Դու ո՞վ ես, որ 100 տարով առանց հանրաքվեի տարածք հանձնես. դու Թրամփին «ո՛չ» ասո՞ղ ես, դու սկի Ալիևին չես կարող «ոչ» ասել. Արթուր Մարտիրոսյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Պետք է նախ հասկանալ՝ «հիբրիդային պատերազմ» տերմինն օգտագործող մարդիկ գիտե՞ն՝ ինչ է դա նշանակում։ Հիբրիդային պատերազմի հստակ սահմանում կա։ Դրա բաղադրիչներն ունեն նաև ռազմական մաս։ Այնպես չէ, որ ռազմականից դուրս կա հիբրիդային պատերազմ։ Իսկական հիբրիդային պատերազմը Ռուսաստանի իրականացրածն էր Ղրիմում 2014թ․։ Հիմա ով խոսում է իշխանությունների դեմ, անմիջապես հայտարարվում է պրոռուսական ու հիբրիդային պատերազմ մղող։ Դրա համար փող են ստանում։ Մինչդեռ հիբրիդային պատերազմը հոգեբանական բաղադրիչից բացի՝ պիտի ունենա նաև ռազմական բաղադրիչ։ Ընտրական տարի է, և հիբրիդային պատերազմը պետք է օգտագործել ներսում, որ զայրույթը լինի։
- Սոլովյովն իր սկանդալային հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ արել է Վենեսուելայից հետո։ Ինքը շատ լավ պատկերացնում է իր լսարանի պահանջմունքն ու ասում է այն, ինչ իրենց հաճելի է, հանդես է գալիս ռուսական կայսերապաշտական դիրքերից։ Նա պատահական լրագրող չէ, լուրջ կապեր ունի Կրեմլում, պրոպագանդիստ է։ Ու նա ինչ է ասել՝ էդ միայն Ամերիկա՞ն կարող է անտեսել միջազգային իրավունքը, մենք էլ կարող ենք։ Ես չգիտեմ՝ ինքն ինչ հաշվարկ է արել, բայց նրա ասածն այս կոնտեքստն ունի ըստ իս՝ Թրամփը ինչ ուզում, վերցնում է, թքած ունի միջազգային իրավունքի վրա, մենք էլ պակաս կայսրություն չենք։ Հայաստանում այն շրջանակները, ովքեր դատապարտում էին Սոլովյովին, պետք է նույն կերպ դատապարտեին ԱՄՆ-ի գործողությունները կամ Ֆիդանի հայտարարությունը, բայց մենք նման բան չլսեցինք․ դա չհամարվեց որպես ներքին գործերին միջամտություն։ Բոլոր դեպքերում անընդունելի է նրա ասածը, բայց պետք է հասկանալ կոնտեքստը։

- Փաշինյանը վախեր ունի, և դրանք արտացոլված են նաև Արտաքին հետախուզական ծառայության՝ երեկ հրապարակված զեկույցի մեջ։
- Փոքր երկրները պետք է կողմնորոշվեն։ Կա՛մ գտնելու ես նոր ճամբար, կա՛մ եթե մնալու ես այնպես, ինչպես կաս, դառնալու ես այն երկիրը, ինչի մասին ասում էր Սթարմերը, այսինքն՝ ուտեստ՝ սեղանի վրա։
- Ալիևն ասում է՝ Հայաստանի մեծ մասն իմն է, Արևմտյան Ադրբեջան է, ու դու դա չես անվանում հիբրիդային պատերազմ, բայց ով իշխանության դեմ է խոսում, հիբրիդային է։
- Դու ի՞նչ ես անելու, երբ միայնակ մնաս Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ։ Բա ո՞նց ես ասում՝ ադրբեջանցիների վերադարձի հարց չի քննարկվում։ Հիմա ասում ես, չէ՞՝ պատերազմից խուսափելու համար զիջումներ է պետք անել։ Վաղն էլ ես ասելու, եթե ընտրվես, որ պիտի թույլ տանք, որ գան, որ պատերազմ չլինի։

