Վարչապետի հակաեկեղեցական արշավը խոչընդոտում է Եկեղեցու առաքելությանը և վնասում ժողովրդի հոգևոր կյանքը․ Գարեգին Բ
Փետրվարի 10-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակը, և այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ․ տեղեկացնում են Մայր Աթոռից։
«Սրբազան արարողությանը ներկա էին թեմերում և եկեղեցական կառույցներում սպասավորող 217 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և բազմաթիվ հավատավոր հայորդիներ։
Պատարագիչն էր Մասյացոտնի թեմից Տ. Եզնիկ քահանա Մարդիրյանը։
Սուրբ Պատարագի ավարտին Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ քահանաների պարգևաբաշխություն։ Այնուհետև տեղի ունեցավ ավանդական շնորհաբաշխությունը: Ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում նվիրյալ և արդյունավոր հովվական ծառայության` մի շարք եկեղեցականների շնորհվեց ավագ քահանայության պատիվ, ծաղկյա փիլոն և լանջախաչ կրելու իրավունք։
Պարգևաբաշխության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու հայրապետական պատգամը ներկա եկեղեցականներին՝ անդրադառնալով առ Քրիստոս հավատի վկաներ Սրբոց Ղևոնդյանց հայրենասիրության, խիզախության ու անձնազոհության մշտապայծառ օրինակին:
«Մեր օրերում լրջագույն հիմնախնդիրների առջև է գտնվում մեր ժողովուրդը, տարատեսակ բռնաճնշումների է ենթարկվում և հարձակումներ դիմագրավում մեր Սուրբ Եկեղեցին։ Վարչապետի ձեռնարկած հակաեկեղեցական արշավն արդեն բացահայտ է։ Խոչընդոտվում է Եկեղեցու առաքելությունը և լրջագույն վնաս հասցվում մեր ժողովրդի հոգևոր-եկեղեցական կյանքին։ Դատական ատյաններում, ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով, հակաօրինական ու անարդար քայլերով իշխանությունը պետական լծակների չարաշահմամբ միջամտում է ներեկեղեցական կյանքին։ Հոգևորականներ՝ սարկավագներից մինչև եպիսկոպոս, ենթարկվում են հետապնդումների ու պարտադրանքների», – ընդգծեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հաստատելով, որ Եկեղեցին բոլորիս հոգևոր տունն է, որին ուղղված հարվածներին դիմակայելը, Եկեղեցու ինքնավարությունը պաշտպանելը ամենքի հավաքական պարտականությունն է և պատասխանատվությունն Աստծո, հայրենիքի ու գալիք սերունդների առջև։
Վերջում շնորհավորելով եկեղեցականներին Սրբոց Ղևոնդյանց տոնի առիթով, ինչպես և պարգևի արժանացած քահանաներին՝ Հայոց Հայրապետը հայցեց, որ Բարձրյալն Աստված Սրբոց Ղևոնդյանց և Վարդանանց բարեխոսությամբ խաղաղություն շնորհի համայն աշխարհին, ամրապնդի հոգևոր դասի վճռականությունը՝ ծառայելու և գործելու ի սեր և ի պաշտպանություն հայրենի պետության ու համազգային շահերի և ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու»,- ասված է hաղորդագրությունում։


