«Ադրբեջանում հատուկ բաժին են բացել «Արևմտյան Ադրբեջանի» համար, սա սադրանք չէ՞». Աշոտ Մելքոնյան
2024 թվականի փետրվարից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ղեկավարող Էդիտա Գզոյանն օրերս հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Ըստ տարբեր լուրերի՝ նրան պաշտոնից հեռացրել է ԿԳՄՍ նախարարը, հաշվի առնելով իբրև թե Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերանորոգման աշխատանքների հետ կապված խնդիրները։ Սակայն իրականում նրան հրաժարականի դիմում գրելու ցուցում է տվել, ո՛չ ավել, ո՛չ պակաս, Նիկոլ Փաշինյանը, քանի որ Էդիտա Գզոյանը ԱՄՆ փոխնախագահ Վենսին նվիրել էր Արցախի հակամարտության մասին գիրք։
«Երբ երկրի վարչապետն ասում է՝ ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին «Արցախյան հիմնահարց» թեմայով գիրք նվիրելն ի՞նչ է նշանակում։ Էս երկրում քանի՞ հոգի կարա արտաքին քաղաքականություն վարի։
Էս երկրում արտաքին քաղաքականություն վարում է կառավարությունը, և Հայաստանի էն պետական պաշտոնյան, ով Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը հակասող բան կասի, պետք է ազատվի աշխատանքից, էդտեղ ի՞նչ թեմա կա։ Մենք պետությո՞ւն ենք, թե՞ ինքնագործ խմբակ»,- երեկ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
ԳԱԱ ակադեմիկոս, ԳԱԱ պատմության ինստիտուտի նախկին տնօրեն Աշոտ Մելքոնյանի խոսքով՝ Էդիտա Գզոյանի արած քայլերում որևէ քաղաքական սադրանք գոյություն չունի։
«Այս քայլերում որևէ քաղաքականություն չեմ տեսնում։ Այն, որ Ադրբեջանում հայերի նկատմամբ տեղի է ունեցել էթնիկ զտում, 2020-2023 թվականներին Արցախում ցեղասպանական գործողություններ՝ փաստ է, ոչ միայն հայ մասնագետները, այլև միջազգայնագետները վաղուց այդ ամենի գնահատականը տվել են։ Հիմա եթե այս ամենի վերաբերյալ ԱՄՆ փոխնախագահ Վենսին գրականություն են նվիրում, այստեղ որևէ սադրանք չեմ տեսնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Մելքոնյանը։
Հարցին՝ մտավախություն չունի՞, որ մի օր էլ Նիկոլ Փաշինյանն, օրինակ, կարգելի պատմաբաններին տալ Արցախի անունը, կամ դադարեն խոսել Հայոց ցեղասպանության մասին, Աշոտ Մելքոնյանը պատասխանեց՝ պատմաբաններով պետք է շարունակեն իրականացնել իրենց մասնագիտական պարտականությունները։
«Անաչառ պատմություն գրելը մեր խնդիրն է, ինչին կոչված ենք և շարունակելու ենք այդպես աշխատել։ Հակառակ դեպքում, կստացվի, որ վերադառնում ենք խորհրդային ժամանակներ, երբ գոյություն ուներ քաղաքական կոնյունկտուրա. գիտությունը՝ գիտություն, քաղաքականությունը՝ քաղաքականություն։ Այսինքն՝ գիտնականը պարտավոր է պատմական ճշմարտությունը հանել ջրի երես, որքան էլ այն հաճո չլինի ինչ-որ քաղաքական ուժի կամ մեկ այլ երկրի իշխանական շրջանակների։ Հարևանների հետ միշտ էլ խնդիրներ լինում են, և մենք պարտավոր ենք բարձրաձայնել այդ խնդիրները, ինչը որ ադրբեջանցիներն անում են, այն էլ՝ գլխիվայր շուռ տալու տարբերակով։ Ադրբեջանում, իրենց պատմության ինստիտուտում ստեղծել են հատուկ բաժին՝ «Արևմտյան Ադրբեջանի» պատմությունն ուսումնասիրելու համար, սա մի՞թե սադրանք չէ, սադրանքը հենց սա՛ է»,- ընդգծեց Աշոտ Մելքոնյանը։
Հիշեցնենք, Էդիտա Գզոյանն ազատման դիմում էր ներկայացրել մարտի 11-ին։
ԱՄՆ փոխնախագահ Վենսը կնոջ հետ Ծիծեռնաբերդի հուշահամալիր էր այցելել փետրվարի 10-ին, նա գրառում էր կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի հուշամատյանում: Վենսին հուշահամալիր ուղեկցել էր Էդիտա Գզոյանը։



