Պատերազմի հրձիգը՝ խաղաղության մասին խոստումների ներքո
2023 թվականի հուլիսի 10-ին «Փաշինյանի՝ պատերազմի հրձիգի փնտրտուքի հետքերով. Պատերազմից առաջ և հետո» վերտառությամբ վերլուծություն էինք հրապարակել, որտեղ ըստ ժամանակագրության և քաղաքական պահի՝ ներկայացրել ենք, թե Նիկոլ Փաշինյանն ինչն է համարել պատերազմի հրձիգ: Իհարկե, այս ընթացքում Փաշինյանի կողմից արդեն հնչեցված պատերազմական պատճառների թիվն ավելացվել է:
Իսկ հիմա նա պատերազմի հրձիգ է համարում Վեհափառին և Հայ Առաքելական Եկեղեցին, որովհետև հանդգնում են պատարագի ժամանակ ասել՝ օրհնում են Արցախի Հանրապետությունը, խոսում են արցախահայերի իրավունքից:
Եվ ոչինչ, որ նախկին նախագահները կամ ընդդիմադիր ուժերը նշում են, որ այսօր Արցախ վերադարձը ոչ մի կերպ չեն պատկերացնում, իրատեսական չէ, և, որ դրա համար մի շարք հարցեր պիտի լուծվեն, որոնք առաջիկա տարիներին, թերևս, հնարավոր չէ: Այսինքն, այստեղ էլ Փաշինյանի խոսքում կա քաղաքական մանիպուլյացիա:
Մյուս կողմից՝ կարելի է, չէ՞, այնպես անել, որ հայկական գերեզմանները չոչնչացվեն, հայկական հետքը չոչնչացվի Բաքվի կողմից, որ արցախցիները կարողանան կամ այցելել իրենց զավակների, ամուսիների, ծնողների գերեզմաններին, կամ՝ արտաշիրմում իրականացնել և իրենց հարազատների մարմինները Հայաստան բերել։ Սա պատերազմի հրձի՞գ է, թե՞ մարդու միջազգային իրավունք:
Մեկ այլ բան՝ երբ, օրինակ, Փաշինյանի ընդդիմախոսներն ասում են՝ Արցախի էջը չպետք է փակել, դա առաջին հերթին նկատի ունեն՝ չմոռանալ Արցախյան առաջին պատերազմի հաղթանակը, 30 տարիների հանուն մի սանտիմետր հողի կյանք տվածներին, նրանց կենսագրությունը, և զբաղվել նրանով, ինչի մասին ասացի:
Կարո՞ղ է վաղը պատերազմի հրձիգ համարվի հենց նույն 44-օրյա պատերազմում զոհված զինվորների, սպաների, հրամանատարների մասին հիշատակումները հոդվածների տեսքով, կամ՝ Եռաբլուրում Արցախի դրոշի առկայությունը շիրիմների մոտ: Առաջին հերթին սա է կոչվում Արցախի էջը չփակել, և սա չի կարող պատերազմի հրձիգ լինել, ինչպես պնդում է Նիկոլ Փաշինյանը, և ինչը հարց է՝ արդյո՞ք պահանջում է Ալիևը:
Ի դեպ, 44-օրյա պատերազմի օրերին՝ 2020 թվականի հոկտեմբերի 16-ին, Երևանից Արցախ պատերազմ մեկնող պահեստազորայիններին ճանապարհելիս՝ ասել էր.
«Դուք գնում եք այնտեղ՝ ձեր ննջարանները պաշտպանելու, ձեր ննջարանների մուտքերը պաշտպանելու, ձեր շքամուտքերը պաշտպանելու, ձեր շենքերը պաշտպանելու, ձեր բակերը պաշտպանելու»:
Այսինքն, 44-օրյա պատերազմի ելքն ուղիղ կապ ուներ ՀՀ անվտանգության հետ, բայց ոչ այն համատեքստում, որ շատերը սիրում են ասել, այլ՝ աշխարհագրական դիրքի առումով, որը աշխարհաքաղաքական որոշակի խաղաքարտ էր մեր ձեռքում: Իսկ իրականում 30 տարի Հայաստանի Հանրապետությունն է եղել Արցախի անվտանգության երաշխավորը, և երբ դադարեց լինել, կորցրեցինք Արցախը, այո՛, աշխարհագրական առումով թուլացնելով ՀՀ անվտանգությունը:
Բայց նույնիսկ 44-օրյա պատերազմի արդյունքների պարագայում կարելի էր ունենալ հնարավորինս ամուր անվտանգություն և ՀՀ-ից տարածքներ չկորցնել: Սա առանձին քննարկման թեմա է:
Այս համատեքստում չմոռանանք Արցախի կարգավիճակի հարցում Փաշինյանի տեսակետների ռևոլյուցիան կամ էվոլյուցիան, որը 168.am-ը նույնպես մանրամասն ներկայացրել է:
Վերադառնանք պատերազմ սադրել-չսադրելու թեմային:
168.am-ը պատերազմից հետո մանրամասն ներկայացրել է պատերազմական նախազգուշացումների խրոնոլոգիան, և, թե ինչպես է իրեն դրսևորել Նիկոլ Փաշինյանը՝ այս նախազգուշացումներն ունենալով իր ձեռքի տակ, ինչ սադրիչ քայլերի է գնացել՝ տարաբնույթ հայտարարություններից մինչև Սարդարապատում հուլիսյան հաղթանակի մասնակիցների պարգևատրում 44-օրյա պատերազմից մեկ ամիս առաջ:
Ի դեպ, դեռ 2019 թվականին, երբ ԳՇ պետն Արտակ Դավթյանն էր, մեր տեղեկություններով, ԳՇ-ում խորհրդակցությունների ժամանակ պատերազմի հավանականությունը ևս բարձր է գնահատվել, նույնիսկ նշվել է, որ հաջորդ պատերազմը լինելու է ավելի լայնածավալ, քան 2016 թվականի Ապրիլյան պատերազմը: Ընդ որում, այս միտքը Դավթյանը մի առիթով ասել է նաև Սաթիկ Սեյրանյանին տված հարցազրույցի ժամանակ:
Այստեղ հարկ է հիշել, թե ինչպես էր Փաշինյանը 2018 թվականի իշխանափոխությունից հետո մերժում «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը, համարում անընդունելի, իսկ հետո բազմիցս նշում, որ եթե տարածքներ հանձնեին, իրեն կհամարեին դավաճան: Եվ սա՝ և՛ պատերազմից առաջ, և՛ պատերազմի ընթացքում, և՛ դրանից հետո:
Հիշենք Փաշինյանի հայտնի խոստովանությունը՝ «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ առանց զոհերի»: Ինչո՞ւ դա չի արվել, ինչո՞ւ պատերազմի 4-րդ օրը ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի առաջարկը չի ընդունվել: Գուցե այդպես էր պետք:
Եվ հիմա, երբ Նիկոլ Փաշինյանն իր կուսակցությունը համարում է «խաղաղության կուսակցություն», իսկ Եկեղեցուն կամ ընդդիմախոսներին՝ պատերազմի, ծիծաղելի է:
Ինչո՞ւ, որովհետև 8 տարվա մեջ Փաշինյանի իշխանության օրոք ստացել ենք 2020 թվականի 44-օրյա պատերազմը՝ մի քանի հազար զոհով, տարածքային կորուստներով և նոյեմբերի 9-ի փաստաթղթով, որով բանակի պահած տարածքները հանձնվեցին, սրան հաջորդել է 2021 թվականի մայիսյան ադրբեջանական ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք, բայց այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը նախընտրական հանդիպումներում շարունակում էր խաղաղություն խոստանալ: Ընտրվեց:
Իսկ դրանից ամիսներ հետո ունեցանք 2021 թվականի նոյեմբերյան մարտերը, 2022 թվականին սեպտեմբերյան մարտերը, որի ժամանակ մի քանի ժամում ավելի քան 200 զոհ ենք տվել, ունեցել ենք տարածքային կորուստներ, Ադրբեջանը մտել է Ջերմուկ:
Ավելին, 2021 թվականի ընտրություններից հետո Փաշինյանը նաև հայտարարել էր, որ իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններում ՀՀ քաղաքացիներից ստացել է Հայաստանի և Արցախի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ:
Եվ ի՞նչ: 2023 թվականին Արցախը հայաթափվեց:
Հիմա ո՞վ է պատերազմի կուսակցությունը, և արդյո՞ք պետք է հավատալ նման իշխանության խաղաղության խոստումներին: Ի դեպ, հակառակորդը կարող է պատերազմ մղել ենթադրյալ խաղաղ պայմաններում, ենթադրյալ խաղաղ զենքերով:
Իսկ այն, որ Փաշինյանն ասում է՝ ինքն է որոշում ՀՀ արտաքին քաղաքականությունը, և որևէ մեկն իրավունք չունի ընդդիմանալ: Շատ լավ, այդ դեպքում Փաշինյանին նորից հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմը եղավ, որովհետև ձախողվեց իր գծած արտաքին քաղաքական գիծը, երկրորդ, պատերազմը վարում է պետությունը, իսկ նա ՀՀ-ում ռազմական դրության պայմաններում ստանձնել էր գերագույն հրամանատարի լիազորություններ, ինչի՞ չի կրում պատասխանատվություն պատերազմում պարտության համար, և իր արտաքին քաղաքականությունն իրականացնողները, ինչի՞ է թողնվել միայն բանակի վրա, որը հիմա հանկարծ որոշվեց դարձնել պահուստային:
Խաղաղության մասին խոստումները, այն էլ՝ չկատարված, չեն «ջրում» բերված պատերազմների, դրանց արդյունքների և հետևանքների պատասխանատվությունը:



