Արցախում տեղի է ունեցել ցեղասպանություն, և սրա մասին մենք՝ գիտնականներս, լռել չենք կարող. Արման Խաչատրյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Արման Խաչատրյանի ֆեսյբուքյան գրառումը
Սույն հրապարակումը կատարում եմ իբրև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող՝ արտահայտելով միայն իմ սեփական կարծիքը՝ օգտվելով հետազոտողի ակադեմիական ազատության և համոզմունքների, հետազոտողի ազատ մտքի և այս ամենին համապատասխան գործելու և խոսելու անքակտելի իմ իրավունքից։
Չեմ անդրադառնալու վերջին օրերին կատարվող դեպքերի մանրամասներին, իրերի ժամանակային հաջորդականությանը, պատճառներին և բացթողումների իրական մեղավորներին հիմնականում մի քանի պատճառով։ Նախ, ինչ այս հարցը իջել է օրակարգ, իմ մի քանի գործընկերներ թե ՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս, արդեն մանրամասն անդրադարձել են եղելություններին, որոնց իրականում ավելացնելու շատ բան չունեմ, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ մամուլը այս օրերին բավականին ճշգրիտ ներկայացնում էր եղելության իրական պատճառները և ընթացքը, հարկ չեմ համարում ծանրանալ վերոնշյալ հարցերի վրա: Այնուամենայնիվ, հպանցիկ ցանկանում եմ նշել, որ Էդիտա Գզոյանին աշխատանքից ստիպողաբար հեռացնելու ՀՀ վարչապետի որոշման հետ բացարձակապես համաձայն չեմ, որն առնվազն համարում եմ անարդար, իսկ մինչ այժմ Գզոյանի վերաբերյալ համընդհանուր մասնագիտական կարծիքները կիսում եմ և դրանց ավելացնելու որևէ բան չունեմ։
ՀՀ վարչապետի՝ թեմայի վերաբերյալ վերջին հայտարարությունից հետո, կարծում եմ, շատ բան չկա ասելու։ Բայց կան արձանագրումներ, որոնք ես՝ իբրև ՀՑԹԻ-ի գիտաշխատող, պետք է կատարեմ։
ԱՌԱՋԻՆ։ ՀՑԹԻ-ն ունի հիմնադրամի կարգավիճակ, և իմ կարծիքով, հիմնադրամների գործունեությունը կարգավորող օրենքը իր բովանդակությամբ ունի մի մեծ բացթողում․ այնտեղ հասարակ գիտաշխատողները կամ անձնակազմը որևէ ազդեցություն չեն կարող ունենալ դրանց կառավարման հարցերում, առավել ևս չունեն որևէ լծակ ազդելու որոշումները ընդունող հոգաբարձուների խորհուրդների, էլ չեմ ասում՝ դրանցից վերև գտնվող օղակների վրա։ Ստացվում է, որ ՀՑԹԻ-ի, ինչպես նաև օրինակ մեկ այլ հիմնադրամ՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենների ընտրության հարցում որևէ ազդեցություն չեն կարող ունենալ սույն հաստատությունների գիտնական աշխատակիցները։
Ուստի ես՝ որպես ՀՑԹԻ-ի աշխատակից և հետազոտող, հիմնադրամների մասին օրենքի «շնորհիվ» որևէ իրավական գործիքակազմ չունեմ ազդելու ո՛չ տնօրենի ընտրության, ո՛չ ընդունվող որոշումների, ո՛չ էլ առավել ևս ՀՑԹԻ-ի գիտական քաղաքականության մշակման և իրացման հարցերում։ Դա նույնն է, թե քաղաքացիները որևէ լծակ չունենան իրենց քաղաքական իշխանություններին ընտրելու հարցում։ Այսինքն՝ հիմնադրամներում իշխանությունը չի պատկանում «ժողովրդին», այլ պատկանում է հոգաբարձուների խորհուրդ կոչվող խմբակին կամ դրանից վեր գտնվող մարմիններին։
Այնուամենայնիվ, ես ինձ իրավունք եմ վերապահում պահանջելու, որ ՀՑԹԻ-ի տնօրենի նշանակման հարցում հոգաբարձուների խորհուրդը հարցնի իմ՝ ՀՑԹԻ-ում գիտությամբ զբաղվողիս կարծիքը, իսկ շատ ավելի լավ կլիներ, որ դա չլիներ միայն ձևական կարծիքի հարցում, այլ ես ունենայի նաև որոշումների ընդունման վրա ազդելու հստակ իրավական լծակ։ Անձամբ ես՝ իբրև ՀՑԹԻ-ի գիտական համայնքի մի մասնիկ, վիրավորված եմ, որ հոգաբարձուների խորհուրդը ազատում, ապա նշանակում է ՀՑԹԻ-ի տնօրեն առանց իմ կամ իմ մյուս գործընկերների կարծիքը հարցնելու՝ առավել ևս հաշվի չի առնում ՀՑԹԻ-ի ողջ անձնակազմի (առանց բացառության բոլորի) իրեն ուղղված դիմումը՝ վերանայելու իր ընդունած ոչ արդարացի որոշումները։
Հե՜յ, պարոնայք և տիկնայք էլիտիստներ՝ թանկարժեք մեքենաներով և բարձր պաշտոններով, ես այստեղ եմ, ե՛կեք և ինձ հարցրե՛ք, և հաշվի՛ առեք իմ կարծիքը, մինչև որ որոշումներ կընդունեք իմ գործունեության հետ անմիջական կապ ունեցող աշխատակցին ազատելու կամ նշանակելու հարցում։ Ուստի հասկանալով, որ չունեմ դրա իրավական իրավունքը (պայմանավորված հիմնադրամների մասին խայտառակ օրենքով), սույնով իմ անհամաձայնությունն եմ հայտնում նմանօրինակ որոշումներ կայացնող մարմիններին՝ որոշումները ընդունելուց առաջ գիտական համայնքի կարծիքը և դիրքորոշումը չհարցնելու և առանց մեր մասնակցության՝ մեր կամքին հակառակ՝ արդեն հրամայված որոշումները իրականացնելու համար։
ԵՐԿՐՈՐԴ։ Երբ ԿԳՄՍՆ-ի հանրահռչակած գիտական նոր քաղաքականությանը զուգընթաց գիտական ինստիտուտի (որն ունի նաև կրթական բաղադրիչ) գիտնական տնօրենին ազատում են շինարարության հետ կապված խնդիրների մասին պատրվակով (հղումը վերցրել եմ հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ տիկին Հրանուշ Խառատյանի հրապարակային խոսքից) և փոխարենը նշանակում են մասնագիտությամբ դիվանագետի՝ հիմք ընդունելով միայն ՀՀ վարչապետի ցուցումը, ապա ես՝ որպես ՀՑԹԻ-ի գիտաշխատող, ստանում եմ հետևյալ ազդակը, որ այս հարցում որոշում ընդունողը փորձում է բացարձակապես քաղաքականացնել ՀՑԹԻ-ն՝ այն հարմարեցնելով օրվա իր արտաքին քաղաքական կուրսին։
Անձամբ ես չեմ կարող հավատալ մի քաղաքական իշխանության կողմից տրված հավաստիացումներին առ այն, որ ՀՑԹԻ-ն նույնությամբ շարունակելու է իր գիտական գործունեությունը մի պարզ պատճառով, որովհետև այդ նույն իշխանությունը տնօրենին ազատեց բերելով իրարամերժ պատճառաբանություններ։ Սակայն ինչպես բացահայտ հայտարարեց ՀՀ վարչապետը տնօրենին ազատելու իրական և գլխավոր պատճառը թերևս այն է եղել, որ վերջինս ԱՄՆ փոխնախագահ Վենսին և իր տիկնոջը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցի ժամանակ փոխնախագահին ի թիվս այլ գրքերի հետևյալ գիրքն է նվիրել՝ Ara Ketibian, Azeri Aggression Against Armenians in Transcaucasia (1905-1921): Report from the U.S. Press (Yerevan: Areg Publishing House, 2020)։ Եթե Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիր ուղեկցվող պաշտոնյաններին ներկայացվում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստեր, որոնք միգուցե որոշ մարդիկ ընդունեն իբրև քաղաքական ակտ, ապա նույնիսկ այդ պարագայում, դրանք միշտ եղել են ԳԻՏԱՀԵՆ, իրենց մեջ չեն պարունակել պատմության կամ պատմական փաստերի կեղծում և անտեսում, և երբեք չեն կարող որակվել որպես քաղաքական պրոպագանդա մի պարզ պատճառով, որ դրանք եղել են և կան ԱՆԱՌԱՐԿԵԼԻ ԳԻՏԱԿԱՆ ՓԱՍՏԵՐ, նաև լայնորեն ճանաչված և ընդունված ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ։
ՀՑԹԻ-ն քաղաքական մարմին չէ, այն գիտահետազոտական հաստատություն է՝ երկու բաղադրիչով՝ թանգարանով և դրան կից գիտական ինստիտուտով։ Այն պնդումները, որ այն ստեղծվել է սպասարկելու համար Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքական օրակարգը, համարում եմ ոչ արհեստավարժ և մանիպուլյատիվ։ Բացի դրանից, առնվազն 2024 թվականի սեպտեմբերից, երբ ես միացել եմ ՀՑԹԻ-ի գիտական թևին, չեմ նկատել, որ գիտությունը այս հաստատությունում լինի երկրի արտաքին քաղաքականության աղախինը կամ սպասարկուն։ Ավելին, ՀՑԹԻ-ում իմ աշխատած շրջանում միշտ ականատես եմ եղել, որ պետական պաշտոնյանների այցերից հետո ՀՑԹԻ-ի պաշտոնական սոցիալական էջերում տարածված կարճ հաղորդագրությունները եղել են ինստիտուտի կողմից իրականացվող գիտական արտադրանքին համահունչ։
Էդիտա Գզոյանի՝ որպես ՀՑԹԻ-ի տնօրեն առավելություններից մեկն էլ այն էր, որ նա չափազանց մեծ ուշադրություն էր դարձնում ՀՑԹԻ-ի գիտական գործունեությանը, ինստիտուտի գիտական վարկանիշին, դրա միջազգայնացմանը և այլն։ Նաև իր այդ մոտեցումների շնորհիվ էր, որ ես 2024 թվականին հրավիրվեցի միանալու ՀՑԹԻ-ի գիտական խմբին։ Բացի վերոնշված փաստերից, թանգարան-ինստիտուտի հիմնական գործառույթը ի թիվս այլ գործառույթների Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունն է (ինստիտուտ) և դրա հիշողության պահպանումն ու հանրահռչակումը (թանգարան): Ուստի ՀՑԹԻ-ի տնօրենը «պետական պաշտոնյա» չէ, իսկ ես կամ ՀՑԹԻ-ի իմ մյուս գործընկերները պետական չինովնիկներ չենք, այլ հետազոտողներ և գիտնականներ։
Այս ամենին ի հավելում, մամուլից նաև տեղեկացա, որ ՀՑԹԻ-ի նորանշանակ տնօրենի պաշտոնակատարը՝ Հրաչյա Թաշչյանը եղել է ՀՀ վարչապետի օգնականը, ուստի կարող եմ ենթադրել, որ վերջինիս հետ ունի անձնական կապեր, և նկատի ունենալով ՀՀ վարչապետի ինքնախոստովանությունը ՀՑԹԻ-ի տնօրենին ազատելու հարցում, կարող եմ ունենալ ողջամիտ կասկածներ, որ ՀՀ վարչապետը ամեն պատեհ կամ անպատեհ առիթով իր կամքն ու որոշումներն է պարտադրելու ՀՑԹԻ-ին։ ՀՀ որևէ վարչապետ չի կարող իրեն վերապահել իրավունք գրաքննության ենթարկել որևէ գիտական հարց որևէ գիտական հաստատության ներսում, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է։
Հետևաբար, հաշվի առնելով վերոնշվածը՝ համարում եմ, որ ՀՀ իշխանությունները տանում են ՀՑԹԻ-ն արտաքին գործերի նախարարությանը կից մարմին՝ կցորդ դարձնելու քաղաքականություն՝ ՀՑԹԻ-ի գիտահետազոտական առանցքային և գլխավոր գործառութային բաղադրիչի թուլացման կամ վերացման հաշվին, ուստի սույնով հայտնում եմ իմ խորին անհամաձայնությունը այդ քաղաքականության նկատմամբ։
ԵՐՐՈՐԴ։ Ես՝ իբրև ՀՑԹԻ-ի գիտաշխատող, անշուշտ, որևէ կապ չեմ ունեցել և ունենալ չեմ կարող պաշտոնյաններին ընդունող արարողակարգային միջոցառման հետ, սակայն դատելով ՀՀ վարչապետի ճեպազրույցից՝ կարող եմ ունենալ ողջամիտ կասկածներ, որ այլևս նոր տնօրենը հյուրերին չի ուղեկցելու Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակին նվիրված երեք խաչքարերի, ինչպես նաև Արցախյան առաջին ազատամարտին զոհ գնացած հինգ ազատամարտիկների շիրիմների մոտ, առավել ևս չի խոսելու Արցախի ցեղասպանության (կամ էթնիկ զտման կամ թե կուզեք՝ բռնի տեղահանման) մասին։
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի նվիրված հուշահամալիրի մոտ այցելուները ԼՌԵԼՈՒ մեկ պահի իրավունք ունեն միայն, և դա այն պահն է, երբ ծաղիկներ են խոնարհում ի նշան հարգանքի։ Լռության այլ դրսևորումները ինձ համար կտրականապես անընդունելի են։ Եթե նույնիսկ ոմանք պնդում են, թե Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը քաղաքականացված վայր է և ստեղծվել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը կամ պահանջատիրությանը զարկ տալու համար, նույնիսկ այդ դեպքում, ես գտնում եմ, որ պետք է իրականացվի ակտիվ քաղաքականություն ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլ նաև վերջերս Արցախի և դրա հայ բնակչության հետ տեղի ունեցած մարդկության դեմ հանցագործության մասին անկաշկանդորեն խոսելով։
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՐԵՆ լռելը պետք է թողնել դիվանագետներին՝ դիվանագիտությամբ զբաղվելիս օգտագործել կամ չօգտագործել այդ գործիքը, սակայն Հայոց ցեղասպանության հուշահամալիրը ո՛չ լռելու, և ո՛չ էլ առավել ևս կոմպրոմիսներ խաղարկելու վայր է։ Ամենևին պարտադիր չէ, որ հյուրերին ուղեկցող տնօրենը արտասանի տեքստեր, որոնք գրվել են երկրի վարչապետի գրասենյակում՝ վերջինիս քաղաքական քիմքին համապատասխան։
Ուստի, հաշվի առնելով վերոշարադրվածի վերաբերյալ այս պահին առկա, իմ կարծիքով, ողջամիտ կասկածները, ինչպես նաև ապագայում նմանօրինակ երևույթների կրկնության խիստ անցանկալի հեռանկարը, սույնով հայտնում եմ իմ անհամաձայնությունը։
ՉՈՐՐՈՐԴ։ Ըստ ՀՀ վարչապետի` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը չի կարող Արցախի թեմայով գիրք նվիրել հուշահամալիր այցելող որևէ պաշտոնյայի, որովհետև ինչպես վերջինս շեշտում է՝ սա պետություն է, իսկ նմանատիպ գիրք նվիրելը՝ սադրիչ գործողություն։ Իմ գնահատմամբ այդ անմեղ և ոչ սադրիչ արարքի համար պատժելով իր քաղաքական թիմի անդամ չհանդիսացող Գզոյանին՝ ՀՀ վարչապետը նրան դարձնում է քավության նոխազ՝ ցույց տալով, որ ցանկացած ոք՝ լինի գիտնական, պետական պաշտոնյա, համախոհ, հակառակորդ, թե մեկ այլ անձ , եթե շարունակի խոսել Արցախի թեմայով՝ խիստ կպատժվի։ Ուստի, սույնով իմ զայրույթն ու խիստ անհամաձայնությունն եմ հայտնում ՀՀ վարչապետի՝ իմ կարծիքով գիտական համայնքին վախեցնելու քաղաքականությանը։
Այս շարքը երկար է, սակայն կուզենայի ամփոփել՝ նշելով, որ մի կարճ հանդիպման ընթացքում ես նաև առիթ եմ ունեցել վերը շարադրվածի մի կարևոր մասը ասելու նաև ՀՑԹԻ-ի տնօրենի նորանշանակ պաշտոնատար պարոն Հրաչյա Թաշչյանին։ 2013-2020 թվականներին սովորելով Իսրայելում և լինելով տեղի գիտական ակադեմիական շրջանակների մաս՝ իբրև դոկտորանտուրայի ուսանող, կարող եմ փաստել, որ ակադեմիական ազատությունն ու գիտնականի սոցիալական անվտանգությունն ու խղճի թելադրանքով գործելու իրավունքները սրբազան են այդ երկրում։
Չեմ կարող պատկերացնել իրավիճակ, երբ որևէ իսրայելցի պաշտոնյա հրամայեր ազատել Յադ Վաշեմի (Հոլոքոստի թանգարանի) որևէ տնօրենի, որևէ պաշտոնյայի Հոլոքոստի կամ հրեական որևէ ջարդի վերաբերյալ գիրք նվիրելու կամ դրա մասին խոսելու համար։ Արցախում տեղի է ունեցել ցեղասպանություն, և սրա մասին մենք՝ գիտնականներս, որևէ տեղ և որևէ ձևով լռել չենք կարող։



