Արաքսը չի օգնի նախկին Ուրմիա լճին, քանի որ առանց ջուր մնալու վտանգ կա
5140 քկմ (գրեթե երկու Լյուքսեմբուրգ) նախկին մակերեսով և ավելի քան 4 հազար տարեկան Իրանի խոշորագույն քաղցրահամ Ուրմիա (Ռեզայե) լիճն այս տարվա սեպտեմբերի վերջին դադարել է գոյություն ունենալ:
Այժմ նրա մակերեսի գրեթե 95%-ը կազմված է աղի շերտերից և վնասակար քիմիական նյութերով աղտոտված բեկորներից։ 2021 թվականին լճի ջրի մեջ աղի մասնաբաժինը գերազանցել է 55%-ը, թեև 1960-1980-ականներին այն չի գերազանցել 45%-ը, իսկ ավելի վաղ՝ 35%-ից ոչ ավելի։
Այս տարվա աշնանն այս ցուցանիշը գերազանցել է 90%-ը։ Արդեն 2011 թվականին լճի մեկ լիտր ջուրը պարունակում էր մինչև 400 գրամ աղ՝ փոշու և քիմիական խառնուրդների հետ միասին, չնայած մինչև 2000-ականների սկիզբն այս ցուցանիշը կազմում էր 160-175 գ։ Եթե 1980-ականներին լճի չափերը մոտ 140 կիլոմետր երկարություն և 55 կիլոմետր լայնություն էին, ապա 2025 թվականի ամռանը արբանյակային պատկերները գրանցել էին միայն չորացած հատակ և փոքր ջրափոսեր։
Ուրմիայի էկոլոգիական աղետի հիմնական պատճառներն առաջին հերթին բոլոր տեսակի թափոնների արտանետումներն են, այդ թվում՝ նրա մեջ թափվող ինը գետերից, լճի և գետի ջրի չափազանց օգտագործումը գյուղատնտեսական ոռոգման և քաղաքային կարիքների համար, ինչպես նաև ավազանի գյուղատնտեսական ոռոգման, քաղաքային ջրամատակարարման համակարգերի աճող աղտոտումը:

Ըստ որոշ տվյալների՝ 1995-2010-ականներին Ուրմիա լիճը սնուցող գետերի վրա (Աջիչայ, Զարինե-Ռուդ, Սիմինե-Ռուդ, Ղադար, Զոլա և այլն) կառուցվել են ավելի քան 45 խոշոր և տասնյակ փոքր ամբարտակներ, ինչը 60 տոկոսով կրճատել է ջրի բնական հոսքը դեպի լիճ՝ հանգեցնելով նրա ոչնչացմանը։ Կլիմայական գործոնների ազդեցությունը գնահատվում է հիմնականում երկրորդական։

Ուրմիային հարող մոտ 25 հազար քկմ տարածքն ավելի ու ավելի է ծածկում հզոր և երկարատև աղափոշու փոթորիկները, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում տեղի բնակչության առողջության համար: Մարդիկ տառապում են շնչառական խնդիրներից, սրտանոթային հիվանդություններից, տեղական լրատվամիջոցներն ահազանգում են օնկոլոգիական հիվանդությունների բարձր ռիսկերի մասին, և այլն:
Բնապահպաններն ու իրանական ընդդիմադիր ԶԼՄ-ներն Ուրմիայի անհետացումը համարում են իշխանությունների գործողությունների հետևանքով առաջացած տեխնածին աղետ: Ուժեղ քամիները կարող են աղի մասնիկներ տարածել ամբողջ տարածաշրջանում՝ աղակալելով գյուղատնտեսական հողերը և թունավորելով օդը:
Ուրմիան, Թավրիզը և Խոյը և ավելի քան 15 միլիոն բնակչություն ունեցող այլ քաղաքներ ենթակա են աղի փոթորիկների, թունավոր օդի և գյուղատնտեսության փլուզման վտանգի: Iran News Update–ի տվյալներով՝ երկրում կան ավելի քան մեկ միլիոն ապօրինի հորեր, որոնք տասնամյակներ շարունակ ցամաքեցրել են ստորերկրյա ջրերը։
Ուրմիայի չորացումը երկրում ավելի լայն ջրային ճգնաժամային իրավիճակի մի մասն է. վերջին 50 տարվա ընթացքում Իրանը կորցրել է իր լճերի, ջրամբարների և խոնավ տարածքների շուրջ 70%-ը:
ՄԱԿ-ի տվյալներով՝ տարածաշրջանում կլիմայական փոփոխությունները միայն կուժեղացնեն ճնշումն առանց այդ էլ սահմանափակ ջրային ռեսուրսների վրա։ 2023-2024 թվականների «Մահսա Ամինիի բողոքի ցույցերի» և հետագա իրադաձությունների խորապատկերին՝ ադրբեջանական ազգայնական և արևմտյան հակաիրանական քարոզչության կողմից լայնորեն շրջանառվում է «մոլլաների ռեժիմի» կողմից ոչնչացվող «ծարավ» լճի թեման։

Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆն Ուրմիայի վերականգնումն անվանել է «երկրի ամենակարևոր, անհետաձգելի գործը»: Սակայն, թե կոնկրետ ի՞նչ միջոցներ են նախատեսված, պաշտոնապես չի հաղորդվում։
Մինչդեռ 2010-ականների սկզբից Իրանում բարձրաձայնվում են Արաքսի ջրերի մի մասի՝ Ադրբեջանից կամ Հայաստանից (210-270 կմ) Ուրմիայի վերականգնման համար խողովակաշարային տեղափոխման նախագծերը, սակայն նման նախագծերն այդ երկրների փորձագետները նախկինի պես համարում են կամ անօգուտ, կամ խիստ վնասակար սահմանամերձ գետի համար:
Օրինակ՝ 2011 թվականին Իրանի էներգետիկայի նախարության ԱՊՀ երկրների և սահմանամերձ գետերի գլխավոր վարչության այն ժամանակվա տնօրեն Ջաբբար Վետենֆեդան հայտարարել է․
«Միջոցառումներից մեկը Արազ (Արաքս) գետի ջրերը Ուրմիա լիճ տեղափոխելու ծրագիրն է։ Իհարկե, դա հնարավոր է Ադրբեջանի հետ պայմանագրերի շրջանակներում (Արաքսի համատեղ ջրօգտագործման մասին)։ Այդ կապակցությամբ անհրաժեշտ քննարկումներ կանցկացվեն պաշտոնական Բաքվի հետ։ Մենք ցանկանում ենք համաձայնության հասնել Ադրբեջանի կառավարության հետ Արազ գետի ջրի մեծ մասն Ուրմիա լիճ տեղափոխելու վերաբերյալ»։ Սակայն Բաքվում, սպասելի էր, փաստացի հրաժարվել են նշված տարբերակից։
Ինչպե՞ս կզարգանա իրավիճակը մոտ ապագայում
Վերջերս իրանա-ադրբեջանական «Հասանլի» և «Խուդաֆերին» ՀԷԿ-երի գործարկումը Արաքսի ստորին հոսանքում (թափվում է Քուռ, ապա՝ Կասպից ծով) նվազեցրել են գետի հոսքը նշված հիդրոտեխնիկական կառույցներից արևելք, ուստի իրանական հիշյալ նախագիծն առավել ևս անիրագործելի է: Իսկ եթե Արաքսի հոսանքի նախիջևանյան հատվածից ջրագիծ անցկացվի, ապա այդ դեպքում ոչ միայն նշված ՀԷԿ-երը, այլև Արաքսի հայ-իրանական հատվածը (46 կմ) երկարատև չորային շրջանում սակավաջրային, կամ էլ գրեթե «ջրազրկված» կդառնա:

Ըստ առկա տեղեկությունների՝ 2018-19 թվականներին Թեհրանը ոչ պաշտոնապես դիմել է Երևանին՝ Արաքսից Ուրմիա հնարավոր ջրահեռացման վերաբերյալ, սակայն հայկական կողմը չի աջակցել այդ գաղափարին: Անուղղակի, եթե ոչ ուղղակի արդյունք էին այն մեղադրանքները, թե Հայաստանի հարակից տարածաշրջանի ձեռնակություններն իբր աղտոտում են գետը։
Օրինակ, 2019-ի նոյեմբերի 26-ին կառավարական Tehran Times-ը հայտնել է․
«…Իրանի համար գյուղատնտեսական, ձկնատնտեսական, էներգետիկ և զբոսաշրջային մեծ նշանակություն ունեցող անդրսահմանային Արաքս գետը աղտոտվում է Հայաստանից կեղտաջրերի ներհոսքի հետևանքով:
Վերջին տասնամյակում հայկական գործարաններից ծանր մետաղների արտահոսքի պատճառով գետն «իբր» վերածվել է աղտոտման աղբյուրի և «անգամ» սպառնալիք է ներկայացնում երկրի հյուսիս-արևմտյան հատվածում բնակվող մարդկանց կյանքի համար»: Նշվում է՝ Իրանի իշխանություններն «առայժմ խուսափում են պաշտոնական բողոքներ ներկայացնել, որպեսզի չփչացնեն երկկողմ հարաբերությունները։ Սակայն այդ հարցը պետք է լուծվի կամ երկու երկրների միջև համաձայնագրերով, կամ միջազգային միջամտությամբ»։
Ահա այսպես, ոչ ավել, ոչ պակաս: ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) և շրջակա միջավայրի նախարարությունը չեն արձագանքել վերոնշյալ հրապարակմանը․..
Կարելի է ենթադրել՝ Երևանի (ինչպես, ի դեպ, Բաքվի) բացասական դիրքորոշումն Արաքսի կողմից այժմ արդեն նախկին Ուրմիա լիճը սնուցելու հեռանկարների վերաբերյալ մնում է նույնը։ Այսպես թե այնպես, ս.թ. փետրվարի վերջին Իրանում վերսկսվեց նույն արշավը… Իրանցի գիտնականները մանրակրկիտ ուսումնասիրություններ են անցկացրել Արազ (Արաքս) սահմանային գետի վերաբերյալ, որոնք հաստատել են՝ «Հայաստանը մշտապես աղտոտում է գետը ծանր մետաղներով» և նույնիսկ, իբր, «Մեծամորի ԱԷԿ-ի թափոններով առնվազն 15 տարի»:

Հստակեցվում է՝ 2023 թվականի նոյեմբերին հարևան երկրների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել «գետի աղտոտման գործոնների վերացման մասին (սա պայանավորվածություն է Արաքսի աղտոտման փոխադարձ գործոնների վերացման մասին) առաջիկա 1 տարվա ընթացքում, բայց կոնկրետ արդյունքներ չկան. Հայաստանը քայլեր չի ձեռնարկում այդ խնդիրը վերացնելու ուղղությամբ»։
Բայց արդյո՞ք միայն Հայաստանն է աղտոտում Իրանի հետ սահմանակից Արաքսի հատվածը և համապատասխան միջոցներ չի ձեռնարկում: Հազիվ, արդեն աշխարհագրական պատճառով․..
Բացի այդ, Ուրմիայի շրջակայքում և մերձակայքում անտառային գոտի ստեղծելու նախագծեր են շրջանառվել. արհեստական լճակներ՝ դրա համար օգտագործելով, այդ թվում՝ նույն նախկին լճի մոտակայքում գտնվող 4 քաղցրահամ փոքրիկ լճակներ. Ուրմիայի ափին ջրի աղազերծման/աղազերծման կայանքների ներդրում:
Արդյո՞ք դրանք կյանքի կկոչվեն, առանձին հարց է, սակայն, ամեն դեպքում, Թեհրանում հազիվ թե որոշեն միակողմանիորեն կառուցել Արաքսից, առանց Բաքվի կամ Երևանի հետ համաձայնեցման, ջրահեռացում, որոնք, կարելի է ենթադրել, կհամակարգեն համատարածաշրջանային խնդիրների մոտեցումները։
Առավել ևս, որ 1999 թվականից իրանական գազի հիման վրա Հայաստանի էներգախողովակի հաշվին Իրանի հյուսիս-արևմտյան հատվածում էլեկտրաէներգիայի պահանջարկն ապահովվում է առնվազն 35%-ով, իսկ Արաքսի վրա նշված ՀԷԿ-երը լրացնում են այդ ցուցանիշը ավելի քան մեկ երրորդով՝ ապահովելով նաև Իրանի սահմանակից շրջաններում գյուղատնտեսական ջրօգտագործման գրեթե մեկ երրորդը։
ԱԼԵՔՍԵՅ ԲԱԼԻԵՎ
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի
