«Սա ուզում է հայ ժողովրդին վերածել ամորֆ մի բույսի. սպասեք ավելի շոկային գործողությունների և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի իշխանությունների կողմից». Հուսիկ Արա

Բանաստեղծ Հուսիկ Արայի համար վաղուց  հասկանալի է, թե ինչ է անում Նիկոլ Փաշինյանը՝ Արցախն ուրանալով, Հայաստանից տարածքներ զիջելով, և այդ համատեքստում է դիտարկում նրա վերջին հայտարարությունը, թե` «Արցախի հիմնախնդրի մասին օտարերկրացի հյուրին գրքեր նվիրելը սադրանք է՝ պատերազմի հրահրում»։

«Հիշեցնեմ՝ Արցախի պատերազմի մասնակիցներին Նիկոլ Փաշինյանն «օկուպանտ» է համարել, այդ թվում՝ իր որդուն, ով Արցախում է ծառայել։ Այս մարդը հստակ ասում էր, թե ի՞նչ գործ ունի ՀՀ զինվորն ուրիշ երկրի տարածքում։ Հիմա եթե նման բան ասողը վերընտրվի ՀՀ-ում իշխանության, շատ հավանական է, որ Արցախի պատերազմի մասնակիցներին հավաքեն տանեն Աղդամ՝ համակենտրոնացման ճամբար։ Եթե սրանք մնացին իշխանության, ոչ միայն մարդկանց Արցախի համար են դատապարտելու, ինչպես հիմա է մարդկանց աշխատանքից ազատում, այլև փոխելու է հայոց այբուբենը, կանցնի լատինատառի` հայտարարելով, թե «երկրի բոլոր խնդիրները գալիս են Մեսրոպ Մաշտոցից»։ Այդ մարդուն մեր թշնամին ինչ թելադրում է, նա շարժվում է այդ օրակարգով։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ԱՄՆ փոխնախագահին Արցախի մասին գիրք են նվիրել, դրա մասին Ադրբեջանում իմացել են ու Փաշինյանին «հուպ» են տվել, ասելով՝ «դավայ», համապատասխան միջոցներ  ձեռնարկիր»,- 168.am հետ զրույցում նշեց Հուսիկ Արան։

Բանաստեղծը հիշեցրեց՝ մեկ անգամ չէ, որ ՀՀ-ում իշխանությունները պաշտպանում են Ադրբեջանի շահերը, շեշտելով՝ դահուկորդ Միքայել Միքայելյանը կպչուն ժապավենով փակել էր իր համազգեստի վրա գրված «Ադրբեջան» անվանումը, որից հետո աշխատանքից ազատեցին ֆեդերացիայի նախագահին։ Այսպես շարունակվելու է այնքան, քանի դեռ Հայաստանի կառավարման ղեկին նստած է Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

«Սա ուզում է հայ ժողովրդին վերածել ամորֆ մի բույսի՝ ոչնչացնելով այն ամենը, ինչ որևէ կերպ աղերս ունի հայի ու Հայաստանի հետ։ Շուտով կասի՝ Անդրանիկի, Նժդեհի արձանը թշնամանք է հրահրում, պետք է ապամոնտաժվեն, փողոցների անունները պետք է փոխել, և այլն»,- հավելեց Հուսիկ Արան։

Նա նաև արձանագրեց՝ Ադրբեջանում ամեն օր պետական մակարդակով խոսում են «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մասին, սակայն այդ ամենին Հայաստանից պետական մակարդակով որևէ հակադարձում չկա, սա Հայաստանի դեմ սադրանք չէ՞։

«Պետական մակարդակով Ադրբեջանում ամեն ինչ վճռական կերպով առաջ են տանում, Սյունիքում ամեն ինչ ներկայացնում են որպես ադրբեջանական, նաև՝ ամբողջ Հայաստանը։ Ալեն Սիմոնյանն էր, չէ՞, ասում, որ «արդբեջանցիները Հայաստանում պետք է ապրեն այնպես, ինչպես հայերն են ապրում Վրաստանում»։ Այնպես որ, այս իշխանությունն Ադրբեջանի համար «կանաչ լույս» է վառել, որի պարագայում Ադրբեջանը հնարավորություն ունի իր բոլոր ցնդաբանությունները դարձնել իրականանալի և աշխարհին մատուցել որպես իրողություն»,- շեշտեց Հուսիկ Արան։

Բանաստեղծը վստահ է՝ Հայաստանի նկատմամբ այս գործողությունները տեղի կունենան այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում այս իշխանությունն է։

«Այս ամենը ոչ միայն կշարունակվի, այլև բոլոր վտանգները կդառնան իրողություններ, սպասեք ավելի շոկային գործողությունների և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի իշխանությունների կողմից»,- ընդգծեց Հուսիկ Արան։

Հիշեցնենք, որ մարտի 11-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արդեն նախկին տնօրեն Էդիտա Գզոյանն ազատման դիմում էր գրել անձամբ Նիկոլ Փաշինյանի ցուցումով։ Այս մասին խոստովանեց Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասելով, որ նա ԱՄՆ փոխնախագահին Արցախի մասին գիրք է նվիրել, այդ պատճառով էլ հորդորել է ազատման դիմում գրել։

Տեսանյութեր

Լրահոս