- Ադրբեջանն ու Թուրքիան լավ են հասկանում, որ եթե իրենց պահանջների մասին հիմա հրապարակային հայտարարեն, Փաշինյանի համար դժվար է լինելու վերարտադրվելը։ Դրա համար հիմա իրենք նախ կօգնեն նրան ընտրվել, հետո առաջ կքաշեն բոլոր պահանջներն ու խաղաղության պայմանագրի պայմանները։
- Ես 30 տարվա բանակցային փորձ ունեմ։ Եթե ես բանակցում եմ, ինձ դնում եմ մյուս կողմի տեղը, ու երբ նայում եմ իրերի դրությանը, ես՝ որպես բանակցող, կանեի այնպես, ինչպես անում է Ալիևը հիմա։ բանակցողն առաջին հերթին խաղը պետք է ճիշտ կարդա, ոչ թե ուղղակի խոսի, ցանկություններ հայտնի, ինչպես ՀՀ նախագահը՝ երկրի առաջին դեմքը՝ Դավոսում։ Կողքին նստած Օզդեմիրը քմծիծաղ էր տալիս։
- Վահագն Խաչատուրյան, անընդհատ ասում էիր՝ համաձայն եմ պարոն Ալիևի հետ։ Ինչի՞ հետ ես համաձայն, որ դարերով Արցախում ապրած ժողովրդին էթնիկ զտման ենթարկեցի՞ն, որ Ադրբեջանում գերիներ ունե՞նք․․․ Ու դու իմ նախագա՞հն ես, հայերի նախագա՞հն ես…
- Եթե դու իշխող ուժ ես, ու այլընտրանք չունես, դու պետք է հեռանաս։ Բայց մենք հիմա նույնիսկ Հանրապետություն չունենք, ամեն օր Սահմանադրությունը խախտվում է, իշխանության տարանջատում չկա։
- Նիկոլ Փաշինյա՛ն, 100 տարով ո՞նց ես պայմանագիր կնքում առանց ռեֆերենդումի Հայաստանից տարածքներ հանձնելու մասին… Դու հինգ սերնդի գցում ես պարտքի տակ։ Դու ո՞վ ես, որ նման բան ասես: Կամ ես ի՞նչ գիտեմ՝ դու Ամերիկային ես հանձնե՞լ, թե՞ ուրիշ երկրի։ Դու Թրամփին «ո՛չ» ասո՞ղ ես։ Դու սկի Ալիևին չես կարող «ոչ» ասել։

- Հայաստանի իշխանությունները, 2018թ․-ից սկսած, դոստուպ են ուզում ունենալ Մեծ տղերքի սեղանին։ Մենք տեսանք, որ օգոստոսին Վաշինգտոնում ստորագրած փաստաթղթից 2 ամիս հետո Թրամփը Փաշինյանին չէր էլ ճանաչում։ Հիմա էլ նույնն է։ Դու ընդամենը գործիք ես։ Հիմա որոշել ես, որ դու էնքան կաս, որ հրավիրեն Գազայի խաղաղության խորհրդին մասնակցելո՞ւ։ Բացի դրանից, դեռ հայտնի չէ՝ ով ինչ կանի։ Ֆրանսիան, օրինակ, դեմարշ հայտարարեց, բայց Ռուսաստանը, կարծում եմ, կմասնակցի։ Մեզ պե՞տք է, որ մենք լինենք այն ճամբարում, ուր մեծերն իրենց հարցերն են լուծում։
- Բանակցող կա՝ մտածում է՝ ինչի՞ հարցը բարձրացնեմ, եթե դրան լուծում չի տրվելու։ Բանակցող էլ կա՝ մտածում է՝ ինչի՞ էդ հարցերը բարձրացնեմ, որը կխանգարի մեզ գնալ ընտրած ուղիով։ Մենք գործ ունենք երկրորդի հետ։ Իսկ Ալիևի նման գործիչները բանակցելիս մտածում են՝ ի՞նչ ունեմ կորցնելու և ի՞նչ կշահեմ։ Եթե ինքը կորցնելու բան ունենար, կմտածեր՝ որ սա այսպես անեմ, վաղը Մարկո Ռուբիոն ինձ դրա մասին հարցնելու է։ Բայց դրա համար մեր իշխանությունը պետք է աշխատեր, որը չի անում։

- Այսինքն՝ դու իշխանություն ես, որը մի խոստումներով եկել է իշխանության, ձախողել ես, ու կարևոր չէ՝ ապիկա՞ր ես եղել, կոմպետենտ չե՞ս եղել, թե՞ հատուկ ես արել։ Դու Սահմանադրություն ես խախտել, քո ասածը չես արել, իսկ նախնըտրական ծրագիրն օրենք է, ու հիմա եկել, ասում ես՝ չեմ հասկացել, հետո հասկացա, կամ պետք է գնանք զիջումների՞։ Ո՞ր ճամբարում ես դու լուծում քո անվտանգության դիլեման՝ էն ճամբարում, որը քո երկիրն ասում է՝ Արևմտյան Ադրբեջան, էն ճամբարում, որը ասում է՝ Ցեղասպանություն չի՞ եղել։ Եթե չի եղել, էլի կարող է լինել։ Ժխտումը նախ և առաջ՝ անվտանգության հարց է։
- Եղել է, որ Ղրղըզստանի, Սիրիայի, Ուկրաինայի նախագահները փախել-եկել են Մոսկվա, բայց չի եղել դեպք, երբ Ռուսաստանը գնա, ինչ-որ երկրի նախագահին բռնի, բերի, իր երկրում դատի։ Թրամփն աշխարհի մասին դատում է ազդեցության գոտիներով․ սա իմն է, սա՝ Ռուսաստանինը։

- Հայաստանի համար ամենամեծ վտանգն այն է, որ Փաշինյանի նման հանկարծ ժողովուրդն էլ մտածի՝ մենք Թուրքիայի ծոցում անվտանգ կլինենք։
- Եթե սա բաժակ է, ես չեմ ասում, որ բաժակ է։ եթե TRIPP-ի՝ 6 էջանոց փաստաթղթում անդադար խոսվում է Հայաստանի ինքնիշխանության մասին, նշանակում է՝ Հայաստանի իշխանությունն է խնդրել այդ մասին։ Այդ փաստաթղթում բացեիբաց գրված է, որ դրա հաջողությունը կախված է Թուրքիայից և Ադրբեջանից, և ամենակարևորը, հենց առաջին տողում գրված է՝ այն չունի ոչ մի իրավաբանական ուժ։ Դու չես իշխում այդ տարածքը, ինչքան էլ խոսես ինքնիշխանության մասին։ Հիմա եթե ես ասեմ՝ սա բաժակ չէ, այլ խրուստալից շիշ, Դուք դրան կհավատա՞ք։ Բա եթե բաժնեմասերի 74%-ն ԱՄՆ-ինն է, 26%-ը՝ մերը, ո՞նց հավատանք ինքնիշխանություն ասածին։
- Քանի որ Թրամփն անշարժ գույքով է զբաղվել, նրա համար Գրենլանդիան էլ է անշարժ գույք։ Նույնն ասում էր Ղրիմի մասին։ Ասում էր՝ քարտեզի վրա նայել եմ, լավ անշարժ գույք է։ Հիմա վաղը Թրամփը կարող է ասել՝ շնորհակալություն մասնակցության համար, ազատ եք։ Թե՞ քեզ թվում է, որ Գազայի խաղաղության խորհրդին ես մասնակցելու, ապահովագրված ես։ Թրամփի մոտեցումը տրանզակցիոն է․ ով շատ տա, նրան էլ կտա։
- Ի տարբերություն Կոսովոյի, մենք ունենք հարևաններ, որոնք մեր տարածքը տեսնում են՝ որպես Արևմտյան Ադրբեջան, ու իրենց համար դա շատ կարևոր շահ է։ Հենց այդ համատեքստում պետք է դիտարկել TRIPP-ի փաստաթուղթը։ Իսկ միգուցե ընտրություններից հետո ԱՄՆ մասնաբաժնի մի հատվածն անցնի Ադրբեջանի՞ն։ Չէ՞ որ հստակ գրված է՝ այս փաստաթղթի հաջողությունը կախված է Ադրբեջանից և Թուրքիայից։

