Իրանը ՄԱԳԱՏԷ–ին կոչ է արել արգելել միջուկային օբյեկտների վրա հարձակումները
Իրանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի նիստում խոսել է միջուկային օբյեկտների նկատմամբ հարձակումների և սպառնալիքների անվերապահ արգելքի անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Ինչպես նշել է իրանական կողմը, ԱՄՆ-ն և Իսրայելը, որոնք միջուկային զենք ունեն, ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների ներքո հարձակումների 17 ալիք են իրականացրել Իրանի միջուկային օբյեկտների վրա:
Հայտարարությունում ասվում է, որ ամենալուրջ հարձակումներից մեկը եղել է Բուշերի ԱԷԿ-ի ռեակտորից մոտ 350 մետր հեռավորության վրա գտնվող օբյեկտին հասցված հարվածը, որը մարդկային զոհերի է հանգեցրել:
Պատվիրակությունը նաև նշել է, որ ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչներն ավելի վաղ հրապարակայնորեն սպառնացել են հարվածներ հասցնել իրանական ատոմակայաններին:
Հայտարարության համաձայն՝ Բուշերի ԱԷԿ-ում պահվում են մի քանի հազար կիլոգրամ միջուկային նյութեր, և օբյեկտին ուղղակի հարվածելը կարող է հանգեցնել ռադիոակտիվ նյութերի շատ բարձր արտանետման:
Հիշեցնենք` 2025 թվականի հունիսին ԱՄՆ-ն հարվածներ հասցրեց իրանական միջուկային օբյեկտներին «Կեսգիշերային մուրճ» (Midnight Hammer) գործողության շրջանակում։ ԱՄՆ-ն Իրանի հետ գործարք կնքելու համար պահանջում է փոխանցել միջուկային նյութերը և հրաժարվել միջուկային զենք ստեղծելու հավակնություններից, որոնց առկայությունը Թեհրանը հերքում է:

