«Մոտ 50 ծնող էինք, մենք հարց տվեցինք Պապիկյանին, ինքը պատասխանեց, հետո նա հարցեր տվեց, մենք պատասխանեցինք։ Ի վերջո, Սուրեն Պապիկյանը նշանակեց անհատական խմբերով՝ 4-5 հոգանոց խմբերով հանդիպում՝ տարբեր օրերի։ Մենք շատ էինք, մի քիչ խառնաշփոթ էր, հնարավոր չէր, այդքանի հարցերին միանգամից պատասխանել։ Մեզ հանդիպման համար նշանակել է սեպտեմբերի 12-ին։ Այդ օրը անհետ կորածների գործով գեներալի ու հրամանատարի դատն է, այնպես ենք արել, որ գնանք իր հետ զրուցենք, հետո գնանք դատին մասնակցենք։
Երեկ Էջմիածնի «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողները գնացել են Պաշտպանության նախարարություն՝ պահանջելով հանդիպում նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Թեպետ ծնողներին թույլ էին տվել մտնել նախարարության շենք և հատկացրել էին սենյակ, որպեսզի նրանք նստեին, սակայն շենքի ներսից տեղեկացրել էին, որ Պապիկյանը շենքում չէ և նրանց չի կարող ընդունել։ Ծնողները հայտարարել էին, որ իրենք շենքից չեն գնալու, մինչև հանդիպում տեղի չունենա, այդպես սպասել էին մինչև կեսգիշերն անց։