- Փաշինյանի միակ մտահոգությունը Ռուսաստանն է։ Դրա համար էլ նա ասում է՝ Ռուսաստանը մեր դեմ հիբրիդային պատերազմ է վարում։
- Եթե հայ-իրանական սահմանը կարևոր չլիներ, ժամանակին Նժդեհն այդքան ջանք չէր գործադրի այն պահելու համար։ Պարզ է՝ Իրանում ինչի՞ են վրդովված։ Պետք է հասկանալ՝ ցույցերն ինքնաբո՞ւխ էին, թե՞ ուղղորդված։ Միգուցե Իրանում այդ ինֆորմացիան ունեին։ Իրանում էլ կարող են մտածել՝ Հայաստանը մեր դեմ հիբրիդային պատերազմ է մղում։ Արտաքին հետախուզական ծառայությունում ու ՀՀ ԱԳՆ-ում այդ մասին պետք է մտածեն։
- Իրանի ընդդիմությունը շատ թույլ է։ Անգամ Թրամփը շահի տղայի մասին ասաց՝ լավ տղա է, բայց աջակցություն չունի։
- Նիկոլ Փաշինյան, քո խնդիրը պետք է լինի՝ միայնակ չհայտնվել այն ուժերի հետ, ովքեր ուզում են քեզ հոշոտել, իսկ դու հիմա դա ես անում ու ասում ես՝ նավթ ենք առնում, ու դա լավ է։ Եթե դու տեսնում ես՝ էդ երկիրը բյուջեի 20%-ը ծախսում է զենքի վրա, նպատակը ո՞րն է, չգիտե՞ս՝ ինչի է անում։
- Ադրբեջանցիներն իրենց ինքնությունը ստեղծել են մեզ մերժելով։ Հիմա Փաշինյանը մեզ համար ստեղծում է մի ինքնություն, որը հարմար կլինի թուրքերին ու ադրբեջանցիներին։
- Եթե դու ասում ես՝ Վեհափառին չեմ ճանաչում որպես Վեհափառ, դու Եկեղեցին չես ճանաչում, որովհետև բոլորին օծել է Վեհափառը։ Դու շարունակում ես անել դա, որովհետև դրսից ստացել ես այդ պահանջը, որ եկեղեցին թուլացնելով՝ թուլացնես Սփյուռքը ու եկեղեցին դարձնես Հայաստանյայց, ոչ թե Հայ Առաքելական եկեղեցի։
- Ամենամեծ հեղինակությունն ունի Եկեղեցին։ Եթե ինքը տեսնում է, որ այդ վարկանիշը կարող է ազդել իր վրա ընտրությունների ժամանակ, ինքը պետք է փորձի չեզոքացնել այդ վտանգը։
- Ենթադրենք՝ Եզրաս սրբազանը գործակալ է եղել, թեպետ 2 տարով գործակալ չի լինում, ինչո՞ւ բոլոր գործակալներին չես բացահայտում։
- Կա 3 սցենար՝ Փաշինյանը և ՔՊ-ն ընդհանրապես չեն անցնում, սա զրոյական սցենար է։ Երկրորդ սցենարը՝ երկրի համար շատ վատ սցենար՝ կրկնվելու է 2021թիվը, ու դա նրան թույլ է տալու անել ամեն ինչ, որը պարտադրվելու է դրսից։ Երրորդ սցենարում անցնում են մեծ թվով ընդդիմադիր ուժեր, ինքը կազմում է փոքրամասնություն, ինչը վտանգավոր է Փաշինյանի համար, որովհետև ընդդիմությունը կարող է վարչապետ ընտրել։ Եվ կա մեկ այլ, պարիտետային սցենար։

- Ընդդիմությունը մի պլատֆորմ այլընտրանք պետք է առաջարկի իշխանությանը, որը շատ հստակ հնչողություն պիտի ունենա, ու ընտրողն իմանա՝ եթե ինքն այդ պլատֆորմից մի ուժի ձայն է տալիս, ինքը ձայն չի տալիս իշխանությանը, մասնակցում է «Հայաստանն՝ առանց Փաշինյանի» ծրագրին։ Ընդդիմության համար չպետք է լինի Փաշինյանի ծրագիր, որովհետև ես եթե քննարկում եմ նրա ծրագիրը, հավասարության նշան եմ դնում, ընդունում եմ նրան։ Պետք է փոխել խաղի կանոններն ու վերադարձնել Հանրապետությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։
