Ինչո՞ւ են ՌԴ-ին փորձում զրկել երկաթուղային լծակից
ՀՀ տարածքում գործող երկաթուղային ենթակառուցվածքի ռուսական կառավարման հարցում Երևան-Մոսկվա տարաձայնություններ են հասունանում։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հայաստանյան երկաթուղային ցանցը ռուսական վերահսկողությունից դուրս բերելու և երրորդ կողմի հանձնելու-վաճառելու ցանկության մասին:
«ԹՐԻՓՓ-ի շրջանակներում կան ուժեր, ովքեր ասում են, որ՝ եկեք այնպես անենք, որ Մեղրիից հետո, երբ մտնում է Նախիջևան, չմտնի Նախիջևան և շրջանցի Հայաստանը: Բնականաբար, մեր միջազգային գործընկերներն ասում են՝ «ո՞նց շրջանցի Հայաստանը, Հայաստանը մեր գործընկերն է»: Այդտեղ նրանք, ովքեր ուզում են Հայաստանը շրջանցել, ասում են՝ Հայաստանի երկաթուղին Ռուսաստանի կառավարման ներքո է: Մենք ամեն ինչ անում ենք համոզելու համար, որ, այո, Ռուսաստանի կառավարման ներքո է, բայց Հայաստանի սեփականությունն է, ու Ռուսաստանը որևէ ձևով չի ցանկանում ու գործնականում էլ խոչընդոտ չի հարուցի տարածաշրջանային նախագծերի վերաբերյալ: Սրա մասին ես Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ էլ եմ խոսել, գիտեմ, որ նա աջակից է այս բոլոր ծրագրերին,- նշել էր Փաշինյանը՝ ընդգծելով,- Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարման բերումով մենք ռազմավարական մեր դիրքերի կորուստ ենք ունենում ու մրցակցային առավելության կորուստ ենք ունենում»:
Նաև հավելել է. «Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություն ունի և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի հետ, ուղղակի գնի Ռուսաստանից կոնցեսիոն կառավարման իրավունքը»։
Այս հայտարարությունից հետո հայտնի դարձավ, որ ԹՐԻՓՓ-ը կապելու է Ադրբեջանը Նախիջևանին՝ այնտեղից շարունակվելով դեպի Թուրքիա և Եվրոպա: Այս մասին օրերս Մյունխենում հայտարարեց Իլհամ Ալիևը՝ անդրադառնալով ենթակառուցվածքին և բացահայտելով այն, որ երկաթուղին Նախիջևանից չի մտնելու Երասխ, հասնելու Ախուրիկ (Գյումրի) և հետո՝ Կարս, այլ միայն ծառայելու է՝ որպես Ադրբեջանը Նախիջևանին կապող երթուղի:
Ըստ Փաշինյանի հայտարարությունների տրամաբանության, ԹՐԻՓՓ-ը չի շարունակվում Նախիջևանից դեպի ՀՀ, քանի որ ՀՀ տարածքում երկաթուղային ցանցը վերահսկում է ռուսական կողմը, և այդ ներկայությունը խոչընդոտում է Հայաստանին բացահայտել իր ողջ ներուժը։ Սակայն սա միայն փաշինյանական վարկածն է, մի շարք վերլուծաբանների խոսքով՝ ՀՀ իշխանությունը հայամետ որոշումներ բանակցելու անկարողությունը պարզապես կրկին բարդում է ռուսական կողմի վրա։ Այնուամենայնիվ, ռուսական կողմն այս առաջարկը բացարձակապես չի ցանկանում ընդունել։
Օրերս թեմայի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնեց ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ինչպես նաև ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, հայտարարելով, թե Հայաստանի երկաթուղային համակարգում ռուսական ներդրումների ծավալը գրեթե 20 տարվա ընթացքում գերազանցել է 30 միլիարդ ռուբլին:
Ըստ նրա, շուրջ 20 տարի «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ-ն պատասխանատվությամբ կատարում է կոնցեսիոն պայմանագրի դրույթները, այդ թվում՝ ներդրումներին վերաբերող: Նրա խոսքով՝ այդ ընթացքում ռուսական ներդրումները հայկական երկաթուղիների համակարգում, ներառյալ՝ շարժակազմը, գնահատվում են ավելի քան 30 մլրդ ռուբլի:
«Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է, թե Հայաստանի երկաթուղիների գտնվելը ռուսական ընկերության կոնցեսիոն կառավարման ներքո վախեցնում է պոտենցիալ գործընկերներին՝ խոչընդոտելով տարածաշրջանային նախագծերին, և մտածում է հայկական երկաթուղային ցանցի վերահսկողությունը թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի համար բարեկամ երկրի փոխանցելու մասին»,- նկատել է Շոյգուն:
Նա հիշեցրել է, որ պայմանագիրը նախատեսում է «ՀԿԵ» ՓԲԸ-ի կողմից՝ որպես կոնցեսիոների, կոնցեսիոն ակտիվների տիրապետումը, օգտագործումը, կառավարումը, շահագործումը, սպասարկումը, վերանորոգումը և անհրաժեշտ բարելավումները։
«Ասեմ, որ ռուսական կողմը պայմանագրի ստորագրման ժամանակ պատասխանատվություն է ստանձնել հայկական երկաթուղային համակարգի ավելի քան 1,2 հազար անշարժ գույքի կոնցեսիոն ակտիվների և ավելի քան 12,5 հազար շարժական գույքի օբյեկտների համար»,- տեղեկացրել է ՌԴ ԱԽ քարտուղարը։
Ինչպես նշել է Շոյգուն, վերջին 20 տարիների ընթացքում, շնորհիվ կոնցեսիոն պայմանագրի, Հայաստանի բյուջե է վճարվել ավելի քան 15 միլիարդ ռուբլի՝ հարկերի տեսքով, ինչպես նաև վերանորոգվել է ավելի քան 520 կմ ճանապարհ, այն դեպքում, երբ «ՀԿԵ» ՓԲԸ-ի կառավարման տակ գտնվող ցանցի շահագործվող երկարությունը կազմում է շուրջ 700 կմ։ «Իրականացվել է կոճերի 50%-ի փոխարինում, կատարվել է ավելի քան 50 կառույցների, այդ թվում՝ 38 կամուրջների և 2 թունելների վերանորոգում և վերակառուցում: Եթե վերցնենք վերջին երկու տարվա վիճակագրությունը, ապա պատկերը հետևյալն է. տարեկան միջինը «ՀԿԵ» ՓԲԸ-ն տեղափոխում է ավելի քան 500 հազար ուղևոր (որոնցից մոտ 360 հազարը՝ ներքին հաղորդակցությամբ) և ավելի քան 1,6 միլիոն տոննա բեռ», – հավելել է նա։
Վրացի վերլուծաբան Իրակլի Մենաղարիշվիլին չի բացառում, որ ռուսական ներկայության հարցը բարձրացվում է թե բանակցային սեղանին, թե նաև, որ այս ապաշրջափակման օրակարգի ֆոնին փորձ է արվում այդ հարցը հստակեցնել ու Ռուսաստանին զրկել ՀՀ տարածքում այդ լծակից։

Ըստ նրա, երկաթուղային ցանցի կառավարումը, սպասարկումն էական լծակ է։
«Բնականաբար, երբ որոշումների կայացման պահը հասունանա, ՌԴ-ն փորձելու է օգտվել իր այդ լծակից, դրա միջոցով փորձելով մասնակցել այդ նոր երթուղիների ձևավորման գործընթացին։ Իսկ այդ ընդհանուր գործընթացն ուղղված է ռեգիոնալ աշխարհաքաղաքական վերադասավորումներին, Արևմուտքի դիրքերի ամրապնդմանը։ ԱՄՆ-ը թեև հրապարակային չի վիճարկում ՌԴ ազդեցությունը Հարավային Կովկասում, բայց ձգտում է դոմինանտության, ինչը մենք տեսնում ենք, ուստի, թերևս պատահական չէ, որ այս հարցը բարձրացվում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց վերլուծաբանը։
Բացի այդ, նրա կարծիքով, չի բացառվում, որ այս թեման հրահրել է ռուսական կողմը՝ անընդհատ հայտարարելով իր այդ բացառիկ իրավունքների մասին։
«Չէ՞ որ ռուսական կողմի համար բարդ է ընդունել Հարավային Կովկասում առանցքային զարգացում՝ առանց ՌԴ մասնակցության։ Աշխարհում բարդ վերադասավորումներ են։ Ի դեպ, դրանք տեղի են ունենում նաև այնպիսի հարաբերություններում, որոնցում փոփոխություններ բարդ կլիներ պատկերացնել։ Խոսքը նաև ԱՄՆ-ի ու Եվրոպայի հարաբերությունների մասին է, ԱՄՆ դաշնակիցների շրջանակը ևս փոփոխվում է ԱՄՆ նախագահի արտաքին քաղաքականության հետևանքով, փոփոխություններն ամենուր են, նաև Հարավային Կովկասում, որտեղ դրանք ավելի վաղ սկսվեցին»,- ասաց Իրակլի Մենաղարիշվիլին։



