Առևտրական երկրի «խեղճ» բյուջեն. ինչպե՞ս է ներկրողը դարձել թիվ 1 հարկատուն
Առևտուրն ամենամեծ կշիռն ունի Հայաստանի տնտեսության մեջ։ Մանրածախ ու մեծածախ առևտրի բաժինը հասել է ՀՆԱ-ի գրեթե 14 տոկոսին, մինչդեռ՝ իրական տնտեսության մասնաբաժինը գնալով փոքրանում է։ Գյուղատնտեսությանը ՀՆԱ-ում ընդամենը 10 տոկոսի սահմաններում է, մշակող արդյունաբերությանը նույնիսկ ավելի քիչ է՝ 10 տոկոսի էլ չի հասնում։
Առևտուրն է դարձել ոչ միայն տնտեսության, այլև պետական բյուջեի եկամուտների ապահովման հիմքը։
Խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված տնտեսվարողների 37 տոկոսն առևտրով է զբաղված, առևտուրը նրանց գործունեության հիմնական ոլորտն է։ 1000 խոշորների մեջ այդպիսի 372 ընկերություն կա, ինչը շատ մեծ թիվ է։ Այդ ընկերությունները զբաղված են հիմնականում ներմուծումներով ու վաճառքով։
Առևտրով զբաղվող 372 ընկերություն կատարել է խոշորների վճարած հարկերի գրեթե 35 տոկոսը, ընդհանուր առմամբ՝ 676 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ պետական բյուջեն շատ մեծ կախվածություն մեջ է առևտրից։
Որքան էլ տխուր լինի՝ խոշորների առաջատարը մի ընկերություն է, որը զբաղված է դրսից տարբեր ապրանքներ ներկրելով, այլ երկրներ վերաարտահանելով կամ տեղում վերավաճառելով։ Խոսքը ռուս-ուկրաինական հակամարտությունից ու Ռուսաստանի նկատմամբ կիրառված միջազգային պատժամիջոցներից հետո հայտնի դարձած Սամվել Ալեքսանյանին պատկանող «Մոբայլ Սենթր Արթի» մասին է, որը մասնագիտացել է հեռախոսներ, կենցաղային տեխնիկա ու այլ ապրանքներ ներմուծել-վերաարտահանելու մեջ։
Վճարած հարկերով այն առաջ է անցել նույնիսկ Հայաստանի խոշորագույն ձեռնարկություններից մեկից՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից», որը տարիներ շարունակ վճարած հարկերով եղել է խոշորների առաջատարը։ Անցած տարի «Մոբայլ Սենթր Արթը» վճարել է՝ 77.8 մլրդ դրամի, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»՝ 52.2 մլրդ դրամի հարկ։ Բայց այս 2 ընկերությունների վճարած հարկերի միջև կա մեկ էական տարբերություն. «Մոբայլ Սենթրի» վճարների մեծ մասը եղել է ավելացված արժեքի հարկը։ Այն ապրանքի իրացման ժամանակ գնի վրա ավելացող հարկ է, որը փաստացի վճարում են սպառողները։ Մինչդեռ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» վճարած հարկերի մեծ մասն ուղղակի հարկերն են՝ շահութահարկն ու եկամտահարկը։
«Մոբայլ Սենթրի» վճարած 77.8 միլիարդից 73.5 միլիարդը եղել է ԱԱՀ-ն։
Հարկային պարտավորությունների այսպիսի կառուցվածքը միայն «Մոբայլ Սենթրի» դեպքում չէ։ Առևտրով զբաղվող բոլոր ընկերությունների պարագայում է այդպես՝ վճարած հարկերում ԱԱՀ-ն մեծ կշիռ է կազմում։ Դրանք գումարներ են, որոնք ապրանքների գների միջոցով դուրս են գալիս քաղաքացիների գրպանից, բայց երևում են ընկերությունների վճարած հարկերի մեջ։
Առևտուրն այն ոլորտը չէ, որի հետ երկիրը կարող է ապագա ունենալ։ Չնայած դրան, Հայաստանի այսօրվա կառավարիչները երկրի ապագան առևտրի հետ են կապում։ Դրա համար էլ շտապում են սահմանները բացել իրենց կիրթ ու կառուցողական հարևանների առաջ։ Թուրքիայի հետ միակողմանի առևտրից չխրատվեցին, հիմա էլ Ադրբեջանի հետ են միակողմանի առևտուր անում։
Իշխանությունները հրճվում են, որ ադրբեջանական ապրանքներ են բերում ու վաճառում Հայաստանում։ Հերթական թշնամի երկրի հետ են միակողմանի առևտուրը խթանում ու փորձում են դրանով տպավորություն ստեղծել, թե տնտեսություն են զարգացնում։
