Այս պատերազմը Հայաստանին առնչվելու է մի քանի դրվագներով․ Արմեն Մանվելյան
Ժնևում ԱՄՆ-Իրան բանակցություններից ժամեր անց՝ շաբաթ առավոտյան, Իսրայելն ու ԱՄՆ-ը համատեղ ռազմական գործողություն սկսեցին Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Ու թեև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնարկից հետո հայտարարեց, թե պատերազմը կարող է տևել շուրջ չորս շաբաթ, սակայն իրանական կողմի հակադարձումներից պարզ դարձավ՝ ռեգիոնը մտնում է երկարատև տուրբուլենտության գոտի։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հակադարձել է՝ հենց Իրանն է որոշելու՝ երբ և ինչպես կավարտվի պատերազմը։
Հայաստանյան փորձագիտական շրջանակները պատերազմի մեկնարկից արդեն արձանագրում են, որ պատերազմն առնչվելու է նաև Հայաստանի Հանրապետությանը։
168․am-ի հետ զրույցում «ՀայաՔվե» միավորման վարչության անդամ, միջազգայնագետ Արմեն Մանվելյանն այս համատեքստում մանրամասնեց՝ սա Հայաստանին առնչվելու է տարբեր ձևերով՝ կախված նաև պատերազմի ժամկետներից․ «Նախ սկսենք էներգետիկ համագործակցությունից․ գաղտնիք չէ, որ կա Հայաստան-Իրան, այսպես կոչված, սվոփ ծրագիր (գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց), ու այս պահին դժվար է ասել` այդ համակարգն ինչքանով կաշխատի, քանի որ բացառված չէ, որ Իրանին ուղղվող հարվածներն ինչ-որ պահից հասնեն էներգետիկ ենթակառուցվածքներին, գազի, նավթի խողովակաշարերին և այլն։
Մյուս ամենամեծ խնդիրը կապված է հենց նավթի գների թանկացման հետ․ այս օրերին արդեն ականատեսն ենք այդ թանկացմանը՝ Brent տիպի նավթը 60 դոլարից հասել է արդեն այս պահին մոտ 80 դոլարի։ Վերջինս նշանակում է, որ ժամանակի ընթացքում նաև բենզինի ու մնացած վառելիքի գներն էլ կթանկանան։
Հաջորդն Իրանի հետ հաղորդակցության հնարավորությունից ՀՀ-ի` հնարավոր զրկումն է․ մենք Իրանի հետ ոչ միայն առևտուր ենք անում, այլև Իրանն օգտագործում ենք որպես տրանզիտ երկիր՝ օրինակ, Իրաքի հետ առևտրում։ Ինչպես նաև՝ Իրանից Հայաստանով Վրաստան գնացող տրանզիտի հարցն է։
Կանգ կառնի այդ առևտրաշրջանառությունը, տրանզիտի հնարավորությունը»։
Անդրադառնալով այս իրավիճակում Հայաստանի դիրքավորման մասին հարցադրումներին՝ Արմեն Մանվելյանը ճիշտ համարեց ՀՀ իշխանությունների չեզոք ու պասիվ դիրքավորումը։
«Պետք է համեմատաբար չեզոք լինեն, բայց նաև չտրվել խաբկանքների, թե այս պատերազմը կարող է մեզ ինչ-որ օգուտ բերել․ նկատեցի՝ մի քանի տգետ անձինք լուրեր էին տարածում, թե հիմա օդային տրանզիտը անցնում է Հայաստանով, և դա մեզ օգուտ է։ Դա սուտ է․ օդային տրանզիտը Հայաստանով չի անցնում, հիմնականում Վրաստանն է դրանից օգտվում և Ադրբեջանը»,- հավելեց նա։



