«Էրդողանը լավ է պատկերացնում, թե ներքաշվելը ինչ թակարդ կարող է լինել Թուրքիայի համար. թակարդ, որի «բերանը» կարող է փակվել «հետևից»». Հակոբ Բադալյան
Հակոբ Բադալյանը գրում է. «Հերթական բալիստիկ հրթիռն է խփվել Թուրքիայում: Այս անգամ արդեն հենց Թուրքիայի երկնքում: Հիշեցնեմ, նախորդ երկուսը խփվել էր դեպի Թուրքիա ընթացքում, մինչդեռ այս մեկի դեպքում ասվում է, թե այն նույնիսկ ուներ ուղղվածություն դեպի Ինջիրլիք: Հիշեցնեմ, ամերիկյան ռազմակայան, որտեղ անգամ միջուկային պահեստարաններ կան, ըստ տեղեկության:
Հրթիռը դարձյալ խոցել է Միջերկրականի ՆԱՏՕ ՀՕՊ-ը: Թուրքիայում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Թեհրանը որեւէ կապ չունի հրթիռի արձակման հետ: Ու իրապես, հարց է առաջանում՝ Իրանի ինչի՞ն է պետք թիրախավորել Թուրքիան, եթե Թուրքիայի տարածքից չկա Իրանի թիրախավորում:
Ընդ որում, ուշադրության արժանացնեմ մի հանգամանք: Թուրքիայի արձագանքը թե երկրորդ, թե երրորդ հրթիռի կապակցությամբ կարծես թե զգալիորեն ավելի մեղմ է, քան առաջինի դեպքում: Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ Իրանը ներկայացրել է շատ ծանրակշիռ ապացույցներ, որ արձակողն ինքը չէ: Թե՞ դրան զուգահեռ, Անկարան նաեւ ունի Իրանի կարիքը Հորմուզի նեղուցում, որը Թուրքիայի համար էլ կարեւոր ուղի է:
Բարդ է ասել, բայց կրկնեմ՝ Անկարայի արձագանքը առաջին անգամ շատ ավելի սուր էր, քան երկրորդ եւ երրորդ հրթիռների դեպքում, թեեւ թվում էր, թե պետք է լինի հակառակը:
Միաժամանակ, Էրդողանն իհարկե լավ է պատկերացնում, թե ներքաշվելը ինչ թակարդ կարող է լինել Թուրքիայի համար: Ընդ որում թակարդ, որի «բերանը» կարող է փակվել «հետեւից»՝ Միջերկրականի գոտուց: Դրա վերաբերյալ բավականին անդրադարձ կատարել եմ երեկ իմ ալիքում, որը հիշեցնում եմ այս գրառման վերնամասի հղումով»:



