Թալանի մաստեր-կլաս՝ ՔՊ-ից․ 7.2 մլրդ դոլար՝ իմիտացիայի ու իշխանության պահպանման համար

Իշխանության աթոռները պահելու Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների գլխավոր խաղաքարտերից մեկն այսքան տարի եղել է այն, որ նախկինները թալանում էին երկիրը, իրենք չեն թալանում՝ դրա համար էլ նախկիններն ասֆալտ չէին անում, համայնքային ճանապարհները չէին վերանորոգում, դպրոց ու մանկապարտեզ չէին կառուցում, իրենք կառուցում են։ Սա ամենատարածված ու լավագույնս աշխատած հնարքն է, որին շատերը հավատացել ու մինչև հիմա էլ շարունակում են հավատալ։

Երբեք չեն ասել, որ ասֆալտապատված գյուղական ճանապարհը, դպրոց ու մանկապարտեզ կառուցել կամ վերակառուցելը, եթե արել են, արել են ոչ թե նրա հաշվին, որ իրենք զերծ են եղել թալանելուց, այլ որովհետև ահռելի պարտքեր են վերցրել ու ինչ էլ արել են, այդ պարտքերով են արել։

Դժվար չէ պատկերացնել, թե ինչեր կարելի էր անել այն 7.2 մլրդ դոլարով, որով այս ընթացքում ավելացրել են պարտքը։ Այսօր արդեն ֆինանսների նախարարը խոսում է պարտքի սպասարկման տոկոսների չափի հետ կապված անհանգստությունների մասին։ Ու դրա պատճառն այն հսկայական պարտքերն են, որոնք կարճ ժամանակում հասցրել են կուտակել։

Պարտքով ասֆալտ անելը հերոսություն չէ, բայց դա այսքան տարի ծախել են ժողովրդի վրա։

Կարդացեք նաև

Միլիարդների պարտքեր են վերցրել ու տպավորություն ստեղծել, թե չեն թալանում բյուջեն, դրա համար կարողանում են ասֆալտ անել, դպրոց ու մանկապարտեզ կառուցել կամ նույն Երևանի քաղաքային տրանսպորտի խնդիրները լուծել։ Ավտոբուսները, որոնք բերել են՝ բերել են հիմնականում պարտքերով։

Հիմա էլ պատրաստվում են նոր պարտքեր վերցնել՝ մետրոյի Աջափնյակի կայարանը կառուցելու համար։

Միայն Աջափնյակի կայարանի կառուցումն առնվազն 250 մլն դոլարի նոր պարտքի բեռ է ենթադրում։ Այդ բեռը վերցնելու է պետությունն ու քաղաքացին։

Ոչ ոք չի ասում, թե ընդհանրապես պարտք չպետք է վերցնել։ Խնդիրը պարտք վերցնելու մեջ չէ, խնդիրը նրա մեջ է, որ եղած ներքին ռեսուրսները ցոփ ու շվայտ ծախսում են իրենց քմահաճույքների համար, իսկ տարեկան 1 մլրդ դոլար և ավելի պարտք են վերցնում, որպեսզի բյուջեի բացերը լրացնեն՝ ասֆալտի, դպրոցի ու մանկապարտեզի կառուցման-վերակառուցման, ավտոբուսների ձեռքբերման, մետրոյի կայարանի կառուցման ծախսերը փակեն։ Այն դեպքում, երբ կարելի էր մի քիչ զսպել ախորժակները, չափավորել շռայլությունները, կրճատել անտեղի ծախսերը, վատնումները, փոշիացվող գումարները ու դրանք ուղղել այն նույն աշխատանքների կատարմանը, որոնք արվում են պարտքերով ու վարկերով։

Պարտքեր են վերցնում, տոկոս են տալիս դրա համար, որ փող ունենան դպրոց, մանկապարտեզ, ճանապարհ կառուցելու, բայց կարող են կառավարության մի որոշմամբ 6 մլն դոլար հատկացնել ինչ-որ համերգի կազմակերպման համար։ Սա ընդամենը մեկ օրինակ է. Բայց այդպիսի օրինակները բազմաթիվ են, ու խոսքը հարյուրավոր միլիոն դոլարների մասին է։

Միայն ձախողված հայտնի ծրագրերից մեկի վրա 65 մլն դոլար չվատնելու պարագայում՝ կարող էին այդքանով պակաս պարտք վերցնել։

Հիմա պատկերացրեք, թե այսքան տարի ինչքա՞ն պարտք կարելի էր չվերցնել՝ բյուջեի դեֆիցիտը փակելու համար, եթե այդքան պարգևավճար վճարած չլինեին։ Կարծում եք՝ ինչի՞ հաշվին են այդ պարգևավճարները, նույն այս պարտքերի։ Եթե պարտքեր չվերցնեին, ստիպված էին լինելու կամ իրենց պարգևավճար չտալ, կամ ասֆալտ չանել, դպրոց, մանկապարտեզ չվերանորոգել, այլ ծախսեր չանել։ Բայց քանի որ չէին կարող իրենց զրկել այդ հաճույքից՝ պարտքեր են վերցրել ու պարտքերով արել։

Այսքան տարի ինչքան անհեթեթ ծախսեր են կատարել՝ ֆեստիվառներ, քեֆ-ուրախություններ, տոնական միջոցառումներ ֆինանսավորել բյուջեի հաշվին, ճոխ ընդունելություններ կազմակերպել, արտասահմանյան վոյաժներ կատարել, անօգուտ գործուղումների գնացել-եկել, թանկարժեք մեքենաներ գնել, ծառայողական ավտոպարկեր թարմացրել։ Ո՞ր մեկն ասես։ Ու այդ ամենն արել են բյուջեի հաշվին։ Բայց քանի որ բյուջեն այդքան փող չի ունեցել, պարտքեր են վերցրել։ Գուցե հատուկ այդ նպատակներով չեն վերցրել պարտքերը, բայց ոչ մի նշանակություն չունի, թե ինչի՞ համար են վերցրել։ Կարող էին բազմաթիվ անհեթեթ ծախսեր չանել ու գումարներն ուղղել նպատակային ծրագրեր իրականացնելուն, եթե, իհարկե, համարենք, որ այդպիսի ծրագրեր ունեցել են։

Իշխանության ուշքն ու միտքը եղել է մանր-մունր տեղային խնդիրներ լուծելով՝ ժողովրդի ուշադրությունը կարևոր խնդիրներից շեղելը։ Ու դա նրան հաջողվել է։ Քիչ չեն այն քաղաքացիները, որոնք իրենց գյուղական ճանապարհի մի քանի հարյուր մետրի ասֆալտապատումն ավելի նշանակալի ձեռքբերում են համարում, քան այն հարյուրավոր կիլոմետր ճանապարհները, որոնք հանձնվել են թշնամուն։

Իշխանությունը ջանք չի խնայել՝ քաղաքացիների շրջանում այդպիսի տրամադրություններն ամուր պահելու համար։ Դա արել է՝ ամեն տարի խոշոր պարտքեր վերցնելով ու ամեն գյուղում մի քանի հարյուր մետր ճանապարհ ասֆալտելով կամ լուսավորություն անցկացնելով։ Սա է մինչև հիմա եղել Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների՝ ժողովրդի որոշ հատվածի շրջանում հենարան ունենալու գաղտնիքը, որն այսքան թանկ է նստել պետության ու քաղաքացու վրա։ 7 տարում 7.2 մլրդ դոլարի պարտքը հանաք բան չէ։ Այդքան գումարով հիմա պիտի երկիրը շենացրած լինեին, ոչ թե գլուխ գովեին, որ ամեն գյուղում մի քանի հարյուր մետր ճանապարհ են ասֆալտապատել կամ լուսավորություն ու ջրագիծ անցկացրել։

Նախկինները նույնիսկ 28 տարում չէին կարողացել 7 մլրդ դոլար պարտք կուտակել։ Չնայած, եթե «այդքան թալանչի էին ու կոռուպցիայի մեջ թաղված», 7 միլիարդ չէ, 17 միլիարդ պիտի կուտակած լինեին։ Բայց չեն կուտակել, նույնիսկ 7 միլիարդից քիչ են կուտակել, այն էլ՝ 28 տարում։ Այնինչ՝ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականներն ընդամենը 7 տարում են հասցրել 7.2 մլրդ դոլարի պարտք ավելացնել։ Ու դեռ նախկիններին են մեղադրում երկիրը թալանելու մեջ։ Սրանից մեծ թալան որտե՞ղ եք տեսել։ Տարեկան միայն 1 մլրդ դոլար ժողովրդի բերանից կտրում՝ պարտքի տոկոսներն են վճարում։

7.2 միլիարդով ինչեր կարելի էր անել, որ չեն արել։ Դա էլ «Հայաստան» հիմնադրամի 100 միլիոնը չէ, որ ասեն՝ խառնել ենք բյուջեի փողերին ու հետքը կորցրել։ Պետական միջոցներով սեփական քաղաքական շահերն են առաջ տարել։ Այսօր էլ շարունակում են նույնն անել։ Սպասվող ընտրություններին ընդառաջ՝ պատրաստվում են ավելացնել դոտացիաները, սուբսիդիաները ու կրկին՝ պարտքերի հաշվին։ Մի քանի ամսում արդեն հասցրել են բյուջեի վրա 1 մլրդ դոլարից ավելի պարտք դնել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ 

Տեսանյութեր

Լրահոս