Բաքուն չի շտապում Իսրայելին ուղիղ մեղադրել տեխնոլոգիական արտահոսքի համար, կամ՝ հայկական զինուժի խոցած «Harop»-ները

Մոտ 10 օր առաջ Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի՝ ՀՀ այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրայնացրել է Հայաստանի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները, որոնք մինչ այս գաղտնի էին պահվում և ցուցադրվում էին միայն փակ ձևաչափով:

Նշենք, որ այցի ընթացքում ցուցադրվել են նաև հայկական արտադրության տարբեր անօդաչու թռչող սարքեր, ինչն օրեր անց հայտնվում է իսրայելական որոշ աղբյուրների թիրախում:

Մասնավորապես, իսրայելական Globes պարբերականը «Armenia unveils suicide drone resembling IAI’s Harop» վերտառությամբ հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, թե Հայաստանը ներկայացրել է Israel Aerospace Industries (IAI) ընկերության կողմից մշակված «Harop» կամիկաձե ԱԹՍ-ի համարժեքը, ինչը դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում:

Կարդացեք նաև

Միաժամանակ, Globes-ը, հղում անելով Իսրայելի պաշտպանական արդյունաբերության պաշտոնյայի, վարկած է առաջ քաշում, որ անօդաչու թռչող սարքի արտադրության տեխնոլոգիան Հայաստան է հասել Հնդկաստանից, հատկապես, երբ վարչապետ Նարենդրա Մոդիի «Make in India» քաղաքականության համատեքստում երկիրն արտասահմանյան ընկերություններից պահանջում է արտադրական գծերը և տեխնոլոգիական փորձը փոխանցել իրենց:

Եվ հենց այսպես, ըստ իսրայելական պարբերականի, Հնդկաստանն աստիճանաբար ներմուծողից վերածվում է զենքի անկախ արտահանողի, որը որոշ դեպքերում մրցակցում է Իսրայելի շահերի հետ, ինչպես այժմ տեղի է ունենում Հայաստանում։

Իսրայելական այս հրապարակմանն ավելի ուշ արձագանքել է հայկական «Դավարո» ընկերությունը:

«Վերջին օրերին միջազգային մամուլում քննարկման առարկա է դարձել այն տեղեկատվությունը, ըստ որի՝ «ԴԱՎԱՐՈ» ընկերության կողմից ստեղծված անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) համակարգերի հիմքում դրված են այլ արտադրողների կողմից տրամադրված տեխնոլոգիաներ։

Պաշտոնապես հայտարարում ենք, որ նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Հրապարակված վերլուծությունները կատարված են ոչ ճշգրիտ և իրական բնութագրերին չհամապատասխանող տվյալների հիման վրա։

«ԴԱՎԱՐՈ» ընկերությունը իր արտադրանքների մշակումներն իրականացնում է բացառապես սեփական տեխնոլոգիական լուծումների հիման վրա՝ հենվելով հայկական ինժեներական ներուժի, կուտակած փորձի և գիտատեխնիկական կարողությունների վրա։ …Հարկ ենք համարում նշել, որ անօդաչու թռչող սարքերի կոնցեպտների կամ կառուցվածքային սխեմաների որոշակի նմանությունները չեն կարող դիտարկվել որպես նմանակում կամ կրկնօրինակում։ Ավիացիոն և պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում կիրառվում են համընդհանուր ինժեներական մոտեցումներ և աէրոդինամիկական լուծումներ, որոնք միջազգային պրակտիկայում ընդունված են որպես արդյունավետ կառուցվածքային սկզբունքներ»,- մասնավորապես, ասվում էր ընկերության հայտարարության մեջ:

Նշենք, որ քննարկման առարկան նրանց արտադրած Dragonfly‑3 անօդաչու-կամիկաձեն է։

Մի քանի օր տևած քննարկումներին նոր միայն միացել են ադրբեջանական լրատվամիջոցները, ընդ որում, բավականին զգուշավոր: Օրինակ, «Հաքքինազի» վերլուծաբանը, ընդհանրական հղում տալով մասնագետներին, նշում է, թե վիզուալ նմանությունները բավարար ապացույց չեն տեխնոլոգիայի փոխանցման պնդումներ անելու համար, և փորձում ապացուցել, որ Իսրայելից իրենց ձեռք բերած «Harop» դրոն-կամիկաձեն իր կարողություններով գերազանցում է հայկականին:

Մյուս կողմից, Բաքուն ցույց տալով, որ առանձնապես դժգոհություն և մտավախություններ չունի այս առումով, փորձում է, թերևս, առնվազն հրապարակային չվատացնել հարաբերություններն Իսրայելի հետ, որը շարունակում է իրեն զինել:

Ըստ այդմ՝ ադրբեջանական քարոզչամեքենան ակնարկում է՝ եթե անգամ Իսրայելից Հնդկաստան արտահոսք է եղել, Հնդկաստանից էլ՝ Հայաստանին, ապա իսրայելական կողմը հաստատ դա միտումնավոր չի արել, քանի որ նման ռազմական տեխնոլոգիաների անուղղակի փոխանցումը Հայաստանին նույնքան վտանգավոր է Թել Ավիվի համար, որքան Բաքվի՝ հաշվի առնելով Երևանի սերտ կապերը Թեհրանի հետ»:

Բայց սա չի նշանակում, որ Բաքուն պաշտոնական խողովակներով չի փորձել պարզաբանումներ ստանալ Իսրայելից, ինչը հաստատում է, ըստ էության, մեր դիտարկումը:

Իսկ իսրայելական Harop-ն Ադրբեջանն առաջին անգամ կիրառել է 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ, այնուհետև՝ 2020 թվականի 44-օրյայի ժամանակ:

Այստեղ հարկ է նշել, որ տարբեր տեղեկություններով՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ ՊԲ զինծառայողներին հաջողվել է խոցել իսրայելական արտադրության այս կամիկաձե-անօդաչուներից: Իսկ 44-օրյայի ժամանակ կատարված խոցումների մասին կան հստակ և բաց ապացույցներ։ 

Հավելենք, որ 2020 թվականի հուլիսյան մարտերի ժամանակ էլ արդեն ՀՀ զինված ուժերին հաջողվել էր նաև Ադրբեջանի զինանոցում եղած իսրայելական արտադրության «Elbit Hermes 900» թանկարժեք ԱԹՍ խոցել Հայաստանում արդիականացված հենց այս համակարգով՝ «Օսա-ԱԿՄ»-ով:

Իսկ Իսրայելն Ադրբեջանին միայն անօդաչու թռչող սարքեր չէ, որ 44-օրյայից տարիներ առաջ մատակարարել է, այլ նաև զրահապատ մեքենաներ՝ SandCat, որոնք, ադրբեջանական աղբյուրների տվյալներով, հագեցած են եղել էլեկտրաօպտիկական համակարգերով: Բայց ՊԲ զինծառայողներին հաջողվել է 44-օրյա պատերազմի ժամանակ թիրախավորել և առգրավել:

44-օրյա պատերազմի ժամանակ բազմաթիվ նման դրվագներ են եղել, պարզապես հրամայված է՝ լռել…

Տեսանյութեր

Լրահոս