«Որտե՞ղ և ինչպե՞ս պետք է սպանենք Բարոն Թրամփին»․ Իրանի հեռուստատեսության տեսանյութում Թրամփի որդու համար 10 մլն դոլարի «գլխագին» է սահմանվել
Իրանի պետական հեռուստատեսությունը տեսանյութ է հեռարձակել, որում ցուցադրվում է՝ ինչպես է Թեհրանը հետևում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 20-ամյա որդու՝ Բարոն Թրամփի տեղաշարժին․ գրում է Euronews-ը։
Տեսանյութում ասվում է, որ Բարոն Թրամփի համար 10 միլիոն դոլարի չափով գլխագին է սահմանվել։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) հարող լրատվամիջոցների տարածած և իրանական պետական հեռուստատեսության «Երրորդ ալիքով» հեռարձակված տեսանյութը վերնագրված է՝ «Որտե՞ղ և ինչպե՞ս պետք է սպանենք Բարոն Թրամփին»։
Ըստ տեսանյութի՝ այնտեղ ներկայացված են Թրամփի որդու համալսարանի գտնվելու վայրը, նրան ուղեկցող մեքենաները և ԱՄՆ գաղտնի ծառայության՝ նրա անվտանգությունն ապահովող աշխատակիցների տեղակայումը։ Նշվում է, որ ԱՄՆ նախագահի որդու տեղաշարժն «ամբողջությամբ վերահսկվել է»։
Տեսանյութում նաև ասվում է, որ մի աղջիկ կարողացել է շրջանցել Գաղտնի ծառայության պաշտպանությունը, առանձին հանդիպել Բարոն Թրամփի հետ և հանդիպման վերաբերյալ տեղեկություններ փոխանցել հաղորդման հեղինակներին։
Euronews-ը, սակայն, նշում է, որ չի կարողացել անկախ աղբյուրներով հաստատել տեսանյութում ներկայացված պնդումները։
Հեռարձակումը հաջորդում է իրանական Tasnim լրատվական գործակալության՝ հուլիսին հրապարակած նմանատիպ տեսանյութին, որտեղ մանրամասն ներկայացվել էին ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի տեղաշարժը Նյու Յորքում և նրա անվտանգության համակարգի ենթադրյալ խոցելի կողմերը։

