Աշխատում ենք մեծ ներդրումների վրա, որոնք կգան Հայաստան. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը Հայաստանի Հանրապետությունից Ադրբեջան մեկնելիս «Զվարթնոց» օդանավակայանում կարճ ճեպազրույց տվեց մի քանի լրագրողների։  Անդրադառնալով ՀՀ-ում ամերիկյան ներդրումների մասին հարցին և մասնավորապես դիտարկմանը, որ նախօրեին ՀՀ նախագահական նստավայրում իր խոսքը 5 և 4 միլիարդ դոլարի  մասին սխալ է մեկնաբանվել, Ջեյ Դի Վենսն ասաց, որ երեկ ստորագրել են մի քանի փաստաթղթեր, բայց նաև հանդիպումների ժամանակ աշխատում են մեծ ներդրումների վրա, որոնք կգան Հայաստան՝ «նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև կնքված լավ գործարքների շնորհիվ»։

«Դրանցից մեկն այն է, որ կառուցվելու է շատ մեծ տվյալների կենտրոն։ Իրականում, կարծում եմ, այն արդեն մեկնարկել է, տվյալների կենտրոն, որի ընդհանուր ներդրումը կարող է հասնել 4 միլիարդ դոլարի։ Այն նաև շատ աշխատատեղեր կստեղծի հայրենիքում ապրող մարդկանց համար։ Այսպիսով, սա դասական փոխշահավետ գործարք է։ Կարծում եմ՝ նախագիծը կարող է դառնալ 4 միլիարդ դոլար, բայց արդեն իսկ զգալի ներդրումներ են կատարվել Հայաստանում, և մենք ակնկալում ենք, որ դա կշարունակվի»,- նշեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ փոխնախագահն ասուլիսի ժամանակ չէր խոսել ՀՀ-ում 4 և 5 միլիարդ դոլարի ներդրումների մասին։ Նա մասնավորապես ասել էր․

«Մենք նաև շատ հպարտ ենք հայտարարել, որ մեր երկրներն ավարտել են քաղաքացիական միջուկային համագործակցության 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Երբ այն ամբողջությամբ հաստատվի, դա կհարթի ճանապարհն ամերիկյան և հայկական ընկերությունների համար՝ կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր։ Դա նշանակում է մինչև 5 միլիարդ դոլար սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով»։ Նրա խոսքը պարզապես սխալ էր ներկայացվել անգլերենից հայերեն համաժամանակյա թարգմանություն իրականացնող մասնագետի կողմից։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728