Արևմտյան կառույցները մեզ դասեր տալու որևէ իրավունք այլևս չունեն. Արմեն Աշոտյան
Եվրոպական և ընդհանուր առմամբ արևմտյան կառույցները կորցրել են հայաստանյան քաղաքական ուժերին դասեր տալու ցանկացած բարոյական և իրավական իրավունք։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով սրբազանների կալանավորմանը, մասնավորապես Արշակ սրբազանի կալանքի երկարացմանը։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ 2026 թ. ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում ընդունվեց բանաձև, որտեղ մտահոգություն էին հայտնում ՀՀ-ում «եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ»։
«ԵԽԽՎ-ն կույր, խուլ և համր կազմակերպություն է։ Բայց պետք է ըմբոստանալ նրանց դեմ՝ հույսով, որ վաղը չեն գա իմ երկիր ու փորձի ինձ բարոյականության, մարդու իրավունքների կամ սկզբունքների արժեքների դասեր տալ։ Ես ու իմ ընկերները՝ անկախ քաղաքական ճամբարներից և ոլորտներից՝ սրբազան թե լրագրող, քաղաքապետ թե շարքային քաղաքացի, այդ դասերը մենք կարող ենք նրանց տալ։ Եվրոպական և ընդհանրապես արևմտյան կառույցները կորցրել են բարոյական հիմքն ու իրավունքը մեզ որևէ նման հարցով դաս տալու»,– ասաց Աշոտյանը։
ՀՀԿ փոխնախագահը ԵԽԽՎ ընդունած բանաձևը դիտարկում է որպես Հայաստանի իշխանությունների գործողություններին հաճոյանալու փորձ, ինչը ծայրահեղ ընկճող է հոգևորականության և ընդդիմադիր գործիչների քրեական հետապնդումների ֆոնին։
