ԱԽ-ն գաղտնի է պահում՝ արդյոք 44-օրյայի օրերին հրավիրված նիստերի արձանագրությունները փոխանցվե՞լ են Քննիչ հանձնաժողովին

2021թ.մարտի 12-ին «Սիվիլնեթի» հետ հարցազրույցում ՀՀ անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր.

«Հենց Գլխավոր շտաբը (ԳՇ) զեկույց էր պատրաստում պատերազմի մասին, և այս ամսվա ընթացքում պլանավորված ԱԽ նիստում շտաբը պետք է զեկուցեր պատերազմի արդյունքների մասին: Եթե մենք ցանկություն ունեինք բարդել պատասխանատվությունը գենշտաբի վրա, ապա ինչի՞ էինք տալիս՝ այդ զեկույցն իրենք պատրաստեին»:

ԱԽ քարտուղարի այս հարցազրույցի ժամանակ արդեն Նիկոլ Փաշինյանը որոշել էր ազատել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից՝ այն բանից հետո, երբ 2021թ. փետրվարի 25-ին ՀՀ զինված ուժերը պահանջել էին Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը:

Իսկ 2021թ. մարտի 22-ին արդեն իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնում փոխարինել էր  Արտակ Դավթյանը:

Կարդացեք նաև

Այսինքն, 2020թ. 44-օրյա պատերազմին առնչվող զեկույցը նախաձեռնել է Օնիկ Գասպարյանը, ամփոփել՝ Արտակ Դավթյանը, ըստ այդմ՝ Օնիկ Գասպարյանը չէր կարող հասցնել ԱԽ նիստում ներկայացնել այն:

Ի դեպ, 2021թ. ապրիլին, երբ գեներալ-գնդապետն արդեն ԳՇ նախկին պետն էր, 168.am-ի հետ զրույցում հերքել էր ԱԽ-ից վերլուծություն կատարելու «պատվեր» ստանալու փաստը՝ ասելով. «Իրենք չեն պատվիրել, ես եմ ներկայացրել, որ մանրակրկիտ վերլուծություն է նախապատրաստվում ԳՇ-ում»:

Արմեն Գրիգորյանի հայտարարությունից անցել է 3 տարի,և 168.amը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԱԽ գրասենյակ՝ ստանալու պաշտոնական տեղեկություն՝ արդյոք ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը 44-օրյա պատերազմին առնչվող վերլուծությունը ներկայացրե՞լ է ԱԽ նիստում, որը պիտի դեռ 2021 թվականին արվեր. եթե այո, ապա երբ է ներկայացվել և ԳՇ պետերից ո՞վ է եղել ներկայացնողը:

Հոկտեմբերի 9-ին ԱԽ գրասենյակը պատասխան գրություն է ուղարկել, որում նշել է.
«Հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ Ձեր կողմից հայցվող տեղեկությունը ենթակա չէ հրապարակման»:

168.am-ի տեղեկություններով, ԱԽ նիստում Օնիկ Գասպարյանի ազատումից որոշ ժամանակ անց ԳՇ-ն ԱԽ նիստում ներկայացրել է 44-օրյա պատերազմին առնչվող Գլխավոր շտաբի կազմած զեկույցը, որը նախաձեռնել էր Օնիկ Գասպարյանը, ամփոփել Արտակ Դավթյանը: Ինչ վերաբերում է ԱԽ կողմից մեր հարցին տրված պատասխանին, ապա ԱԽ գրասենյակից մենք չենք պահանջել գաղտնիության տարրեր պարունակող տեղեկություն՝ կապված զեկույցի բովանդակության հետ, և, թե ինչպես է այն ընդունվել ԱԽ նիստում, ինչ արձագանքներ են եղել: Հետևաբար, եթե ԱԽ գրասենյակն այն ներկայացնելու ժամանակը և ներկայացնողին նպատակահարմար չի համարել գաղտնազերծել, ապա առնվազն կարող էր ասել՝ զեկույցը ներկայացվե՞լ է, թե՞ ոչ, հատկապես, երբ 2021 թվականին ԱԽ քարտուղարն այդ մասին հայտարարություն էր արել և անգամ հայտնել՝ երբ է ներկայացվելու:

Իսկ մենք մեր հարցման միջոցով նաև փորձել էինք պարզել՝ արդյոք 2020թ. սեպտեմբերի 30-իև հոկտեմբերի 19-ի նիստերի արձանագրությունները, ձայնագրությունները Քննիչ հանձնաժողովին փոխանցվե՞լ են: Այս հարցի պատասխանը ևս ԱԽ գրասենյակը հրապարակման ենթակա չի համարել:

Հիշեցնենք, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը 2020 թվականի նոյեմբերի 17-ին հայտարարել էր, որ 2020թ. սեպտեմբերի 30-ի նիստում՝ պատերազմի 4-րդ օրը, առաջարկել է 2-3 օրվա ընթացքում կանգնեցնել պատերազմը:

ԱԽ-ն այս տեղեկությունը միայն ամիսներ հետո էր որոշել հերքել և սեպտեմբերի 30-ի նիստի արձանագրությունից իրենց հարմար տողեր էր գաղտնազերծել Օնիկ Գասպարյանի խոսքից, սակայն ամբողջական ելույթը հրապարակելու գեներալի պահանջը մերժել էր: Բայց կոնկրետ դեպքում հարցն այն է, որ ԱԽ-ը գաղտնի համարվող ԱԽ նիստի արձանագրությունից թեկուզև աղավաղված գաղտնազերծում է արել, բայց այո կամ ոչ պահանջող մեր հարցերը համարել է հրապարակման ոչ ենթակա:

Ավելին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստան-Հայաստան ռազմատեխնիկական համագործակցության, ռուսական զենքի մատակարարումների մասին պարբերաբար տվյալներ է հրապարակել, ինչն իրեն անգամ ՀՀ պաշտպանության նախարարությունը թույլ չի տվել կամ հրապարակման ենթակա չի համարել:

Մասնավորապես, Արմեն Գրիգորյանն այս տարվա գարնանը հայտարարել էր, որ այդ ժամանակվա դրությամբ «ՌԴ-ն չի մատակարարել մեզ գնված զենքը, որը կազմում էր 250 միլիոն, 2021 թվականին կնքված պայմանագրեր են», որ «նախկինում 4 միավոր զենք էինք ուզում, հիմա 2 միավոր ենք ուզում», որ «ՌԴ հետ Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը 96 տոկոսից հասել է 10 տոկոսից ավելի քիչ թվի», և, որ դա ՌԴ-ի ընտրությունն է եղել:

Իսկ ԱԽ նիստում ԳՇ զեկույցի ներկայացման հետ կապված հարցում ենք ուղարկել նաև ՀՀ պաշտպանության նախարարություն, պատասխան գրությունը ստանալուն պես այն ևս կներկայացնենք:

Տեսանյութեր

Լրահոս