Արդյո՞ք հայելային կերպով Ալիևը մոռանալու է «Խոջալուի ցեղասպանությանը» և «Գյանջայի դեպքերին» առնչվող պահանջը. Վիլեն Գաբրիելյանը պատրա՞ստ է մոռանալ Բաքվի ջարդերը

Մարտի  26-ին կառավարության նիստից հետո  լրագրողների հետ  ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այն գնահատականին, որ 2023թ. Ադրբեջանն իրականացրել է էթնիկ զտում, նշել է. 

«Կարանք ասենք՝ էթնիկ զտում, բայց ես էդ խոսույթը համարում եմ վնասակար, որովհետև մենք կարանք ասենք՝ էթնիկ զտում, և հայելային ստանանք «էթնիկ զտում», հետո՝ «ցեղասպանություն», «հայելային ցեղասպանություն», ամեն ինչը հայելային, դա նշանակում է՝ մուտք գործել կոնֆլիկտի ճանապարհ: Իմ հոգսը դա չի: Եվ ես՝ որպես ՀՀ վարչապետ, ասում եմ, որ ընդհանրապես հրաժարվում եմ, այսպես ասած, պատմական արդարության վերականգնման օրակարգից, պետք է արդար իրականության հետևից գնալ»:

Այնուհետև նա նույն «տոնով» շարունակել է.

«Բավարար է՝ մեր ժողովրդին սնենք նոր ցեղասպանության մասին տվյալներով: Եվ, ընդհանրապես, այդ ցեղասպանությունների մրցավազքը պետք է դադարեցնել: Մեր տարածաշրջանում բոլորը բոլորին մեղադրում են ցեղասպանությունների մեջ: Ցեղասպանությունների մասին խոսույթով, ի դեպ, դժվար է ասել՝ որը որից հետո է եղել, մենք ստանում ենք ցեղասպանությունների մասին խոսույթ, վերադարձի մասին խոսույթով՝ ստանում ենք վերադարձի մասին խոսույթ»:

Կարդացեք նաև

Այս համատեքստում, նախ, հիշեցնենք, որ 2023թ. մարտի 16-ի կառավարության նիստի ժամանակ  Փաշինյանը հայտարարել էր.

«Մեր գնահատականը շարունակում է մնալ նույնը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում։ Այս արձանագրումը մեծ հաշվով առկա է նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման մեջ, որտեղ հստակ արձանագրվել է, որ Լաչինի միջանցքի փակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար կարող է բերել անդառնալի հումանիտար հետևանքներ: Այս իմաստով կարևոր և անհետաձգելի եմ համարում, որ Հայաստանը միջոցներ ձեռնարկի ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ։ Խոսքը, մասնավորապես, ՄԱԿ շրջանակում նախատեսված մեխանիզմների մասին է։ Այս մասին Արտաքին գործերի նախարարությանը տվել եմ համապատասխան հանձնարարականներ»:

Եվ եթե հաշվի առնենք, որ 2026 թվականի մարտի 26-ին Փաշինյանն ակնարկում էր հետախուզական և ոչ հետախուզական տվյալներ ունենալու մասին, կարող ենք ենթադրել, որ Արցախի հայաթափման Բաքվի գործողություններից առաջ նրա հնչեցրածը զուտ գնահատական չէր, այլ հստակ տեղեկություն և զգուշացում:

Իսկ 2023թ. սեպտեմբերի 21-ին, երբ Ադրբեջանն արդեն սկսել էր հարձակումն Արցախի դեմ, Փաշինյանն ուղերձով դիմել էր ժողովրդին, որտեղ նախ նշել էր.

«Ես տեսա, որ տեղեկություններ կան, որ Ստեփանակերտում են ադրբեջանական զորքերը, և այլն, և այդպես շարունակ: Այդպիսի բան չկա: Իհարկե, որոշակի կոմունիկացիայի դժվարություններ և բարդություններ կան, ինչքան տեղեկացել եմ Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերներից, նաև դեպի Մարտակերտ և Մարտունի տանող ճանապարհներին որոշակի խնդիրներ կան, բայց ընդհանուր առմամբ իրավիճակը կայուն է»:

Սա այն դեպքում, երբ սեպտեմբերի 19-ին, ինչպես նշեցինք, Ադրբեջանը լայնածավալ հարձակում էր սկսել Արցախի դեմ, իսկ 2020 թ. սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտին մերձակա թաղամասերում արդեն կրակոցների ձայներ էին լսվում, սկսվել էր կանանց և երեխաների տարհանումը: Ինչևէ, իր նշված ուղերձում Փաշինյանը շարունակել էր.

«Ես նախորդ շրջանի իմ ելույթներում անընդհատ Ադրբեջանին մեղադրել եմ այն բանում, որ նրանք Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների են փորձում ենթարկել: Այսինքն՝ երկար ժամանակ այս մեղադրանքով ենք մենք հանդես գալիս Ադրբեջանի դեմ: Եվ հիմա ես, երբ վերլուծում եմ իրավիճակը, այնպիսի տպավորություն եմ ստանում, որ ուժեր կան, ովքեր ուզում են Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների ենթարկելու պլանն իրականացնել այնպես, որ Ադրբեջանն, այսպես ասած, մեղադրվելու որևէ առիթ չունենա: Այսինքն, ասի՝ տեսեք, Հայաստանը, Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի հանրությունը, Լեռնային Ղարաբաղի հայությունն իրենք որոշեցին, որ Լեռնային Ղարաբաղում ոչ մի հայ պետք է չմնա, որոշեցին ու դուրս եկան»,- հայտարարել էր նա:

Արձանագրենք, հիմա ինքը՝ Փաշինյանն է Ադրբեջանից մաքրում էթնիկ զտման հանցանքը:

Արդեն 2020թ. սեպտեմբերի 28-ի կառավարության նիստի ժամանակ, երբ պատկերը, գործնականում, արդեն պարզ էր, Փաշինյանն ասել էր.

«Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա: Սա էթնիկ զտման և հայրենազրկման ուղղակի ակտ է: Միջազգային տարբեր խաղացողների կողմից Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող էթնիկ զտումները դատապարտող հայտարարությունները կարևոր են, բայց եթե դրան չհետևեն կոնկրետ գործողություններ, այդ հայտարարություններն ընդամենը պատմության համար բարոյական վիճակագրություն ստեղծելու շարքում կդիտվեն, որպեսզի հետագայում տարբեր երկրներ իրենց` այս հանցագործությունից ֆորմալ առումով տարանջատելու հնարավորություն ունենան՝ ասելով՝ դե, մենք դատապարտել ենք: Եթե դատապարտման մասին հայտարարություններին համարժեք քաղաքական և իրավական բնույթի որոշումներ չեն հետևում, դատապարտումները դառնում են տեղի ունեցողին համաձայնվելու ակտեր»:

Չնայած վերը նշված գնահատականներին, Փաշինյանն արցախցիներին այսօր արդեն «փախածներ» է անվանում, երբ որոշ ժամանակ անց իրատեսական չի համարել նրանց վերադարձն Արցախ, իհարկե, այս դեպքում առհասարակ փակված է համարել այս թեման:

Հիմա արդեն Փաշինյանը հետ է կանգնում, ըստ էության, նաև իր երբեմնի գնահատականներից, որ 2023 թվականին Ադրբեջանն Արցախում էթնիկ զտում է իրականացրել: Ավելին, նա, ըստ էության, գտնում է, որ Ալիևը հիմքեր ունի նմանօրինակ հայելային մեղադրանքի՝ «էթնիկ զտման», «ցեղասպանության» Հայաստանի դեմ:  Այն, որ Բաքուն և Ալիևը Հայաստանին մեղադրում են «Խոջալուի ցեղասպանության», Հայաստանում ապրած ադրբեջանցիների «էթնիկ զտման» համար, դա գաղտնիք չէ, ոչ էլ նորություն, բայց երբ ՀՀ ղեկավարությունը նման «լեգիտիմ» հիմքեր և իրավունք է տալիս, դա բոլորովին այլ բան է:

Ի դեպ, մինչ երեկ Փաշինյանը ՀՀ-ում արգելում էր «էթնիկ զտում», «ցեղասպանություն» խոսույթ-գնահատականները, Բաքուն կազմակերպել էր 37 երկրի ավելի քան յոթ տասնյակ միջազգային զբոսաշրջիկի այց «Խոջալուի ցեղասպանության զոհերի» հիշատակին նվիրված հուշահամալիր, որը մեկ ամիս առաջ է բացվել, և սա առանց որևէ պայմանականությունների: Եվ հիմա, երբ Նիկոլ Փաշինյանն ակնարկում է, թե դեռ պիտի հասկանալ՝ ցեղասպանությունները որը որից հետո է եղել, Ալիևին «հաղթաթուղթ» չի տալիս, առանց  այն էլ՝ կոնկրետ Խոջալուի դեպքերի հետ կապված՝ Ալիևն անտեսում է ակնհայտ փաստերը և պատասխանատվությունը դնում է հայկական կողմի վրա:

Փաշինյանը գիտի, չէ՞, որ Ալիևը Հայաստանին մեղադրել է իր իսկ օրոք տեղի ունեցած 44-օրյա պատերազմին առնչվող «Գյանջայի դեպքերի» համար և ոչ միայն, ավելին, «Գյանջայի դեպքերի» զոհերին նվիրված էլ  է հուշահամալիր կառուցվել: Եվ որքան էլ այսօր Արցախյան առաջին և 2020 թվականի պատերազմի համատեքստում Բաքվում դատապարտվել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունը, բայց դատավարության ժամանակ «Գյանջայի դեպքերի» համատեքստում տրվել են ՀՀ ռազմական նախկին ղեկավարության անունը, կոնկրետ զինվորականների: Փաշինյանը, որ այդ օրերին եղել է Արցախում,  վստա՞հ է, որ «ցեղասպանությունների» թեման փակելով՝ Ալիևն այս թեմային չի վերադառնալու Հայաստանի մասով, քանի որ, ինչպես նշեցինք, Բաքվում Արցախի նախկին ղեկավարները դատապարտվել են, թե՞ ասելու է, որ տեղյակ չէ, և գցելու է զինվորականության վրա:

Փաշինյանի ճեպազրուցային վերևում հիշատակված  հայտարարությունների ֆոնին, չէինք կարող անտեսել այն փաստը, որ Փաշինյանի թիմակից և նորից պատգամավոր դառնալու հայտ ներկայացրած Վիլեն Գաբրիելյանը «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության ղեկավարն է, որը պարբերաբար խոսել է 1988-1991թթ․ Ադրբեջանական ԽՍՀ-ում և 1992թ. Ադրբեջանի Հանրապետությունում պետության կողմից խրախուսված ցեղասպանական գործողությունների մասին (Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի հայկական ջարդեր, Հյուսիսային Ղարաբաղի հայերի բռնի, ջարդերով ուղեկցվող տեղահանում) և նշել, որ  որևէ իրավական քննության չեն ենթարկվել դրանք: Բացի այս, ժամանակ առ ժամանակ արձագանքել է Բաքվից հնչած տարաբնույթ հայտարարություններին, անդրադարձել օկուպացված Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը:

Այստեղ հարկ է նկատել, որ կազմակերպությունը բավականին ակտիվ էր նախորդ տարիներին, 2026թ. կարծես թե պասիվացել են: Այստեղ նաև հարց պետք է տալ Վիլեն Գաբրիելյանին. երբ իրենց քաղաքական առաջնորդը կասկածի տակ է դնում ադրբեջանական ջարդերի և ցեղասպան գործողությունների նախաձեռնողի հարցը, արդյո՞ք ինքը սրա հետ կապված հարցեր չի ունենում, ում ընտանիքը Բաքվից է Հայաստան տեղափոխվել, արդյո՞ք չի ստացվում, որ Բաքվում հայերը «մի բան արել են», որ ջարդեր են սկսվել, որ եղել է բռնի տեղահանում, էթնիկ զտում: Ավելին, Գաբրիելյանը, որ մշտապես խոսել է բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքից, հիմա այդ հարցը Փաշինյանը փակված է համարում, չեզոքացնում է այդ իրավունքը, ինչպե՞ս  է պատկերացնում իր գործունեությունն այս դաշտում: Միգուցե այստեղ, այսպես ասած՝ «подвох» կա, հատկապես, երբ Վիլեն Գաբրիելյանը տարբեր առիթներով դեմ չի եղել ադրբեջանցիների վերադարձին Հայաստան: Ի դեպ, ադրբեջանական «Հաքքինազը» 2024 թվականին հրապարակված իր հոդվածներից մեկում նկատել էր, որ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» միության ստեղծումը «սիմետրիկ» պատասխան էր «Արևմտյան Ադրբեջան» համայնքի ստեղծմանը, այսինքն, փորձ է արվել հավասարակշռել վերադարձի իրավունքի քաղաքացիական պայքարը: Այստեղ, իհարկե, կա տրամաբանություն, խնդիրն այն  է, որ Փաշինյանը փակել է վերադարձի իրավունքի թեման հայկական կողմի համար, ինչը չի արել Ալիևը:

Մոտ մեկ ամիս առաջ 168.am-ն «Ալիևի վտանգավոր և խորամանկ առաջարկը՝ Փաշինյանին» վերտառությամբ հոդված էր հրապարակել: Իսկ առջևում ԱԺ հերթական ընտրություններն են, որից հետո, չի բացառվում, որ ադրբեջանցիների վերադարձի թեման մի կողմ դրած Փաշինյանը գործնականում վերադառնա դրան, եթե ստանա հերթական լեգիտիմությունը…

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031