, և կարողանում էի տեղում իմանալ բոլոր խնդիրները՝ լիներ դա ալյուրի, թե կամավոր ջոկատների հետ կապված, կամ որևէ մարզպետարանից տեխնիկա ստանալու խնդիր: Այն մարդն էի, ով նստած անընդհատ լսում էր մարդկանց, հրատապ լուծում պահանջող խնդիրները: Եվ լուծում էի դրանք՝ երկու-երեք հեռախոս կողքս դրած: Ես այն մարդն եմ, ով եղել է այնտեղ, իմ ավտոն Շուշիի տակ կրակված, չգիտեմ՝ հետո ուր է անհետացել: Իմ վարորդը վիրավորվել է, իմ արարողակարգի պատասխանատուն վիրավորվել է, ես ամբողջ ընթացքում այնտեղ եմ եղել: Եղբայրս ինձ հետ այնտեղ է եղել, վիրահատություններ է իրականացրել Ստեփանակերտի հիվանդանոցում»,- մանրամասնել է Տիգրան Ավինյանը, ում, ի դեպ, Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի սեպտեմբերի 14-30-ը արձակուրդ էր տվել, բայց 44-օրյա պատերազմը սկսվելուց մեկ օր հետո՝ սեպտեմբերի 28-ին, հետ կանչել։
168.am-ը դեռ 2023 թվականի մարտի 31-ին էր անդրադարձել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դերակատարությանն ու մասնակցությանը 2020 թվականի Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմին:
Մասնավորապես, պատերազմի 3-րդ օրը՝ 2020թ. սեպտեմբերի 29-ին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Արցախում է գտնվում:
«Արցախում եմ և այսօր Ստեփանակերտում հանդիպումներ եմ ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ու պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ: Քննարկել ենք օպերատիվ իրավիճակն ու վերջին զարգացումները, ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի պայմաններում մեր ժողովրդի ուժերի համախմբման, թիկունքային ապահովման աշխատանքների կոորդինացման և այլ կարևոր հարցեր: Նախագահի հետ միասին հանդիպել ենք նաև Արցախ մեկնած մեր կամավորներին, ում ոգևորությունը վարակիչ էր: Արցախում ժողովրդի ոգին շատ բարձր է, վճռական ու անկոտրում: Այս օրերի մեր միասնությունը, կամքն ու արիությունը մեր արդար հաղթանակի ու թշնամու տապալման գրավականն են:
Մեր քաջ զինվորները փայլուն ու արհեստավարժ կերպով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, հաջողությամբ հետ են մղում բոլոր հարձակումները, հուժկու հարվածներ հասցնում թշնամուն ու պատճառում կենդանի ուժի ու զինտեխնիկայի հսկայական կորուստներ: Ադրբեջանը Թուրքիայի լայնածավալ աջակցությամբ իր ամբողջ ռեսուրսն ու արսենալն է ներդրել Հայրենիքի նկատմամբ այս ոտնձգության մեջ, բայց ցանկացած հարձակման ժամանակ մերոնք ջախջախում ու ջարդուփշուր են անում թշնամուն: Մեր պատասխանը շարունակելու է լինել կոշտ և վճռական»,- սեպտեմբերի 29-ին արված գրառման մեջ նշել էր Ավինյանը:
Իր հերթին՝ նույն օրը հրապարակված տեսանյութում և Ավինյանի ներկայությամբ Արցախի այդ ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանն ասում է.
