ԱՄՆ զորքին հրահանգվել է, որ Իրանի դեմ պատերազմն «Արմագեդոնի» ու Հիսուսի վերադարձի (երկրորդ գալստյան) համար է

Իրավապաշտպան խումբն ահազանգում է, որ զինված ուժերի բոլոր տեսակների ավելի քան 30 զորամասերում հրամանատարները նմանատիպ հաղորդագրություններ են փոխանցում իրենց անձնակազմին։ Այս մասին չինական Asia Times առցանց պարբերականում հրապարակված իր հոդվածում գրում է վետերան լրագրող Ջոնաթան Լարսենը։

Ըստ ենթասպաներից մեկի ներկայացրած բողոքի՝ մարտական ստորաբաժանման հրամանատարներից մեկը երկուշաբթի օրը տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ կրտսեր սպայական կազմին ասել է, որ Իրանի հետ պատերազմը Աստծո ծրագրի մի մասն է, և, որ նախագահ Դոնալդ Թրամփն «օծված է Հիսուսի կողմից՝ Արմագեդոնի ազդանշանային կրակը Իրանում բոցավառելու և Նրա վերադարձը Երկիր նշանավորելու համար»։

Շաբաթ առավոտից մինչև երկուշաբթի գիշեր «Զինվորական կրոնական ազատության հիմնադրամը» (MRFF) արձանագրել է ավելի քան 110 նմանատիպ բողոք բանակային զորամասերի հրամանատարների վերաբերյալ։ Երկուշաբթի երեկոյան MRFF-ն ինձ հայտնեց, որ բողոքները ստացվել են ավելի քան 40 տարբեր ստորաբաժանումներից, որոնք տեղակայված են առնվազն 30 ռազմակայաններում։

Հիմնադրամը պահպանում է բողոքողների անանունությունը՝ Պաշտպանության նախարարության կողմից հնարավոր հետապնդումները կանխելու համար։ Պենտագոնն անմիջապես չարձագանքեց մեկնաբանություն տալու իմ հարցմանը։

[Asia Times-ի խմբագրի լրացում. չորեքշաբթի օրը Google-ի արհեստական բանականությանը հարցում է ուղղվել՝ արդյո՞ք Պենտագոնը որևէ մեկնաբանություն տվել է սույն հոդվածի առանցքում գտնվող մեղադրանքներին։ Ի պատասխան՝ նշվել է, որ Պենտագոնը չի արձագանքել բազմաթիվ լրատվամիջոցների կոնկրետ հարցումներին։ Երբ հարցն ուղղվել է Պենտագոնի մամուլի խոսնակին, վերջինս ուղիղ չի պատասխանել հարցին, այլ հղում է արել պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի՝ երկուշաբթի օրվա ելույթին «ԱՄՆ մտադրությունների» մասին։ Պենտագոնը չի հրապարակել որևէ «պաշտոնական ուղեցույց», որը Իրանի դեմ գործողությունը կներկայացներ որպես քրիստոնեական սրբազան պատերազմ կամ քայլ դեպի Արմագեդոն։ Կառավարության պաշտոնական հիմնավորումը կենտրոնացած է Իրանը որպես անվտանգային սպառնալիք դիտարկելու վրա։]

Բողոքողներից մեկը, որն իրեն նույնականացրել է որպես սերժանտական կազմի ներկայացուցիչ՝ ներկայումս Իրանի ռազմական գործողությունների գոտուց դուրս գտնվող, բայց «մշտական պատրաստության» կարգավիճակ ունեցող ստորաբաժանման, նշել է, որ ինքը քրիստոնյա է և նամակ է գրել MRFF-ին 15 զինծառայողի անունից (որոնցից 11-ը քրիստոնյա են, մեկը՝ մուսուլման, մեկը՝ հրեա)։

Սերժանտը MRFF-ին գրել է, որ իրենց հրամանատարը «հորդորել է մեզ ասել մեր զինվորներին, որ սա «ամբողջությամբ Աստծո աստվածային ծրագրի մի մասն է», և նա հատուկ հղումներ է կատարել Հայտնության գրքի բազմաթիվ հատվածների, որոնք վերաբերում են Արմագեդոնին և Հիսուս Քրիստոսի մոտալուտ վերադարձին»։

Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը ավետարանչական քրիստոնեությունն ամրապնդել է ԱՄՆ զինված ուժերի ամենաբարձր օղակներում՝ Պենտագոնի ողջ տարածքում անցկացնելով ամենամսյա աղոթքի հանդիպումներ։ Անցյալ տարի Պենտագոնը հաստատել էր, ի պատասխան իմ հարցման, որ Հեգսեթը մասնակցում է Աստվածաշնչի ուսումնասիրության՝ Սպիտակ տանն անցկացվող ամենշաբաթյա դասերին։ Դրանք վարում է մի քարոզիչ, ով պնդում է, թե Աստված հրամայում է Ամերիկային աջակցել Իսրայելին։

Սերժանտի երկուշաբթի օրվա նամակում նշվում է, որ հրամանատարի խոսքերը «քայքայում են բարոյահոգեբանական վիճակը և ստորաբաժանման համախմբվածությունը, ինչպես նաև խախտում են Սահմանադրությունը պաշտպանելու մեր տված երդումը»։

MRFF-ի նախագահ և հիմնադիր Միքի Վայնշտեյնը՝ ռազմաօդային ուժերի վետերան և Ռեյգանի վարչակազմի նախկին աշխատակիցը, ինձ ասաց, որ շաբաթ առավոտյան Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակվելուց ի վեր, հիմնադրամը «ողողված է» նմանատիպ բողոքներով. «Այս բոլոր զանգերը մեկ ընդհանուր անիծյալ բան ունեն. մեր հաճախորդները հայտնում են իրենց հրամանատարների և հրամանատարական օղակների անսահմանափակ էյֆորիայի մասին առ այն, թե ինչպես է այս նոր «աստվածաշնչյան օրհնություն ստացած» պատերազմը Նոր Կտակարանի Հայտնության գրքում վառ նկարագրված հիմնարար քրիստոնեական «Վերջին ժամանակների» արագացված մոտեցման անհերքելի նշանը։

Նրանց հրամանատարներից շատերը հատկապես հիացած են նրանով, թե որքան պատկերավոր է լինելու այս ճակատամարտը՝ կենտրոնանալով այն բանի վրա, թե որքան արյունալի պետք է դառնա այս ամենը, որպեսզի այն իրականանա և 100 տոկոսով համապատասխանի աշխարհի վերջի՝ ֆունդամենտալիստական քրիստոնեության էսխատոլոգիային (վախճանաբանությանը)»։

Վայնշտեյնը մեջբերել է Սահմանադրության և Զինվորական արդարադատության միասնական օրենսգրքի (UCMJ) արգելքները՝ պաշտոնական զինվորական հրահանգների կամ ուղերձների մեջ կրոնական համոզմունքներ ներարկելու վերաբերյալ։

Նա հավելել է. «Ցանկացած զինվորական, որը փորձում է օգտվել իր ստորադասներից՝ Իրանի դեմ Կոնգրեսի կողմից չարտոնված այս հարձակման կրակի վրա առաջ մղելով իր արյունարբու, քրիստոնեա-նացիոնալիստական երազանքները, պետք է անմիջապես, ագրեսիվորեն ու հրապարակայնորեն հետապնդվի»։

ՋՈՆԱԹԱՆ ԼԱՐՍԵՆ

4 մարտի, 2026թ.

Իրան, Իսրայել, պատերազմ, ԱՄՆ, Ջոնաթան Լարսեն, հրամանատար, սպայական կազմ, Իրանի հետ պատերազմը՝ Աստծո ծրագրի մաս, Դոնալդ Թրամփ, օծված Հիսուսի կողմից, Արմագեդոնի ազդանշանային կրակ, Հիսուսի վերադարձ, Զինվորական կրոնական ազատության հիմնադրամ (MRFF), Պենտագոն, Փիթ Հեգսեթ, քրիստոնեական սրբազան պատերազմ, քրիստոնյա սիոնիստներ, անվտանգային սպառնալիք, խելագարություն, ԱՄՆ Կոնգրես, Միքի Վայնշտեյն, Ռեյգանի վարչակազմ, ֆունդամենտալիստական քրիստոնեություն, էսխատոլոգիա, վախճանաբանություն

asiatimes.com

Տեսանյութեր

Լրահոս