Լեհաստանը և Իտալիան հայտարարել են, որ չեն միանա Թրամփի «Խաղաղության խորհրդին»
Լեհաստանն ու Իտալիան չեն միանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդին»: Ինչպես հայտնում է Reuters-ը՝ այս մասին հայտարարություններ են եղել Վարշավայից և Հռոմից:
«Հաշվի առնելով խորհրդի ձևի վերաբերյալ որոշակի ազգային կասկածներ՝ Լեհաստանը չի միանա «Խաղաղության խորհրդի» աշխատանքներին, բայց մենք կուսումնասիրենք այն»,-հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կառավարության նիստում։
Նա նշել է, որ ԱՄՆ-ի հետ Լեհաստանի հարաբերությունները եղել են և կմնան Լեհաստանի առաջնահերթությունը, ուստի եթե հանգամանքները փոխվեն, ինչը հնարավորություն կտա միանալ խորհրդի աշխատանքներին, իրենք չեն բացառում որևէ սցենար:
Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին նույնպես հայտարարել է, որ Իտալիան չի միանա:
ԱՄՆ նախագահը Խաղաղության խորհրդի ստեղծման մասին հայտարարել էր հունվարի 16-ին։ Ամերիկացի առաջնորդը հրավիրել էր Եվրոպական հանձնաժողովի նախագահին և ավելի քան 50 երկրների ներկայացուցիչների՝ մասնակցելու դրա աշխատանքներին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ ձևավորված «Խաղաղության խորհրդի» կազմում այժմ ընդգրկված է 27 անդամ, որոնց թվում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:



