Պապիկյանը, Փաշինյանը ստում են. 2025թ. տարածքներ ենք զիջել՝ Սոթքի հանքը, գյուղերը. Նարեկ Պարոնյան
Ինչո՞ւ են հանրությունից թաքցվել ադրբեջանական նոր առաջխաղացումներն ու ամրացումները մեր երկրի տարածքում․ Պաշտպանության նախարարության մոտ «Միասնության թևերի» անդամներն այս հարցադրումներով ակցիա են իրականացնում։
Նարեկ Պարոնյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց՝ նաև նամակ են պատրաստել։
«Մեր այստեղ լինելու պատճառը շատ պարզ է՝ հերթական խաբեությունը, հերթական զիջումներն են, հերթական տարածքի զավթումներ են, որը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից: Օրեր առաջ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հրատապ մամուլի ասուլիս հրավիրեց և այնտեղ ներկայացրեց, որ Ադրբեջանը հերթական անգամ ներխուժել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը՝ ի հակառակ Նիկոլ Փաշինյանի և գործող վարչակարգի կեղծ և սուտ պնդումներին, որ բացարձակապես ոչ մի ներխուժումներ չկան, որ ամեն ինչ վերահսկելի է։
Մենք ունենք հստակ փաստեր, ընդ որում, այս փաստերը երկարատև ուսումնասիրությունների հետազոտությունների արդյունք են պրոֆեսիոնալների կողմից, մենք ունենք նաև արբանյակային լուսանկարներ, որտեղ շատ հստակ երևում է, թե ինչ է տեղի ունեցել, և ինչ են արել ադրբեջանցիները։ Շատ հստակ։
Սրանք այն փաստաթղթերն են, որոնք ես պատրաստվում եմ հանձնել Պաշտպանության նախարարություն՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից պատասխան պահանջելով, թե ինչու են նրանք հերթական անգամ խաբել, ստել մեր հասարակությանը, չեն ասել, որ Ադրբեջանը ներխուժում է իրականացրել, մասնավորապես՝ Վարդենիսի տարածաշրջան»,- նշեց նա։
Պարոնյանը հավելեց՝ տեղի են ունեցել դիրքային առաջխաղացումներ, ամրացումներ, դիրքերի շինարարություն։
«Ընդ որում, եթե մենք նայում ենք արբանյակային լուսանկարներով, հուլիսի 2025 թվականի հուլիսի 31 դրությամբ այս դիրքերը չկային,- շեշտեց «Միասնության թևեր» նախաձեռնության անդամը՝ արձանագրումով,- Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի, Սուրեն Պապիկյանի այն սուտը, որ Հայաստանի Հանրապետությունը տարածքներ չի կորցրել 2025թ․, մեր այս հստակ բացահայտումներով հերքվում է։ 2025թ․ Հայաստանը ունեցել է տարածքային կորուստներ թե՛ Վարդենիսի տարածաշրջանում, թե՛ Ջերմուկում։
Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանն ուղղակի կտոր-կտոր ներխուժում է Հայաստան, վերցնում է մեր հայրենիքի տարածքները, իսկ այս մարդիկ՝ գործող իշխանությունները, հերթական անգամ խաբում են, հերթական անգամ ստում են, ճշմարտությունը չեն ասում, խաբում են ժողովրդին։
Մեր այս բացահայտումներից հետո, դուք բոլորդ տեսաք՝ ինչ լկտի պահվածքով, փողոցային բառապաշարով, ուղղակի մերկապարանոց հայտարարություններ սկսեցին անել, և մենք նրանց հստակ ասում ենք՝ պարոնա՛յք, մենք ունենք փաստեր, մենք ունենք արբանյակային լուսանկարներ, մենք ունենք կոորդինատներ, մենք բոլոր փաստերն ունենք։ Եթե դուք կարող եք, ոչ թե մերկապարանոց հայտարարություններ արեք, այլ հստակ փաստերով հերքեք, եթե չեք հերքում՝ պատասխան տվեք մեր հանրությանը»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։



