ՇՈՒՆԸ ՇԱՆ ԹԱԹ ՉԻ ԿԾԻ… ՔՆՆՉԱԿԱՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՆՉԻ՞ ՍԿՍԵՑ ԱՆԳԼԵՐԵՆ ՏԱՐԱԾԵԼ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽՈՒԴՈՅԱՆ
168TV-ի՝ «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը փաստաբան, իրավապաշտպան Հովհաննես Խուդոյանն է։

Իրավապաշտպանի հակիրճ գնահատմամբ՝ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից Հայաստանում իրավիճակը «տխուր» է․ վերջին շրջանի զարգացումներից ամենաառանցքային ու ամենապրոբլեմատիկը, ըստ նրա, դատարանների միջամտությունը եկեղեցու գործերին։
«Չէինք սպասում, որ իրավաբանությունը կարող է գլորվել ու հասնել այդ մակարդակին, բայց այժմ արդեն ականատեսն ենք լինում»,- շեշտեց նա։
Դիտարկմանը, որ տեսակետներ են հնչում նաև, որ ոչ մի իշխանության օրոք էլ մենք չենք ունեցել արդար դատական համակարգ, ինստիտուտներ, և հստակեցմանը, թե այդպիսի տեսակետնները որքանո՞վ են օբյեկտիվ, մասնագետը շեշտեց․
«Դա որոշակի ճշմարտության հատիկ պարունակում է, բայց այն պայմանով, որ դիտում ենք դատական և իրավապահ համակարգի առողջացման տրամաբանության մեջ։
Եթե, օրինակ, 90-ական թվականներին կարող էին լինել դատական ակտեր, որտեղ ապացույց օգտագործվում էր քննիչի ցուցմունքը, կամ՝ մենք ունենում էինք դատական ակտեր, որտեղ դատարանն օրենքով նախատեսված սանկցիայից ավել սանկցիա էր նախատեսել, որ չլսված բան է մեր օրերի համար, ապա հետագայում դատական համակարգն ավելի բարելավել և առողջացել է։
Պրոբլեմն այն է, որ 2018 թվականից այս կողմ՝ այդ, գուցե փոքր քայլերով զարգացումը նախ կանգ առավ և հետո սկսեց գահավիժել»։
Ըստ նրա՝ խնդիրն այն է, որ արժեքները, որոնք դրվել էին իշխանության եկողների հայտարարությունների հիմքում, իրականում իրենց արժեքները չեն եղել՝ ո՛չ մարդու իրավունքները, ո՛չ ժողովրդավարությունը, և այլն։

«Դա շատ հաճելի է մարդկանց ականջին, բայց մարդիկ, ովքեր այդ հայտարարություններն անում էին, իրենք էլ պետք է հավատային դրան։ Իսկ մենք ականատես եղանք, որ իշխանության գալով՝ անմիջապես սկսեցին գործեր կեղծել․ առաջին գործը Մանվել Գրիգորյանի գործն էր, որ կեղծիքներով սկսեցին հանրությանը կերակրել։
Տարբեր երկրներում կան քաղաքական հետապնդումներ և քաղաքական մրցակցություն՝ անառողջ իրավական գործիքներով, բայց պրոբլեմը շատ ավելի սրվում է, երբ 1 անձի վնասելու համար սկսում են համակարգեր քանդվել,- պարզաբանեց Հովհաննես Խուդոյանը՝ նկատելով,- Ինչքան շատ են այդ թիրախավորող անձինք, ինչքան շատ են կարմիր գծերի հատումները՝ իրավական դաշտում, այնքան համակարգն ավելի վատն է դառնում։ Նախ՝ պրոֆեսիոնալ կադրերն են լքում, գալիս են ոչ պրոֆեսիոնալները, իսկ ոչ պրոֆեսիոնալները, քանի որ խելքները չի հասնում, սկսում են կոշտ գործիքներով գործել․ մենք տեսնում ենք խոշտանգումներ ոստիկանության բաժիններում, տեսնում ենք անշնորհք վարքագիծ տարբեր պաշտոնատար անձանց կողմից և տեսնում ենք, ի վերջո, իրավունքի հետ կապ չունեցող դատավարական որոշումներ»։
Հարցին, թե՝ ինչո՞ւ դրսում չեն նկատում ներսում կատարվողը․ ինչո՞ւ են աչք փակում մինչև 2018 թվականն ակտիվ գործող միջազգային այս կամ այն կառույցները, կամ ժողովրդավարության առաջամարտիկ երկրները, փաստաբանը պատասխանեց․
«Արդեն վաղուց գաղտնիք չէ, որ սրա կենտրոնում հենց քաղաքական նկատառումներն են։
Արևմուտքի տարբեր երկրների՝ հատկապես եվրոպական երկրների քաղաքականությունն այս պահին որոշակի զուգահեռներ ունի մեր գործող իշխանությունների քաղաքական գծի հետ, այդ պատճառով նրանց շատ բաներ ներվում է։
Այո՛, իրենք ֆիքսում են, այո՛, իրենք երբեմն արձագանքում են իրավապաշտպանների առանձին հայտարարություններին, սակայն, դա ավելի շուտ ինչ-որ ձև է՝ իրենց պատիվը պահելու»։
Ինչ վերաբերում է մինչև 2018-ը շատախոս, իսկ դրանից հետո՝ հանկարծ սակավախոս դարձած իրավապաշտպաններին, ապա Հովհաննես Խուդոյանն արձանագրեց․
«Շատ մարդիկ, ովքեր մինչև 2018 թվականը դիրքավորվել են՝ որպես իրավապաշտպան, ապա հայտնվել են կա՛մ իշխանության տարբեր օղակներում, կա՛մ որոշակի աֆիլացիաներ են ունեցել իշխանական գործիչների հետ, բնականաբար, քանի որ շունը շան թաթ չի կծի (ժողովրդական արտահայտություն կա), իրենք չեն անդրադառնալու դրան: Իսկ այն մարդիկ, ովքեր նախկինում էլ են արտահայտվել, ներկայում էլ են արտահայտվում, վստահ եմ՝ ապագա իշխանությունների ապօրինի գործողությունների դեմ էլ կարտահայտվեն․ իրենք իսկական իրավապաշտպաններն են»։
Իշխանությունների կողմից եկեղեցու թիրախավորման մասին իր դիտարկումներում Հովհաննես Խուդոյանը նկատեց՝ պրոցեսներն ընդհանուր առմամբ եկեղեցուն կարո՞ղ են վնասել, թե՞ ոչ, կախված է բացառապես եկեղեցուց։
«Եթե պայքարի մեջ եկեղեցին ճիշտ է դրսևորվում, իսկ մինչև այսօր տեսել ենք, որ ճիշտ է դրսևորվում, ապա իրենք անխոցելի են լինում։ Առանձին հոգևորականների նկատմամբ կարող են հետապնդումներ լինել, կարող են եկեղեցիներ զավթել, կարող են օրենքներ ընդունել եկեղեցու իրավունքները սահմանափակող, բայց բարոյական, գաղափարական, կրոնական հավատքի տիրույթում այս գործիքները ոչ միայն չեն կարողանալու վնասել, այլև հակառակը՝ օգնում են եկեղեցուն։
Ես երբեք չեմ հասկացել՝ սրա նպատակը ո՞րն է եղել․ ի՞նչ օգուտ են ակնկալում, չեմ հասկանում՝ իրենց շահը ո՞րն է եկեղեցու նկատմամբ հարձակվելու․ միայն 1 տարբերակ եմ դիտարկել, որ սա կարող է Ադրբեջանին տրված խոստումների կատարման մաս լինել»,- մանրամասնեց նա։
Քանի որ Հովհաննես Խուդոյանը նաև Բագրատ Սրբազանի փաստաբանական խմբի անդամ է, նրանից հետաքրքրվեցինք՝ ինչի՞ մասին է Սրբազանի գործը։

«Նիկոլ Փաշինյանը, վախենալով իր իշխանությունը կորցնելուց, քրեականացրել էր «թավշյա հեղափոխությունը»։ Գործիքակազմը, որով ինքն ընկավ իշխանության, հասկանալով, որ դա կարող է սպառնալիք լինել իր իշխանության համար, հնարավորինս չեզոքացվեց իրավապահ մարմինների միջամտությամբ։
Այն ամենը, ինչը պլանավորել էր իրականացնել Բագրատ սրբազանը, 2024 թվականի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումից հետո, հրապարակներ լցնելուց հետո, որոշակի իմաստով՝ նաև այդ պայքարը ձախողելուց հետո, տարբեր պատճառներով (վերակազմավորման և նոր տակտիկայի ընտրության խնդիրը դրված չի), ավելի արդյունավետ փողոցային պայքար իրականացնելու համար՝ անձանց հետ աշխատանք տանելն էր, ոչ բռնի պայքարի գործիքակազմին ծանոթացնելը, որոշակի տակտիկական հնարքներ սովորեցնելն էր։
