ՊՆ-ում Փաշինյանը ֆենոմենալ դրվագ է արձանագրել և Կառավարության նիստին ճշտումներ արել ՊԵԿ նախագահից. Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այն

Հունվարի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում զինվորականության հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն իր ներածական խոսքը սկսել է հետևյալով.

«Երբ ես պատրաստում էի Բանակի օրվա առիթով իմ ուղերձը, բնականաբար, պլանավորում էի, թե ինչ կարող եմ նշել այդ ուղերձում՝ այս ընթացքում բանակում կատարված փոփոխությունների և ձեռքբերումների տրամաբանությունն ընդգծելու համար: Եվ երբ սկսեցի թվարկել, հասկացա, որ ոչ թե ուղերձ, այլ գիրք պետք է գրեմ՝ վերջին տարիներին բանակում տեղի ունեցած փոփոխություններն արձանագրելու համար»:

Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը սա ասել է զինվորականությանը շնորհակալություն հայտնելուց հետո՝ նշելով, թե դա չպետք է ընկալել զուտ արարողակարգ, այլ այդ շնորհակալական խոսքերն ունեն կոնկրետ պատճառ, բայց հետո ասվածն ու թվարկվածը, ըստ էության, բացառապես իշխող կուսակցության, Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի գովաբանությունն է եղել՝ բարձր վարձատրություն, բնակապահովում և այլն:

Արդյո՞ք առաջին հերթին զինվորականության արածն է գնահատում, երբ ամեն պատեհ և ոչ պատեհ առիթի սկսում է ցույց տալ, թե ինչքան լավն է սեփական իշխանությունը, որքան բարձր աշխատավարձ է տալիս սպաներին, և այսպես շարունակ: Բնականաբար, սպան պետք է բարձր աշխատավարձ ստանա, լուծված լինեն նրա բնակարանային խնդիրները, հատկապես դիրքապահ, բայց արդյո՞ք բարոյական է ամեն անգամ զինվորականության աչքը «մտցնել» բարձր աշխատավարձը, ըստ արժանվույն չխոսելով այն բարդ ծառայության մասին, որը շատերն այսօր իրականացնում են նույնիսկ այսօրվա պայմաններում, և բանակում իրենց նշանակալի ավանդն են ունեցել: Այն դեպքում, երբ ցածր աշխատավարձը նրանց հետ չի պահել հերոսություններից, ՀՀ-ի և Արցախի ամեն մի միլիմետրը պահելուց: Հիմա էլ այլ ծայրահեղություն է՝ չկա գաղափար, կա գումար, և դեռ հայտնի չէ՝ գուցե որոշ դեպքերում սա՞ էլ է ավանս:

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանն է, չէ՞, մի առիթով խոսել «ավանսով հերոսների» մասին: Բայց ամեն ինչ այսքանով չի ավարտվում:

Հունվարի 29-ի Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատմել է.

«Ես երեկ Պաշտպանության նախարարությունում նստած էի դիմահայաց դեպի դահլիճը: Շատ հետաքրքիր ֆենոմեն էր. Պաշտպանության նախարարը ելույթ է ունենում և պատմում է, թե ինչ է տեղի ունեցել, ոլորտում ինչ է կատարվել, մեկ էլ դահլիճին եմ նայում և մեկ էլ զգում եմ, որ աչքերները սենց բան է լինում (ձեռքով ցույց է տալիս, թե իբր զարմացած աչքերի կոպերը բարձրացնում են։- Մ.Պ.), իրար են նայում: Իհարկե, Պաշտպանության նախարարությունն առանձնահատկություն ունի՝ այնտեղ տարբեր ստորաբաժանումներ իրենց գործը տենց չեն կիսում առանձնապես կողքինի հետ, բայց այդտեղ էդ խնդիրը կար: Այն արձանագրումները, որ անում էր, անպայման դահլիճի մի հատվածում ինչ-որ մի հատ սենց շարժ էր անցնում: Ընդ որում, դրանց մասին մենք կառավարության նիստի ժամանակ խոսել ենք, օրինակ, որ Ռազմական համալսարանի (2023 թվականից Ռազմական ակադեմիա է.- Մ. Պ.) գերազանց ուսանողը (տվյալ դեպքում՝ կուրսանտը։- Մ.Պ.) 175.000 կրթաթոշակ է ստանում և այդպես շարունակ»:

Այստեղ հարկ է նշել, որ 175.000 դրամ կրթաթոշակ ստանում է 5-րդ կուրսի գերազանց սովորող կուրսանտը, ինչպես ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Իսկ ի՞նչ էր ուզում ասել Նիկոլ Փաշինյանը, երբ հանրայնացնում էր Պաշտպանության նախարարությունում իր արձանագրած «ֆենոմենալ» դրվագը. Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ելույթի ժամանակ նրա ենթականերն «իրենց ճիշտ» չեն պահե՞լ, թե՞ զարմացել են՝ լսելով որոշ փոփոխությունների մասին՝ որպես կայացած իրողություն, որի մեղավորը Փաշինյանը գուցե Պապիկյանի՞ն է համարում: Եվ ոչ միայն այս դեպքում, առհասարակ, այսքան խոսելուց հետո երևի Նիկոլ Փաշինյանը բսվարար չի համարում բանակում եղած փոփոխությունների «ռասկրուտկան», հատկապես, երբ հունվարի 29-ի Կառավարության նիստի ժամանակ նա վերևում մեջբերված իր խոսքը շարունակել է՝ ասելով.

«Դուք աշխատատեղերի մասին եք խոսում, պարոն Հակոբյան (ՊԵԿ նախագահ։- Մ.Պ.), էրեկ մենք «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասին էինք խոսում, էդ աշխատատեղերը մեր տվյալներում արտացոլվո՞ւմ են ԶՈՒ պայմանագրային ծառայողների»:

Ի պատասխան՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն արձագանքել է. «Պայմանագրայինները չեմ կարող ասել, բայց այդ կտորով, այո, բաց ունենք: Այսինքն, այս աշխատատեղեր ասվածը հարկային գործակալների կողմից ներկայացված հաշվետվությունների հիման վրա ձևավորվածն է: Այսինքն, մենք պետք է առանձին դրա մասին խոսենք»:

Այստեղ Նիկոլ Փաշինյանը հակադարձել է. «Ուզում եմ ասեմ՝ ընդհանուր աշխատատեղերի թվերի մեջ արտահայտվա՞ծ է»:

«Կոնկրետ էդ դեպքը չեմ կարող միանշանակ ասել: Բայց Պաշտպանության նախարարության կտորով, այսինքն՝ այն, ինչ վերաբերում է գաղտնի հատվածին, այդ մասը չունենք»,- պատասխանել է ՊԵԿ նախագահը:

Բայց Նիկոլ Փաշինյանը սրանից հետո դարձյալ շարունակել է թեման:

«Ես ինչի համար եմ ասում: Տեսեք, նույն «Պաշտպան հայրենյաց», չնայած հասկանում եմ, որ այստեղ մի քիչ անձնական դաշտեր մտնելու երևույթ գուցե կա, բայց մի ժամանակ, երբ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը նոր էր սկսում, Պաշտպանության նախարարն իր էջում դնում էր գերազանց ատեստավորում անցած զինծառայողների մասին պատմություններ, ովքեր մոտավորապես 450-600 հազար դրամ աշխատավարձ են ստանում: Եվ այդ ռեպորտաժներում նկարագրվում, երևում էր էդ մարդկանց տունը: Մի քանի անգամ նախարարին ասել եմ, վստահ չեմ, որ դա լավ է հնչում, բայց համոզված եմ՝ դեպքեր կան, որ միանվագ 600.000 դրամ էդ տներ ոչ մի անգամ չի մտել։ Եվ երբ այսօր խոսում ենք սոցիալական վիճակի մասին, աղքատության նվազման ցուցանիշների, բա այդ թվում՝ դրա հաշվին են նվազում։ Գնանք էդ ռեպորտաժների տները նայենք, և հիմա գնանք էդ մարդկանց տները նայենք:

Գնանք տեսնենք, որ հիմա այդ մարդկանց բակում մեքենա կա, այդ մարդիկ հիփոթեքով բնակարան են ձեռք բերել, և այսպես շարունակ։ Այս ամենի մասին չի խոսվում, չի ասվում, բայց մենք պետք է արձանագրենք: Բանակում կան շարքային զինծառայողներ, որոնք ստանում են 700.000 դրամ և ավելի աշխատավարձ, շարքային պայմանագրային զինծառայողները, որոնք տարիներ առաջ ստանում էին 120.000 դրամ՝ 2018-ի դրությամբ, թող 180.000 դրամ ստանային»,- ասել է նա:

Սրանից կարող ենք արձանագրել, առաջին՝ ՊԵԿ նախագահի արձագանքից կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հրապարակավ խոսում և պահանջում է մի պատասխան, որը գաղտնիության տարրեր է պարունակում, և ով գիտի՝ գուցե ստվերային կասկածներ ուներ (այստեղ մտածելու բան ունի Սուրեն Պապիկյանը), այլ ոչ միայն փորձում էր ցույց տալ աշխատատեղերի ավելացում:

Ավելին, այս հարցերը Փաշինյանը շատ հանգիստ կարող էր ճշտել իր թիմակից նախարարից, բայց՝ ոչ, այստեղ ևս պետք է «վատ դրություն» ստեղծեր նրա համար, եթե, իհարկե, սա տեսնում և հասկանում է Պաշտպանության նախարար Պապիկյանը:

Երկրորդ, Փաշինյանը փորձում է բանակին օգտագործել իր նախընտրական PR արշավում՝ որպես սովորական աշխատատեղ ստեղծող կառույցի, այսինքն՝ չկա ընկալում, որ գործ ունի պետական և անվտանգային կարևոր ինստիտուտի հետ, և սրանք դեռ «ծաղիկներն են», նախընտրական ակտիվ շրջանը դեռ առջևում է:

Ի դեպ, այն, ինչ ասվեց, Փաշինյանն ինքը խոստովանեց, որ դրանով հատում է բարոյական և անձնական սահմաններ: Չենք զարմանա, եթե ՊՆ կամ ԳՇ ղեկավարությանը որոշի ուղարկել վերևում հիշատակված դեպքերի հետքերով և ռեպորտաժների նոր շարք ներկայացվի. Բակում՝ մեքենա, հիփոթեքով լավ տուն, և այլն:

Ի դեպ, թեև կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը փորձում էր ապացուցել, որ այսօր Ռազմական ակադեմիայում կուրսանտների բավարար թիվ կա, մինչդեռ նախկինում դիմորդների թիվն անկում էր ապրում, ամեն դեպքում, Կառավարության նիստից հետո Սուրեն Պապիկյանը որոշել էր կամ քաղաքական հանձնարարություն ստացել ռազմական հաստատության դիմաց կանգնած մանրամասն ներկայացնել Ռազմական ակադեմիայում ստեղծված պայմաններն ու այստեղ սովորելու արտոնությունները, թեև այստեղ ոչ մի նոր բան չկա, ամեն ինչի մասին բազմիցս ներկայացվել է և՛ նախարարի կողմից, և՛ ակադեմիայի պետի: Խոսքը, բնավ, դրա մասին չէ, որ չպետք է խոսել արվածի մասին։ Խոսքն այն մասին է, որ Պաշտպանության նախարարը ստիպված է անձամբ տեսահոլովակներում նկարվել և հերթական անգամ ներկայացնել ռազմական կրթական հաստատության ծրագրերը:

Եվ քանի որ խոսք գնաց «Պաշտպան հայրենյացից», որ նախադեպը չի ունեցել, որ այդպիսի համակարգ նախկինում չի եղել, հարկ է հիշեցնել, որ դրա հիմքում, ըստ էության, նախկին իշխանությունների, ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի «Ես եմ» ծրագիրն է։ Սա՝ մեկ: Երկրորդ, Զինված ուժերում սերժանտական համակարգի ներդրումը ևս իր նախապատմությունն ունի, և դրա արմատները տանում են 2008-2010 թվականներ: Նույնը նաև «Հրամանատրում առաջադրանքով» ՆԱՏՕ-ական հայեցակարգային նախաձեռնության դեպքում է: Ամոթ բան չէ «սկզբնաղբյուրները» նշելը:

Ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, ապա բազմաթիվ դեպքեր են եղել, երբ թիրախավորվել է յուրայինների կողմից, այդ թվում՝ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի բանակին առնչվող կոնկրետ նախագծի  միջոցով: Դա, բնականաբար, առանց Նիկոլ Փաշինյանի «դաբրոյի» չէր կարող լինել, բայց արի ու տես, որ Հայկ Սարգսյանը ոչ միայն դուրս մնաց ՔՊ նախընտրական ցուցակից, այլ հայտնվել է անձամբ Նիկոլ Փաշինյանի թիրախում:

Մասնավորապես, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նա նշել է, որ Սարգսյանի հարցը մի քանի անգամ է քննարկվել «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստերի ժամանակ։

«Ես չեմ կարծում, որ այդ քննարկումների բովանդակությունը հանրային դարձնելուն ուղղված գործողությունները բխում են պարոն Սարգսյանի շահերից։

ՔՊ վարչության նիստի ժամանակ ամիսներ առաջ խիստ նկատողություն է հայտարարվել պարոն Սարգսյանին, դա ունեցել է կոնկրետ պատճառ, որին հետևել են իրավական գործընթացներ։

Այդ պատմությունն ընդամենը մեկ բանի մասին է, որ ՔՊ-ն իր անդամների ոչ կանոնավոր, կոռուպցիոն տեսանկյունից խնդրահարույց գործողությունները չի հանդուրժելու։ Սա պետք է պարզ լինի բոլորի համար»,- զգուշացրել է Փաշինյանը, ինչից հետո լրատվամիջոցները չեն բացառել Հայկ Սարգսյանի՝ մեղադրյալի աթոռին հայտնվելը:

Նիկոլ Փաշինյանը վերը նշված հայտարարությամբ հստակ մեսիջ է ուղարկել յուրայիններին, որոնց հարմար պահի առանց մտածելու պատրաստ է զոհել՝ առանց բացառության:

Իսկ լավագույն դեպքում՝ չհամակերպվելով իր թիմակիցների բարի համբավի հետ, կարող է նրանց հեղինակությանն ամեն կերպ փորձել վնասել, թիրախավորման դաշտ ստեղծել, ինչը տեղի է ունենում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դեպքում, ում կառուցողական էին համարում և՛ լրագրողները, և՛ ընդդիմությունը, ով չի հատում բարեկրթության սահմանները հարցուպատասխաններում և շփումներում:

Տեսանյութեր

Լրահոս