Մանրամասներ Իրանում նոր իշխանության ձևավորման գործընթացի մասին

Ամփոփում՝ Իրանում նոր իշխանության ձևավորման մասով

Իրանում այսօր սկսել է գործել Առաջնորդության ժամանակավոր խորհուրդը, որի մեջ են նախագահ Մասուդ Փեզեշքիանը, դատական իշխանության ղեկավար Ղոլամհոսեյն Էժեին և Պահապանների խորհրդի անդամ Ալիռեզա Արաֆին։ Այն գործելու է մինչև նոր առաջնորդի ընտրությունը։

Այստեղ նորից ընդգծեմ, որ սխալ են հայկական դաշտում տարածված տեղեկությունները, թե Իրանում արդեն ընտրել են նոր առաջնորդին կամ կա պաշտոնակատար։ Արաֆին այս պահին Պահապանների խորհրդի ներկայացուցիչն է եռյակում։

ԱԳ նախարար Աբբաս Արաղչին այսօր ասել է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդին ընտրելու են 1-2 օրում։ Եվ սա այս թեմայով կարևորագույն նորություններից է։

Ոչ պաշտոնական մակարդակում երևում է, որ Իրանի նոր իշխանության ձևավորման ընթացքում կարևոր դեր ունի Ալի Լարիջանին, որ այս պահին ԱԽ քարտուղարն է, նախկինում եղել է նաև խորհրդարանի նախագահ, երկրի նախագահի թեկնածու և այլն։

Ընդ որում, Լարիջանին «չափավորական» գործիչ է, որ արևմտյան ձևակերպմամբ կարելի է անվանել կենտրոնամետ։ Սա մեծացնում է պահպանողական և բարեփոխական թևերի հետ միաժամանակ աշխատելու նրա հնարավորությունները։

Ուժային հավասարակշռության մեջ կարևոր է նաև զինվորականների և հատկապես ԻՀՊԿ ղեկավարների դերը։ ԻՀՊԿ-ն ոչ միայն ռազմական, այլև խոշոր տնտեսական խաղացող է։ Եվ ապագա գերագույն առաջնորդի համար մարտահրավերներից մեկը լինելու է այս ազդեցիկ կառույցը (և ոչ միայն) իրեն ենթարկելու հարցը։

Դրսից շարունակում է ակտիվությունը Իրանի վերջին շահի որդի Ռեզա Փահլավին։ Նա նշել է, որ հիմա իշխանության փոխարինման ժամանակը եկել է, և ինքն առաջնորդում է այդ փոխարինումը։ Ըստ Փահլավիի՝ դա տևելու է առավելագույնը 2 տարի, և առանցքային է լինելու առաջին 100 օրը։

Մինչ այդ Թրամփն էլ հայտարարել է, որ ունի իր պատկերացումը, թե ով / ովքեր են լինելու Իրանի նոր իշխանությունը, բայց որևէ անուն չէր բացահայտել։ Ենթադրում եմ, որ հիմա ազդակների են սպասում Իրանի ներսից, որպեսզի հասկանան՝ ներկայիս վարչակազմի հետ աշխատելու են, թե ոչ։

Իրանն այսօր տելեգրամյան ալիք

Տեսանյութեր

Լրահոս