Էջմիածնի «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողներին, արդեն երեք տարի է՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո պետական մի գերատեսչությունից ուղարկում են մեկ այլ գերատեսչություն։ Քննչական կոմիտեն ուղարկում է ԱԱԾ, ԱԱԾ-ից ուղարկում են ՊՆ, սակայն ծնողներին այդպես էլ չի հաջողվում որևէ լուր իմանալ իրենց որդիների մասին։
«Մոտ 50 ծնող էինք, մենք հարց տվեցինք Պապիկյանին, ինքը պատասխանեց, հետո նա հարցեր տվեց, մենք պատասխանեցինք։ Ի վերջո, Սուրեն Պապիկյանը նշանակեց անհատական խմբերով՝ 4-5 հոգանոց խմբերով հանդիպում՝ տարբեր օրերի։ Մենք շատ էինք, մի քիչ խառնաշփոթ էր, հնարավոր չէր, այդքանի հարցերին միանգամից պատասխանել։ Մեզ հանդիպման համար նշանակել է սեպտեմբերի 12-ին։ Այդ օրը անհետ կորածների գործով գեներալի ու հրամանատարի դատն է, այնպես ենք արել, որ գնանք իր հետ զրուցենք, հետո գնանք դատին մասնակցենք։
Հուլիսի 26-ին Էջմիածնի «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին իրականացրել Բաղրամյան փողոցում՝ նախագահական նստավայրի դիմաց, որտեղ ժամանակավոր նստում է նաև Նիկոլ Փաշինյանը: Ակցիայի մասնակիցները հայտարարել էին, որ նստացույց կիրականացնեն այնքան ժամանակ, մինչև Նիկոլ Փաշինյանը չընդունի և չլսի իրենց։
«Եթե չէր կարողանում գերիների ու անհետ կորածների հարցը լուծել, ինչո՞ւ է քարտեզներ, Հայաստանի տարածքներ ու գյուղեր տալիս թշնամուն, ինչո՞ւ, դա ինչի՞ դիմաց է անում, գուցե կարողանում է, բայց չի ուզում անել՝ ամեն ինչ իր ձեռքերում է։
Մի քանի ժամ ԱԱԾ շենքի մոտ սպասելուց հետո, նրանց ներսից տեղեկացրել էին, որ ԱԱԾ-ում կընդունեն ծնողներին, սակայն չէին ասել, թե կոնկրետ ում հետ է լինելու հանդիպումը: Ծնողները պահանջում էին հենց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ հանդիպում։