Լուկա Էխվայան նշանակվել է Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար
Քաղաքական մեկնաբան և բլոգեր Լուկա Էխվայան նշանակվել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի աշխատակազմի ղեկավար։ Այս մասին հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը։
Մինչ այդ Էխվայան Կավելաշվիլիի միջազգային հարցերով խորհրդականն էր և նախագահի աշխատակազմում այդ պաշտոնը զբաղեցնող միակ խորհրդականը։
Կավելաշվիլիի՝ 2024 թվականի վերջին նախագահ ընտրվելուց հետո նախագահի աշխատակազմը ղեկավարում էր Քեթևան Կվինիկաձեն։ Նրա պաշտոնից հեռանալու պատճառները չեն հաղորդվում։
Էխվայան միջազգային հարաբերությունների բակալավրի աստիճան է ստացել Կովկասի համալսարանում, քաղաքագիտության մագիստրոսի աստիճան՝ Բոլոնիայի համալսարանում։ Նա նաև զբաղվել է մեդիա գործունեությամբ՝ 2023 թվականից վարելով «FucosKankara» YouTube-ալիքը և նույնանուն բլոգը «TikTok»-ում։ Իր հրապարակումներում Էխվայան առաջարկում է վերանայել Վրաստանի ավանդական եվրատլանտյան ուղղությունը և խորացնել հարաբերությունները տարածաշրջանի հիմնական դերակատարների, այդ թվում՝ Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ։

