ԹՐԻՓՓ-ը տեսլականից անցնում է իրականացման փուլ. Դեյվիդ Ալեն
Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ պատվիրակությունն այցելել է Սյունիք՝ տեղի համայնքների հետ քննարկելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագիրը և տարածաշրջանային տնտեսական հնարավորությունները։
Նշվում է, որ Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ներկայացուցիչների հետ միասին Սյունիք են այցելել ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական դ-ր Ջոն Ասքոնասը և ԱՄՆ այլ պաշտոնյաներ։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան փոխանցմամբ՝ հանրային հանդիպումներ են տեղի ունեցել Գորիսում, Մեղրիում և Կապանում։ «Մասնակիցներն անմիջականորեն հայ և ամերիկացի պաշտոնյաներից լսեցին ԹՐԻՓՓ-ի ընթացքի և ընթացիկ տեխնիկատնտեսական աշխատանքների մասին, հնչեցրեցին իրենց հուզող հարցերը և ներկայացրեցին իրենց դիրքորոշումները»,- ասված է տարածած հաղորդագրությունում։
«ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն ընդգծեց, որ ԹՐԻՓՓ-ը տեսլականից անցնում է իրականացման փուլ, և Հայաստանում արդեն ընթացքի մեջ են երկաթուղու ինժեներատեխնիկական ուսումնասիրությունները»։
Այցի ընթացքում հավատարմատար Ալենն ընդգծել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում, և կարևորեց ԹՐԻՓՓ-ի ներուժը՝ ստեղծելու աշխատատեղեր, ներգրավելու ներդրումներ, բարելավելու փոխկապակցվածությունը և ապահովելու շոշափելի տնտեսական օգուտներ ողջ Հայաստանի համայնքների, մասնավորապես՝ Սյունիքի համար։

