Հայկ Սարգսյանը պետք է ներողություն խնդրի՞ Սուրեն Պապիկյանից. Ինչո՞ւ Պապիկյանն ու Փաշինյանը չանդրադարձան դիրքերի և հրամանատարության թիրախավորմանը

Օրերս առանձին հրապարակմամբ՝ «Հայկ Սարգսյանի բացահայտումների քաղաքական շարժառիթները. Ինչո՞ւ նա չի պահանջում 44-օրյայի զեկույցի հանրայնացում, ինչո՞վ էր զբաղված նրա եղբայրը պատերազմի օրերին» վերտառությամբ հոդվածով անդրադարձել էինք ՔՊ-ական պատգամավորի՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ուղղված մեղադրանքներին:

Պաշտպանության նախարարությունը դրանք անարձագանք չէր թողել և զորակոչվածների թվի և զինված ուժերում առկա պայմաններին առնչվող որոշ դրվագների մասին Հայկ Սարգսյանի պնդումները համարել էր ապատեղեկատվություն:

Միաժամանակ, Պապիկյանի ղեկավարած կառույցն անհրաժեշտ է համարել շեշտել, որ զորակոչի պլանավորման և թվաքանակի վերաբերյալ տվյալները դասվում են գաղտնագրման ենթակա տեղեկությունների շարքին, թեպետ Սարգսյանի հնչեցրածները որակել են ենթադրյալ:

Հարցն այն է, որ նման տվյալներ իշխող կուսակցության ներկայացուցիչն առաջին անգամ չէ, որ հնչեցնում է, բայց պաշտպանական գերատեսչությունը պաշտոնապես դրանց անթույլատրելիության մասին չի հայտարարել. 2023 թվականին հրապարակված մեր մի հոդվածում նույնիսկ հարցադրում ենք արել՝ «արդյո՞ք ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կփորձի Հայկ Սարգսյանի գաղտնազերծումների դեմն առնել, բայց այս անգամ ավելի գործուն քայլերով, ցույց կտա ժամանակը»:

Կարդացեք նաև

Ինչու ենք շեշտել՝ գործուն, որովհետև եղել են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկումներ, Հայկ Սարգսյան-Սուրեն Պապիկյան հարցուպատասխան, երբ պաշտպանության նախարարը բանակի ներսում առկա որոշ խնդիրներից առաջարկել է դռնփակ խոսել՝ «խնդիրներն ունենում են 2 մաս՝ հրապարակային և փակ, պարոն Քոչարյանը կարող է նախաձեռնել փակ քննարկում, որին ես միշտ պատրաստակամ եմ գալ և պատասխանել ձեր հարցերին»:

Բայց Սուրեն Պապիկյանի այս դիտողությունից հետո Հայկ Սարգսյանն ԱԺ ամբիոնից շարունակել է գաղտնիության տարրեր պարունակող տեղեկություններ հրապարակել, փակ քննարկմանը ենթակա՝ բանակին առնչվող խնդիրներ հանրայնացնել:

Սրա հիմնավորումն օրերս Հայկ Սարգսյանը տվել է. «Այն միտքը, որ վա՜յ, թշնամին կիմանա, դա փլվել է 2020 թվականին», որովհետև, ըստ նրա, ամբողջ պատերազմի ընթացքում Ադրբեջանն ափի մեջ, 24/7 ռեժիմով հետևել է ամբողջ տեղաշարժին։

«Այսինքն՝ իմացել է՝ որտեղ է պաշտպանության բանակի հրամանատարը՝ խոցել է, որտեղ են տեղակալները՝ խոցել է։ Այսինքն՝ ոչ միայն բացարձակ թվերով է իմացել, այլև անվանական իմացել է հրամանատարների, բանակի ղեկավարության, կարևոր ստորաբաժանումների գտնվելու վայրերը ու թիրախային խոցումներ է արել։ Թե՛ մեր զորքի տեղակայման վայրերը, թե՛ սնուցման ճանապարհները, թե՛ դիրքերը և այլն, բոլորը դիտարկվել են, դիտարկվում են և դիտարկվելու են: Այսինքն՝ այդ միտքը, որ՝ այ, խոսում է բանակի մասին, հես ա գաղտնիությունով մեր վիճակը կվատանա… Վիճակը կրիտիկական արդեն վատ ֆիքսվել է 2020 թվականից ու նաև 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում դրա մասին խոսել ենք, որ թշնամին սաղ իմացել է»,- իր գաղտնազերծումները հիմնավորել է ՔՊ պատգամավորը:

Պաշտպանության նախարարությունը Հայկ Սարգսյանի պնդումների այս հատվածին չի անդրադարձել, առնվազն Սուրեն Պապիկյանի պաշտոնավարման ժամանակահատվածին առնչվող, ի վերջո, նա պնդում է, որ այսօր էլ մեր զորքի տեղակայման վայրերը, սնուցման ճանապարհները, դիրքերը դիտարկվում են:

Բայց Պաշտպանության նախարարության այս լռությունն էլ, թերևս, հասկանալի է, եթե հաշվի առնենք, որ հայկական զինված ուժերի տեղակայման վայրերը, սնուցման ճանապարհները դիտարկվում են 2021-2023 թվականիի Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման և այդտեղ ամրանալու պատճառով, և դժվար թե մոտ ապագայում այս առումով դրական բան փոխվի:

Բացի այս, այս 8 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը հենց ինքն է պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հանրայնացրել՝ 44-օրյա պատերազմից առաջ, դրա ընթացքում, դրանից հետո, ընդ որում, որոշ դեպքերում անձամբ հրապարակավ ընդունել է, որ օրենք է խախտում և գաղտնիության էլեմենտներ պարունակող տվյալներ է հայտնում:

Իհարկե, սրանից զերծ չի մնացել նաև Սուրեն Պապիկյանը, երբ 2022 թվականի մարտի 31-ին ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական կցորդներին ուղեկցում էին ՀՀ ՊՆ N ավիաբազա: Իսկ հետո էլ հաղորդագրություն և դրան կցված լուսանկարներ էին հրապարակում, որոնց միջոցով, ըստ փորձագետների, անգամ ոչ մասնագետները կարող էին հեշտությամբ որոշել ռազմական նշված անգարի գեոլոկացիան, իսկ այսպիսի անգարները Հայաստանում շատ չեն:

Իսկ այս տարվա փետրվարին էլ ամրացված շրջանների վերաբերյալ տեսանյութ էր հրապարակվել, թեև «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ պետական գաղտնիքի շարքին են դասվում «Հայաստանի Հանրապետության տարածքում դաշնակից պետությունների և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, պաշտպանության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների կազմակերպչական կառուցվածքի, զինվածության և թվաքանակի մասին» տվյալները:

Իհարկե, Պաշտպանության նախարարը փորձեց համոզել, որ համապատասխան մարմինների կողմից հաստատում է ստացել, որ այն չափով, ինչ չափով ցուցադրվել են ամրացված շրջաններում ստեղծված պայմանները, որևէ վտանգ չեն ներկայացնում մեզ համար, բայց մենք մնում ենք մեր կարծիքին և օրենքի պահանջը հարգելու օգտին:

Իսկ Հայկ Սարգսյանի՝ Սուրեն Պապիկյանի և բանակին վերաբերող պնդումներին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանը:

«Պիտի արձանագրեմ, որ Հայաստանի բանակը և՛ սննդի, և՛ հագուստի, և՛ սպառազինության, և՛ բարոյահոգեբանական վիճակի, և՛ պաշտպանունակության առումով երբեք այսպիսի լավ վիճակում չի եղել: Մնացածը՝ ով ինչ քաղաքական նկատառումով կասի՝ կարևոր չէ, ինձ համար կարևոր են զինվորները, նրանց ծնողները և նրանց ծնողների արձագանքը: Բայց դա չի նշանակում, որ բանակում պրոբլեմներ չկան, աշխարհում չկա տենց բանակ, որտեղ պրոբլեմ չկա»,- շեշտել է նա և հիշեցրել բանակի կերպափոխման հայեցակարգի մասին, որոնք իբր քայլ առ քայլ իրականացվում են, թեպետ մի առիթով գրել ենք, որ Փաշինյանը դրա մեջ էլ է «վտանգներ» տեսել։

«Իսկ մնացած հայտարարություններին ես անդրադառնալու կարիք չեմ տեսնում, որովհետև երբ փորձում եմ դրանց շուրջ պարզաբանումներ ստանալ, պարզվում է՝ այդ հայտարարությունները հնչել են և ինչ-որ բան սխալ են հասկացել, հետո պարզվել է, որ ինչ-որ բան այնպես չի եղել, կամ՝ պարզվել է, որ ինչ որ ասվել է, այդպես չի: Այլ բան է, որ մարդիկ, որոնք հայտարարություն են անում, հետո պարզվում է, որ այդ հայտարարությունը սխալ փաստերի վրա է հիմնված, պետք է ունենան նույնքան քաղաքական կամք՝ կանգնելու, ասելու՝ ժողովուրդ ջան, այն փաստը, որի մասին ես խոսում եմ, պարզվեց, որ դա այդքան էլ այդպես չի: Եթե այդպես է՝ խոստովանենք, որ այդպես է, եթե այդպես չի՝ խոստովանենք, որ այդպես չի»,- թեման շարունակել է Փաշինյանը:

Այսինքն, Փաշինյանն ակնարկում է, որ Հայկ Սարգսյանը կամ պիտի Պաշտպանության նախարարության հակադարձումից հետո ապացուցի, որ ճիշտն ինքն է, կամ՝ ներողություն խնդրի Սուրեն Պապիկյանից:

Հոդվածը գրելու պահին ՔՊ պատգամավորից ոչ մի բովանդակությամբ արձագանք չկար: Փոխարենը՝ նրա ֆեյսբուքյան էջում օգտատերերից մեկը մեկնաբանություն էր թողել մի գրառման տակ, թե՝ «հենց ՔՊ-ից դուրս են գալիս, սկսում են քլնգել», ինչին անմիջապես նրա եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը, արձագանքել է. «Հայկը դուրս չի եկել ՔՊ-ից ու ոնց հասկանում եմ՝ տենց պլաններ չունի»:

Նշենք, որ օրեր առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Հայկ Սարգսյանն ասել էր, որ Փաշինյանին համարել է իր ավագ եղբայրը, բայց հիմա իրենց ընկերությունը չի շարունակվում:

Բայց իրեն ու եղբորն ընտրական ցուցակից դուրս թողնելուց հետո Սարգսյանը կիսում է ՔՊ գաղափարախոսությունը, օրինակ, որ բանակն անվտանգության հարցում պահուստային գործիք կամ խաղացող պիտի լինի, թեպետ խաղաղ պայմաններում բանակն ունի իր հստակ պաշտպանական առաքելությունը:

Ի դեպ, Հայկ Սարգսյանը, բնականաբար, ողջունում է այս օրերին ակցիաների պլաններ իրագործող զինվորների մայրերին, որոնք բողոքում են, որ իրենց տղաների վրա չի տարածվել պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը:

Վերջին ակցիային բավականին իշխանամետ քաղաքացիներ կային, բայց կային նաև ապաքաղաքականները, և, ամեն դեպքում, պետք է հասկանալ՝ ով է կանգնած սրա հետևում, կամ իշխանությունները սրանից ինչպես կօգտվեն:

Իսկ մինչ այդ նշենք, որ ինչպես Սուրեն Պապիկյանը, այնպես էլ, առավելևս, Նիկոլ Փաշինյանը պետք է անդրադառնան Հայկ Սարգսյանի հրապարակած այն տվյալներին, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանն իմացել է բանակի ղեկավարության, հրամանատարների, կարևոր ստորաբաժանումների գտնվելու վայրերը ու թիրախային խոցումներ է իրականացրել:

Չմոռանանք, որ Հայկ Սարգսյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ է, ինչը թույլ է տվել մասնակցել 44-օրյա պատերազմի դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին:

Արդյո՞ք չպետք է հասկանալ՝ ինչպե՞ս է Ադրբեջանն այս տվյալներն իմացել, որքանո՞վ է սա ազդել պատերազմի ելքի վրա, ուրիշ ժամանակ Փաշինյանն առիթը բաց չի թողնում պետական դավաճանությունից և լրտեսներից խոսելու համար:

Այս պարագայում ձեռնտու չէ՞… Ասենք, հիմա ձեռնտու և արդիական է մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կայանալիք սպառազինության ցուցադրությունը, որի մասին որտեղ նստում, Փաշինյանն ու իր կառավարության անդամները խոսում են: Այսինքն, ընտրություններից առաջ ձայներ ապահովող քաղաքական հաշվետվության անհրաժեշտություն կա: Շեշտենք, որ Բաքվում մայիսի 28-ի միջոցառումը հենց այդպես էլ ընկալում են՝ հաշվետվություն և զգուշացնում՝ Հայաստանի միլիտարիզացիա թույլ չեն տա երբեք:

Հանրագումարի բերելով այս ամենը, պետք է արձանագրենք՝ բանակին առնչվող իշխող կուսակցության անդամների հրապարակավ ցանկացած տարաձայնություն, հարցուպատասխան, սպասվող սպառազինության ցուցադրություն, զուտ «մաքուր» քաղաքական հաշվարկ և ծրագրված գործողություն է, գուցեև ինչ-որ առումով՝ անգամ հրապարակ բերված «ներքին կոնֆլիկտ», որի համար բանակն է «օգտագործվում»:

Առջևում ընտրական թեժ փուլն է, և այս առումով դեռ շատ բան կտեսնենք քաղաքական իշխող և ոչ իշխող շրջանակներից: Իսկ նրանց անվտանգային ծրագրերի մասին դեռ առիթ կունենանք խոսելու:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930