Անհնար է պատկերացնել մի հոգևորականի, որը չխոսի Հայոց ցեղասպանությունից կամ Արցախից․ Տեր Փառեն քահանա Առաքելյան

Անընդունելի է, որ հայ մարդը գա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Տաճարի վրա, ընդհուպ՝ ոտքով հարվածի Մայր Տաճարի դռանը, որի առաջ մենք բոլորս ծնկի ենք իջնում։ Բայց նրանք մեր հոգևորականներին և հատկապես Վեհափառ Հայրապետին չեն կարող հունից հանել։ Իրենք ուզում են, որ իրենց հետ հեռակա բանավեճի մեջ մտնենք, բայց մենք պիտի խոսենք մեր հավատացյալների հետ՝ ցույց տալով ճշմարտությունը։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը։

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր հավատո հանգանակի մեջ անվանվում է «երկինք երկրի վրա»։ Երբ մեկը փորձի պայքարել այդ երկնքի դեմ, անպայման պիտի պարտություն կրի։ Մենք չենք պայքարում, մենք անում ենք մեր առաքելությունը, մենք ունենք մի նպատակ, որը երկնքի արքայությունն է։ Որոշ հոգևորականներ անընդհատ «բարենորոգում» բառն են գործածում։ Մինչդեռ ճշմարիտ բարենորոգողները հիմա ազատազրկված են»,- ասաց հոգևորականը:

«Եկեղեցու ճշմարիտ բարենորոգողը Միքայել Սրբազանն է, որն ամբողջ քահանայից ժողովի պատասխանատուն է, իսկ այդ ժողովը քննարկումներ է անում, մարդկանց հուզող հարցերն է վերհանում քահանաների միջոցով։ Ճշմարիտ բարենորոգողն Արշակ Սրբազանն է՝ Մայր Աթոռի դիվանապետը, որը զբաղվում է ամբողջ գրագրությամբ, թեմերի միջև հաղորդակցությամբ։ Ճշմարիտ բարենորոգողը Մկրտիչ Սրբազանն է, որն այս ընթացքում քահանաների և աշխարհիկ անձանց հետ համագործակցաբար պատրաստում էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հովվական և ծիսական կյանքին վերաբերող փաստաթուղթը։ Ճշմարիտ բարենորոգողը Բագրատ Սրբազանն է, որը մինչև Տավուշի թեմի առաջնորդ լինելը՝ եկեղեցու հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրենն էր»,- նշեց քահանան:

Կարդացեք նաև

Տեր Փառենի պնդմամբ՝ երբ մարդիկ՝ հոգևորական թե աշխարհական, դրոշակ են ծածանում՝ ասելով, թե իբր բարենորոգողներ են, թող նայեն իրենց, ապա իրական բարենորոգողների անցած ճանապարհին. «Հալածանքների ժամանակ եկեղեցին հզորանում է։ Դա գալիս է քրիստոնեության արմատներից։ Երբ առաջին դարում քրիստոնյաներին հալածում, մահվան էին դատապարտում, ամեն մի ջատագովի հալածանքներից ու մահից հետո ծնվում էին բազում այլ քրիստոնյաներ։ Անհնար է պատկերացնել մի հոգևորականի, որը չխոսի ցեղասպանությունից կամ Արցախից։ Եթե 21-րդ դարի տեսանկյունից նայենք, ի՞նչ է՝ Հովհաննես Օձնեցի կաթողիկոսը քաղաքականությա՞մբ էր զբաղվում»:

«Մեր եկեղեցին ոչ թե խոսող, այլ գործող եկեղեցի է։ Մենք շատ մեղադրանքներ լսեցինք Վեհափառ Հայրապետի մասին։ Հիմա ո՞ւր են այդ մեղադրանքները։ Ի՞նչ պատճառով Վեհափառ Հայրապետին թույլ չտվեցին դուրս գալ երկրից։ Անընդհատ ուզում են հեղինակազրկել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, բայց հակառակն է տեղի ունենում։ Մարդու համար գերագույն արժեքն իր սրբազան հիշողությունն է։ Այն մարդը, որը խոնարհվել է Ամարասի Սուրբ Գրիգորիսի գերեզմանի, Գանձասարի խորանի առջև, կամ քայլել է Արցախի հողի վրայով և էներգիա ու սրբություն չի զգացել, խնդիր ունի»,-  ասաց Սաղմոսավանքի հոգևոր հովիվը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս