ՀՀ ԱԳՆ-ում կարևորվել է Հայաստան-Նորդիկ-Բալթյան երկրների ձևաչափի շրջանակներում համագործակցության շարունակականությունը և հետագա խորացումը

Փետրվարի 11-ին Վիլնյուսում Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեի գլխավորությամբ:

Երկուստեք ընդգծելով Հայաստանի և Լիտվայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ ոլորտային փոխշահավետ համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Կարևորվել է տնտեսական, պաշտպանության, կիբեռանվտանգության, գիտակրթական և մշակութային ոլորտներում փոխգործակցության ընդլայնումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում ձևավորված արդյունավետ համագործակցության խորացումը: Կողմերը անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերությանը՝ քննարկելով այս ուղղությամբ երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները և Լիտվայի՝ Հայաստանին հնարավոր աջակցությունը:

Կարևորվել է Հայաստան-Նորդիկ-Բալթյան երկրների ձևաչափի շրջանակներում համագործակցության շարունակականությունը և հետագա խորացումը: Քննարկվել են 2026 թ. Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովին և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ ՀՀ ԱԳ նախարար Վահան Կոստանյանը զրուցակցին ներկայացրել է Հարավային Կովկասում Վաշինգտոնյան համաձայնություններից հետո ընթացող գործընթացները, այդ թվում՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում վերջին զարգացումները:

ՀՀ ԱԳՆ

Տեսանյութեր

Լրահոս