«Մենք չենք խնդրելու զինադադար, սա պիտի բոլորս իմանանք: Մենք պիտի պարտադրենք զինադադար: Եթե մենք խնդրենք զինադադար, դա լինելու է Հայաստանի վախճանը, ոչ թե Արցախի, որովհետև կռվում ենք ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի դեմ: Իսկ Թուրքիային հետաքրքիր չէ Արցախը, Ջաբրայիլը, Լաչինը, Հորադիզը, Թուրքիային հետաքրքիր է Հայաստան աշխարհն ամբողջությամբ՝ իր պանթուրքիզմի ծրագրերն իրականացնելու առումով»:
Նախքան Արցախ մեկնելը, ըստ էության, Ավինյանը մասնակցել էր սեպտեմբերի 27-ին հրավիրված ԱԽ նիստին։
ՀՀ ԱԽ ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել էր 2020թ. սեպտեմբերի 30-ին հրավիրված ԱԽ նիստին։
Համենայնդեպս, հրապարակված լուսանկարներն այդ մասին են վկայում:
Վերջինն այն հայտնի նիստն է, որի ժամանակ, ըստ Գլխավոր շտաբի (ԳՇ) նախկին պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի, ինքն առաջարկել էր 2-3 օրվա ընթացքում կանգնեցնել պատերազմը, ինչը ԱԽ-ն հերքել էր և Գասպարյանի այդ օրվա զեկույցից արձանագրված որոշ հատվածներ ընտրողաբար հրապարակել:
Օնիկ Գասպարյանը պահանջել էր հրապարակել ԱԽ այդ օրվա նիստի ընթացքում ՀՀ նախագահի և իր ելույթի ձայնագրությունը, որն այդպես էլ չարվեց:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել էր նաև 2020 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած ԱԽ նիստին, երբ, ըստ էության, բոլորը համաձայն են եղել պատերազմի դադարեցմանը, ինչը չի արվել:
Եվ սրանից հետո, երբ համաձայնություն կար կանգնեցնել պատերազմը, 2020 թվականի հոկտեմբերի 27-ին Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր հետևյալը.
«Մենք չունենք այլ ընտրություն, քան ամբողջ ուժով, վճռականությամբ ու եռանդով պատերազմելն ու հաղթելը։
Ադրբեջանը Թուրքիայի լայնածավալ աջակցությամբ ու ահաբեկիչների ներգրավմամբ շարունակում է խախտել արդեն երրորդ հրադադարի մասին պայմանավորվածությունը՝ մերժելով խաղաղ կարգավորման հնարավորությունները։
Ադրբեջանի նպատակը մեկն է․ ամբողջությամբ հայաթափել Արցախը, հնարավորության դեպքում նաև ռազմական գործողությունները տեղափոխել Հայաստանի Հանրապետության տարածք։
Այսօր պատերազմը ոչ միայն մարտի դաշտում է, այլ նաև թիկունքում: Պետք չէ վհատվել վատ լուրերից և չափից շատ ոգևորվել հաջողություններով։ Տրտմության և ուրախության համար ժամանակ կունենանք հետո, իսկ այս պահին մեր նյարդերը պետք է կարծր քար դարձնենք։
Մեր ժողովրդի պատմության ընթացքում մենք շատ ավելի ծանր դրվագներ ենք ունեցել և պատվով հաղթահարել ենք բոլոր դժվարությունները։
Հիմա եկել է ժամը կրկնելու հաղթական պատմությունը։
Վստահ եղեք՝ մեր միտքը, մեր կամքը, մեր տոկունությունն են վճռելու այս պատերազմի ելքը»:
Իսկ 2020թ. նոյեմբերի 2-ին Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ դարձյալ Արցախում է:
«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ու Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանի հետ միասին պատիվ եմ ունեցել հանդիպել Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատարներ Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատների ազատամարտիկներին և մասնակցել նրանց պարգևատրման արարողությանը: Մեր հերոսներն ադրբեջանաթուրքական հատուկ ջոկատայինների ու վարձկան-ահաբեկիչների դեմ պայքարում անթերի կատարել են առաջադրված խնդիրները և հերթական անգամ փառքով են պսակել հայոց զինվորի անունը: Հայրենական այս պատերազմում, ճակատում թե թիկունքում, մեր պարտքն է չխնայել ոչինչ հանուն մեր ժողովրդի ու հայրենիքի անվտանգության և անել հնարավորն ու անհնարինը հաղթանակի ցանկալի պահը մոտեցնելու համար»,- գրել էր նա:
Շուշիի անկումից օրեր առաջ էլ՝ նոյեմբերի 5-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Շուշիում է, իսկ հրապարակված լուսանկարներում երևում է նաև Տիգրան Ավինյանը:
«Այսօր այցելել եմ Շուշի, հանդիպել քաղաքի պաշտպանների հետ, տեղում քննարկել թշնամու բազմաքանակ ուժերի դեմ մեր պայքարի ռազմավարությունը:
Պրոֆեսիոնալ զինվորականների և կամավորականների համատեղ ջանքերով ստեղծված պաշտպանական ամրությունները և տղաների վճռականությունը հույս են ներշնչում, որ բերդաքաղաքն անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը: Շուշին իր հոգևոր և մշակութային արժեքներով ու ավանդույթներով, մեր ամենամեծ ժառանգություններից է, որ ստացել ենք պապերից և նույն հայկական ոգով պետք է փոխանցենք մեր սերունդներին:
Հ. Գ. Հատուկ շնորհակալություն եմ հայտնում «Արցախի հերոս», հայ ժողովրդի նվիրյալ զավակ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին»,- գրել էր Արցախի նախագահը:
Ի դեպ, Ավինյանը 24 news.am-ի հետ վերևում հիշատակված հարցազրույցում, չգիտես ինչու, չնշեց, որ 44-օրյա պատերազմի օրերին Շուշիում է եղել նաև իր գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, որը պատերազմի ավարտից և 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից օրեր անց աշխատանքից ազատման դիմում գրեց և դադարեցրեց անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:
Շուշիի թեմայի համատեքստում հավելենք, որ պատերազմի օրերին՝ 2020 թվականի սեպտեմբերի 30-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ֆոտովոլտային կայանների տեղադրման մասին ծրագրի վերաբերյալ որոշում է հաստատել, որում նշվում է.
««Սոլարա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02810309) 2020 թվականի օգոստոսի 24-ին կնքված N ԱՀ/ԱՖՎ-14/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի մշակույթի տան տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 3,147,650 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Սոլարա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02810309) 2020 թվականի օգոստոսի 24-ին կնքված N ԱՀ/ԱՖՎ-13/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Խ. Աբովյանի անվան հիմնական դպրոցի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 3,147,650 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Սոլարա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02810309) 2020 թվականի օգոստոսի 24-ին կնքված N ԱՀ/ԱՖՎ-15/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի կերպարվեստի թանգարանի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 3,147,650 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի»:
Վերադառնանք Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման ժամանակ արած հայտարարությանը 2016-ին և 2020 թվականների պատերազմական գործողությունների ժամանակ Արցախում լինելու մասին:
Առաջին, ՔՊ ջոկատը չի մասնակցել Ապրիլյան պատերազմին և Արցախ է մեկնել միայն մայիսի 14-ից:
Մասնավորապես, Yerkir.am լրատական կայքը մոտ 2 տարի առաջ հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարություն, ինչին ի պատասխան՝ ՊՆ-ից հայտնել էին.
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ջոկատը 2016 թվականի մայիսի 14-ից գործուղվել է Պաշտպանության բանակ Արցախի Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ բնակավայր»։
Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմին, որի ժամանակ, ըստ Ավինյանի, Արցախում, ալյուրի, մարզպետարանից տեխնիկա ստանալու և կամավորական ջոկատների հետ կապված խնդիրներ է լուծել, նշենք, որ պատերազմի օրերին հաստատված որոշումներից պարզ է դառնում, որ Տիգրան Ավինյանը, ըստ էության, պատասխանատու է եղել բարեգործական ծրագրերի համար, նաև ինչ-ինչ մատակարարումների: Իսկ թե կամավորական ջոկատների հետ կապված ինչ խնդիր է լուծել Ավինյանը, հայտնի չէ:
Ի դեպ, աշխարհազորի ստեղծման օրենսդրական փաթեթն ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել էր 2020 թվականի հոկտեմբերի 28-ին միայն: Իսկ մարզպետների տեղակալներ սկսեցին նշանակել հոկտեմբերի 29-ին: Աշխարհազորի թեմային դեռ առանձին կանդրադառնանք:
Փոխարենը հիշեցնենք, որ 2020-ի հոկտեմբերի 8-ին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո արդեն ՔԿ նախագահ Քյարամյանը շարունակել էր մնալ Արցախում:
2021-ի հունվարի 13-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում այդ ժամանակ դեռ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանը, մասնավորապես, ասել էր.