Հայաստանի տնտեսության զարգացումը երևում է ոչ առևտրի, այլ արտադրության վճարած հարկերով։ Դրա առանցքում մշակող արդյունաբերությունն է, որի վճարած հարկերն անհամեմատ զիջում են առևտրով զբաղվողներին։
Մշակող արդյունաբերությունը վճարել է խոշորների վճարած հարկերի հազիվ 15 տոկոսը՝ 1 տրիլիոն 946 միլիարդից ընդամենը 298 միլիարդը։ Գրեթե 2.3 անգամով ավելի քիչ, քան վճարել են առևտրով զբաղվողները։
Սա խայտառակ վիճակագրություն է, որ ցույց է տալիս Հայաստանի տնտեսության ու տնտեսության արտադրական հատվածի խղճուկ վիճակը։
Ընդ որում՝ այդ 298 միլիարդի գրեթե կեսը վճարել է ընդամենը 3 ընկերություն։
Առևտրից բացի, վերջին մի քանի տարիներին պետական բյուջեի եկամուտների ապահովման գործում նշանակալի բաժին է ստացել մի ոլորտ, որը ստանձնել է քաղաքացիների ու բիզնեսի կաշին քերթելու դերը։ Խոսքը բանկային համակարգի մասին է։
Խոշոր հարկատունների վճարած հարկերի ընդհուպ 8-9 տոկոսը գոյացել է այդտեղից։ Նախկինում բանկային համակարգի վճարները երբևէ նման մեծ կշիռ չեն ունեցել խոշորների մեջ։ Վերջին տարիներին իրավիճակը կտրուկ փոխվել է՝ պայմանավորված ոչ թե այն հանգամանքով, որ բանկերը թաքցրած հարկերը հանել են ջրի երես, այլ նրանով, որ համակարգում ահռելի շահույթներ են գոյանում։
Միայն անցած տարի բանկային համակարգի շահույթները կազմեցին ռեկորդային 1.1 մլրդ դոլար։ Նախորդ տարի էլ կազմել էին գրեթե 950 մլն դոլար։
Այս գումարների մի մասն էլ շահութահարկի տեսքով մտնում է պետական բյուջե։ Բայց դրանք ոչ թե երկնքից են ընկնում, այլ, ինչպես առևտրի դեպքում, դուրս են գալիս քաղաքացիների ու տնտեսության գրպանից։ Բանկային համակարգի բարձր շահույթներն ակտիվ վարկավորման, վարկային բարձր տոկոսների ու բանկային ծառայությունների բարձր գների հաշվին են։
Օգտվելով պահանջարկից՝ բանկերը խուսափում են նվազեցնել բանկային ծառայությունների ու միջնորդությունների գները, ինչից տուժում են հատկապես քաղաքացիները, որոնք այդ վարկերի հիմնական շահառուներն են։ Չի օգնում անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը, որը տարիներ շարունակ եղել է վարկերի տոկոսները կարգավորող հիմնական գործիքներից մեկը։ Բայց վերջին շրջանում բանկային համակարգը գրեթե չի արձագանքում այդ գործիքին և փող է աշխատում քաղաքացիների հաշվին։
Բանկային վարկերի մեծ մասը տնային տնտեսություններին տրամադրվող վարկերն են, որոնք մեծապես ավելացրել են քաղաքացիների ֆինանսական բեռը։ Այն հսկայական շահույթները, որոնք գոյանում են բանկերում ու շահութահարկի տեսքով ինչ-որ չափով մտնում պետական բյուջե, առաջանում են քաղաքացիների վճարներից։ Քաղաքացիները բարձր տոկոսներով վճարում են վերցրած վարկերի դիմաց ու շահույթներ ապահովում բանկերի համար։
Պատկերացրեք՝ բանկային համակարգն իր 18 բանկերով անհամեմատ ավելի շատ հարկ է վճարել, քան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող 69 խոշոր ընկերությունները։ Ու սա այն պարագայում, որ ՏՏ-ն համարվել ու համարվում է մեր տնտեսության առանցքային, ռազմավարական ճյուղերից մեկը։ Տնտեսության մեջ ռազմավարական ճյուղեր էլի կան, բայց դրանց մասնակցությունը բյուջեում մեծ չէ։ Փոխարենը՝ առևտուրն է այսօր դարձել բյուջեի եկամուտների ապահովման հիմքը։ Բայց առևտրով երկիր չես պահի։ Առևտուրը եկամտի կայուն աղբյուր չէ պետական բյուջեի համար, այսօր կա, վաղը կարող է չլինել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
