«Վեոլիա Ջուր» ընկերության պարզաբանումը՝ 2026թ. ջրամատակարարման ժամանակացույցի վերաբերյալ
Այս օրերին մամուլում «Վեոլիա Ջուր» ընկերության հրապարակած 2026 թվականի ջրամատակարարման ժամանակացույցի հետ կապված հաղորդագրություններին և հարցումներին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016թ. նոյեմբերի 30-ի N378-Ն որոշմամբ սահմանված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների» 134-րդ կետի պահանջի համաձայն՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն իր պաշտոնական կայքում (veolia.am) հրապարակում է Բաժանորդի հաջորդ տարվա Ջրամատակարարման գրաֆիկը, որը կազմվում է հասցեական, այնպես, որ Բաժանորդը հնարավորություն ունենա ծանոթանալ իր Ջրամատակարարման գրաֆիկին:
Հրապարակված ջրամատակարարման ժամանակացույցը, տասնյակ հազարավոր նոր սպառողների ավելացման հաշվին, տարվա ընթացքում, ըստ անհրաժեշտության ենթարկվում է փոփոխության (հիմնականում ամռան ամիսներին), ելնելով եղանակային պայմանների փոփոխություններից, ջրամատակարարման համակարգի տեխնիկական հնարավորություններից, ջրաղբյուրների ջրատվության շուրջ 24%-ով նվազումից և կառուցապատումների արդյունքում նոր ջրասպառողների թվի կտրուկ աճից:
Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխությունը նպատակ ունի նաև կանխել գիշերային ժամերին ջրի կորուստները, ինչը նպաստում է ցերեկային ժամերին սպառողներին կանոնավոր ջրամատակարարմամբ ապահովելուն:
ՀՀ կառավարության՝ ի դեմս Ջրային կոմիտեի հետ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում նախատեսված է հավելյալ շուրջ 3 անգամ ավելացած ծավալով ներդրումային կապիտալ ծրագրերի շարունակական իրականացում, որը կնպաստի ֆիզիկական կորուստների նվազեցման, ինչն էլ առաջիկա տարիներին կավելացնի Երևանի բաժանորդներին մատակարարվող ջրի ծավալները:
Իսկ մինչ ներդրումային ծրագրերի ավարտը՝ Ընկերությունն ունի կանոնակարգված պարտավորություն՝ տարեկան առնվազն երկու անգամ հայտարարելու ջրամատակարարման գրաֆիկների սեզոնային տատանումների մասին, որն իրականացվել է 2025 թվականի նոյեմբերին և 2026 թվականի փետրվարին:
Հարկ ենք համարում նշել, որ բաժանորդների ջրամատակարարման ժամանակացույցերի առումով Վարձակալության պայմանագրի մեկնարկից ի վեր որևէ պայմանագրային պարտավորություն չի խախտվել:
«Վեոլիա Ջուր»



