Եթե պետությունը չունի պաշտպանվելու ցանկություն, այդ անվտանգային համակարգերի ազդեցությունը դառնում է զրոյական․ քաղաքագետ
Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում վերջին շրջադարձային զարգացումները տեղի ունեցան 2026 թվականի նոյեմբերի 11-ին՝ Մոսկվայում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ․ գագաթնաժողովում (որին Հայաստանը չի մասնակցել) որոշում կայացվեց Հայաստանին զրկել կազմակերպությունում ձայնի իրավունքից, ինչպես նաև՝ կառույցի պատասխանատու պաշտոններում ներկայացուցիչներ նշանակելու հնարավորությունից։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը սա հիմնավորեց նրանով, որ Հայաստանը վերջին 3 տարիներին չի կատարել իր կանոնադրական պարտավորությունները և չի վճարել անդամավճարները։ Բելառուսի ԱԳ նախարար Մաքսիմ Ռիժենկովն էլ հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամները նպատակահարմար են համարել սահմանափակել Հայաստանի հասանելիությունը կազմակերպության փակ բնույթ կրող փաստաթղթերին։
Թեև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել են, որ ՀԱՊԿ դուռը Հայաստանի համար փակ չէ, սակայն պաշտոնական Երևանն իր հայտարարություններով բացահայտում է՝ վերադարձ չի էլ ուզում․ 2026 թվականի հոկտեմբերի վերջին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ լիարժեք աշխատանքներին այլևս հնարավոր չէ, իսկ 2026 թվականի նոյեմբերի սկզբին Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանի հետաքրքրությունը ՀԱՊԿ-ի նկատմամբ սպառված է։ Նա նաև նշել էր, որ Երևանը մտահոգված չէ հնարավոր հեռացմամբ և ի գիտություն կընդունի նման որոշումը, քանի որ դա կազատի Հայաստանին «դուրս գալ-չգալու» երկընտրանքից։
Որո՞նք են լինելու այս գործընթացի հնարավոր հետևանքները, ո՞րն է լինելու ՀԱՊԿ այլընտրանքը․ 168․am-ն այս հարցադրումներն ուղղեց նաև քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանին։
«ՀԱՊԿ-ի այլընտրանքը ՆԱՏՕ-ն է,- նշեց քաղաքագետը, ապա արձագանքելով մեր հստակեցմանը, թե արդյո՞ք այս ուղղությամբ են գնում իշխանությունները՝ հավելեց,- Իշխանությունները Հայաստանի Հանրապետությունը ոչ մի ուղղությամբ չեն տանում․ տանում են միայն մեկ ուղղությամբ՝ այնտեղ, որտեղ կործանվում է պետականությունը։ Դրա համար՝ մի տեղ ձայնից կզրկվի, մի տեղ՝ ի՞նչ կլինի, իրականում ոչ մի բան չի փոխում։ Եթե պետությունը չունի անվտանգային քաղաքականություն, չունի պաշտպանվելու ցանկություն, ամեն ինչ զիջում է թշնամուն, այդ անվտանգային համակարգերի ազդեցությունը դառնում է զրոյական։ Ինչպես որ բժիշկներն են ասում՝ երբ հիվանդն ուզում է մեռնել, բժշկությունն անզոր է։
ՀԱՊԿ-ում կլինենք, ձայն կունենա՞նք, թե՞ չենք ունենա․․․ ունեինք ձայնի իրավունք՝ ո՞նց էր օգտագործում Հայաստանը»։
Քաղաքագետը, ի թիվս անվտանգային մարտահրավերների՝ նշեց նաև բանակի թուլացման հարցը։
«Հայտարարում են, որ մեր խաղաղության երաշխավորը մեր զինված ուժերը չեն, այլ չգիտեմ․․․ Էրդողանի ու Ալիևի խոստումները։ Նման քաղաքականություն իրականացնող իշխանության համար ի՞նչ արժե ՀԱՊԿ-ում մնալ-չմնալու հարցը, կամ` ցանկացած այլ անվտանգային համագործակցություն դադարեցնելու հարց։ Ոչինչ: Դա իրենց նպատակաուղղված քաղաքականությունն է, որ իրականացնում են։ Եվ այստեղ շահում է մեկ սուբյեկտ՝ հենց բուն իշխանությունը, որ, ամենայն հավանականությամբ, ինչ-որ պատվերներ ունի, կամ խնդիրներ, որոնք կատարում է՝ փոխարենը ստանում իշխելու հնարավորություն»,- ամփոփեց քաղաքագետը։