Այս խոսակցությունները, եթե ամբողջության մեջ դիտելու լինենք, մարդիկ միշտ ասում են՝ սա հանցագործություն է, սա չի կարելի անել, սա վարչական իրավախախտում է՝ չի կարելի պարեկներին կպնել, չի կարելի․․․։
Ի՞նչ էին իշխանությունները պլանավորել․ իրենք պլանավորել էին մարդկանց շատ «ծանր» մեղադրանք առաջադրել և փորձել այս մեղադրանքին կապել բոլոր հնարավոր քաղաքական գործիչներին, իրենց բոլոր հնարավոր քաղաքական հակառակորդներին։ Այսինքն՝ 1 կրակոցով, ոչ թե 2, այլ բազմաթիվ նապաստակներ խփել։
Դրա վառ վկայությունն այն էր, օրինակ, որ ունենալով այս խոսակցությունները ձայնագրված, հունիսի 20-ին շատ մարդկանց ձերբակալել են և բաց են թողել, որովհետև հունիսի 20-ին որոշակի փողոցային գործողություններ պետք է կատարվեին, նախ՝ դա էին կանխում, բայց բաց էին թողնում, քանի որ դրա քարոզչությունը դեռ պատրաստ չէր»,- մանրամասնեց փաստաբանը։
Ըստ նրա՝ 4-5 օր սպասելուց հետո միայն արտահոսքերով, իրենց արբանյակներով և մեդիաներով համագործակցելով՝ քարոզչական ֆոնն արդեն ապահովվել էր։
«Դրան հաջորդեց Ազգային ժողովի մակարդակով հայտարարությունը, որ մենք սա համարում ենք ահաբեկչություն, դատապարտում ենք, և բոլոր նրանք, ովքեր մեր հետ հավասար չեն դատապարտի, իրենք նույնպես ահաբեկչության կողմնակից և հովանավոր են։ Այսպես փորձելով բոլոր հնարավոր ընդդիմադիր գործիչներին, ովքեր որևէ մի առիթով, օրինակ, սրբազան պայքարի շրջանակում մասնակից են եղել, ներկայացնել որպես ահաբեկիչների խումբ, ահաբեկիչների որջ, և հատկապես ինչ է կարևոր, դա ցույց տալ արտաքին աշխարհին։
Որտեղի՞ց էս ազդակն առաջ եկավ, երբ որ տեղի ունեցավ աննախադեպ բան․ Քննչական կոմիտեն սկսեց ձայնագրությունները տարածել նաև անգլերենով։ Իրենք Հայաստանի Հանրապետության պետական հիմնարկ են, իրենց հանրային կապերի միակ տրամաբանությունը, որ ժողովրդին բացատրեն իրենց գործողությունների օրինականությունը կամ հաշվետվողականություն ապահովեն, բայց չգիտես՝ ինչու, սկսեցին այդ նյութերը տարածել անգլերենով։ Այդ պահից արդեն իսկ շատ ակնհայտ դարձավ, որ իրենց թիրախը ոչ միայն և գուցե ոչ այնքան ներքին լսարաններին, որքան արտաքին աշխարհին ցույց տալ, որ իրենք պայքարում են իբրև թե տեռորիզմի դեմ»։

Նկատառմանը, որ այսօր էլ իշխանությունները նմանատիպ գործերը փորձում են արտաքին հարթակներում տեղավորել հիբրիդային գործակալների դեմ պայքարի շրջանակում, Հովհաննես Խուդոյանը արձագանքեց․
«Եթե սկսենք օգտագործել այդ տերմինը և իր ամբողջության մեջ փորձենք պատկերացնել՝ հիբրիդային պատերազմ, դա այն է, ինչ իրենք են անում հայ ժողովրդի հետ՝ Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված։
Օրինակ՝ Ադրբեջանը սպառնում է հարձակվել, տարածք վերցնել, իրենք այդ քարոզչությունը սկսում են։ Այստեղ մի հարց կա կարևոր հնչեցնելու՝ ո՞րն է սահմանը։ Այո՛, պատերազմը շատ վատ բան է, բայց եթե դու պատերազմի սպառնալիքով գնում ես զիջումների, կարող ենք արձանագրել, որ ինչ-որ մի տեղ սահման կա․ այդ սահմանն անցնում է Տավուշի գյուղերո՞վ, անցնում է Սյունիքո՞վ, անցնում է Գեղարքունիքո՞վ, թե՞ անցնում է Երևանով․․․ որովհետև եթե ինչ-որ մեկն ուժի դիրքից է խոսում և տարածք է պահանջում, ինքը միշտ կարող է դա անել»։
Մանրամասները՝ տեսանյութում



