«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Այս մասին այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Մեր Սահմանադրությունն ունի 148–րդ հոդված, թե ով պետք է լինի ՀՀ վարչապետը։ Այս հոդվածը փոփոխվում է ԱԺ–ի քվեարկությամբ, այլ ոչ թե սահմանադրական բարեփոխումներով։ Իսկ ի՞նչ ընտրությունէ լինելու հունիսի 7–ին»,- հայտարարեց նա։
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը տեսանյութով բացատրեց, թե ինչպես է դա հնարավոր։ Նրա խոսքով` սահմանադրական փոփոխությունենրի երեք ռեժիմ գոյություն ունի` կան հոդվածներ, որոնք փոփոխման ենթակա չեն, կան հոդվածներ, որոնք կարող են փոխվել հանրաքվեի միջոցով, կան հոդվածներ, որոնք կարող են փոխվել ԱԺ–ի միջոցով։
«Սահմանադրության 148–րդ հոդվածը կարգավորում է կառավարության անդամին ներկայացվող պահանջները։ Այս հոդվածն անփոփոխելի հոդված չէ, դրա համար հանրաքվե չի պահանջվում, ուստի այս հոդվածի փոփոխությունները բավականին ճկուն են` ուղղակի ԱԺ–ի կողմից փոփոխությունների տեքստի ընդունում»,- ընդգծեց նա։
Սահակյանի խոսքով` փոփոխությունների այս նախագիծը դրվում է ԱԺ քվեարկության, և այն պետք է հավաքի պատգամավորների ընդհանուր թվի 2/3–ի ձայները։