«Երբ այլևս ԱԱԾ տնօրեն չէի, 2 օրով վերադարձել եմ Երևան, հանձնել եմ ԱԱԾ-ն, հետո հասկացել եմ, որ եթե ես հիմա չվերադառնամ Արցախ, ինքս ինձ չեմ ների, և վերադարձել եմ Արցախ: Չեմ ունեցել որևէ պաշտոնական կարգավիճակ, բնականաբար, եթե մի օր առաջ ԱԱԾ տնօրեն ես, հաջորդ օրը ԱԱԾ տնօրեն չես, այդ կապերը և հնարավորությունները չեն կորում մեկ օրում: Վերադարձել եմ Արցախ և սկզբնական շրջանում զբաղվել եմ այնպիսի գործունեությամբ, ինչով այնտեղ զբաղվում էին շատ նախկին պաշտոնյաներ: Այն է՝ որոշակի բեռների փոխադրման աջակցություն, դասալքության հետ կապված դեպքերի ուսումնասիրություն և այլն: Ւսկ պատերազմի զարգացմանը զուգընթաց, երբ իրավիճակը սկսեց բավականին ծանրանալ, բազմաբնույթ գործունեություն եմ ծավալել՝ սկսած խրամատավորման աշխատանքներին մասնակից լինելուց, վերջացրած զինված ստորաբաժանումներ տարբեր տեղեր տանելով, տեղակայելով»:
Այսինքն, ըստ էության, ինչ-որ առումով Արգիշտի Քյարամյանը նույն խնդիրների լուծմամբ է զբաղվել, ինչ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Իսկ 2020 թվականի նոյեմբերի 10-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել էր պատերազմը դադարեցնելու հայտարարության հրապարակումից հետո Երևանի կենտրոնում տեղի ունեցած իրադարձություններին, և նշել, որ հարձակումից նաև ինքն է տուժել:
«Եվ այս պարագայում ինձ մի հարց է հուզում՝ ո՞ւր էր այդ ագրեսիան, երբ գնում էին Շուշիի համար կռիվները, ո՞ւր էր այդ ագրեսիան, երբ Արցախի նախագահը կոչ էր անում բոլորին գալ Շուշիի պաշտպանությանը, ո՞ւր էր այդ ագրեսիան, երբ Շուշին պաշտպանում էին այն ուժերով, որոնք տեղում եղել են: Իմ գրասենյակի ղեկավարը մասնակցել է Շուշիի պաշտպանությանը, իմ գրասենյակի երկու աշխատակից վիրավոր պառկած են՝ նույն Շուշիի հրետակոծության հետևանքով: Ո՞ւր էին այդ մարդիկ, որոնք երեկ մտել են իմ սենյակ և գողացել են ավետարանը, որը, մտածել են, թե ոսկեզօծ է, ու հուշանվերներ են գողացել»,– ասել էր Ավինյանը:
Ամբողջ շարադրվածը հանրագումարի բերելով, մենք Տիգրան Ավինյանին դասեր չենք տա, այլ հիմնվելով հստակ փաստերի վրա՝ մի քանի հարց կուղղենք.
Առաջին, ինչո՞ւ կորցրեցինք Շուշին, արդյո՞ք ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը պիտի միայն պատասխանատվություն կրի Շուշին չպահելու համար:
Երկրորդ, 2020 թվականի սեպտեմբերի 30-ին ԳՇ շտաբի պետ Օնիկ Գասպարյանը ԱԽ նիստում առաջարկե՞լ էր պատերազմը դադարեցնել:
Երրորդ, ԱԽ նիստում հոկտեմբերի 19-ին համաձայնություն է եղել կանգնեցնել պատերազմը, ինչո՞ւ չի արվել, Դուք համաձայնվողների մե՞ջ եք եղել:
Չորրորդ, Ինչի՞ հիման վրա էիք 2020-ի հոկտեմբերի 27-ին հավատում, որ լինելու է հաղթական ելք, և, որ «մեր տոկունությունն է վճռելու այս պատերազմի ելքը»: Ինչո՞ւ չեղավ այդպես, բավարար տոկուն չէի՞նք:
Հինգերորդ, Նույն գրառման մեջ նշել էիք, որ «Ադրբեջանի նպատակը մեկն է․ ամբողջությամբ հայաթափել Արցախը, հնարավորության դեպքում նաև ռազմական գործողությունները տեղափոխել Հայաստանի Հանրապետության տարածք»: Այսօր այս վտանգի առջև ենք, ինչո՞ւ 3 տարի առաջ սա չկանխեցիք, և չեք անում նաև այսօր:
Վեցերորդ, Շուշիում ֆոտովոլտային կայանի տեղադրման գումարն ի՞նչ եղավ, հավատո՞ւմ էիք, որ Շուշին չենք կորցնելու, և մինչև ե՞րբ եք հավատացել:
Յոթերորդ, Գտա՞ք գողացված Ավետարանը, գուցե այն պետք գա Ձեզ սեպտեմբերի 17-ին: