«Մեքենան վարում ես, չգիտես՝ ուր է տանում, նույնիսկ սրա վրա են գումար գողացել». Վահագն Սահակյան

Հայաստանի տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանի խոսքով՝ այսօր Հայաստանի ճանապարհներին երթևեկելը դարձել է կյանքի համար խիստ վտանգավոր, և այս խնդիրը պատկան մարմիններին չի անհանգստացնում։

«Վտանգավոր գոտիները չեն վերակառուցում ու կահավորում հատուկ նշաններով։ Տեսեք, ճանապարհ են սարքում, աջ կողում պետք է լինեն լույս անդրադարձնող կարմիր հատուկ նշաններ, իսկ ձախում՝ սպիտակ գույնի, մինչդեռ բոլոր տեղերում սպիտակ նշաններ են դրված։ Այսինքն՝ նույնիսկ սրա վրա են գումար գողացել, որը մարդու կյանքի անվտանգությանն է վերաբերում։ Մեզ մոտ մեքենան վարում ես, չգիտես՝ ուր է տանում, տանում է անհայտություն»,- 168.amի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց Վահագն Սահակյանը։

Նա նշեց, որ այս ամենին զուգահեռ՝ կա նաև օնլայն տաքսիների խնդիրը, որը քաղաքացին պատվիրում է ու չգիտի՝ ինչ վարորդ է գալու։

««Յանդեքսն» այս երկրի գլխին եկած ամենամեծ փորձանքներից է, վերջերս արդեն պաշտոնական հայտարարվեց, որ այն ադրբեջանական է. «Յանդեքսը» գնել է «Լուկօյլը», որի տերն ադրբեջանցի է։ Ու իրենք ի՞նչ են ուզում, որ Հայաստանում ինչքան վթար լինի, մարդ մահանա, այնքան իրենց օգուտն է։

Կարդացեք նաև

Այդ ընկերությունն այսօր Հայաստանում ձեռքերն ազատ աշխատում է, գոյություն ունի «Տաքսի ծառայությունների մասին» օրենք, տեսե՞լ եք որևէ մեքենա, որը լիցենզիա ունի։

Ռուս զբոսաշրջիկներն այդ տաքսիներից տեսանյութեր են նկարահանում ու տարածում, որին ուշադրություն դարձնող չկա։ Ուղևոր տեղափոխելուց հետո վարորդը պետք է սթափ ու հանգիստ լինի»,- նշեց Վահագն Սահակյանը։

Վահագն Սահակյանը նաև ասաց՝ երկար ժամանակ ուսումնասիրել է վթարները և եկել է այն եզրակացության, որ դրանց գերակշիռ մասը տեղի է ունենում տաքսու վարորդների կողմից։

«Ղեկին արգելել են հեռախոս օգտագործել, քանի որ օգտագործելիս 90 տոկոս կարող է վթար լինել։ Մի կողմից՝ արգելում են, որ ղեկին հեռախոս օգտագործեն, մյուս կողմից՝ օնլայն տաքսու վարորդները դրանք օգտագործում են, դա դարձել է օնլայն տաքսու վարորդների միակ աշխատանքային գործիքը։

Օրինակ, Գերմանիայում այդ տաքսի ծառայություններում տաքսու վարորդին պատվեր չի գալիս այնքան ժամանակ, մինչև նախորդ պատվերը չի ավարտվել ու մեքենան կանգնած չէ տաքսիների համար առանձնացված հատուկ վայրում։ Իսկ Հայաստանում սա բիզնես է և, իմ տեղեկություններով, Կառավարության ամենավերևից սկսած՝ դրանից տոկոս ունեն՝ հենց այս կառավարությունը եկել է ու սկսել է տոկոսներ ստանալ։ Դրա համար էլ այս վիճակում ենք»,- շեշտեց Վահագն Սահակյանը։

Նա նաև ընդգծեց՝ ասֆալտ փռելով կամ «ասֆալտին փռելով» հարց չեն լուծում, շան գլուխն այլ տեղում է թաղված։

«Սկզբում մտածում էի, որ այս մարդիկ անգրագետ են, չեն հասկանում, հետո հասկացա, որ իրենք լավ էլ հասկանում են ու դրանով փող են աշխատում»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Տեսանյութեր

Լրահոս