«ՔՊ-ականները հատել են բոլոր կարմիր գծերը, ոչ մի քաղաքավարություն չկա, ոչ մի ազգայնասիրություն չկա: Նրանք ամեն ինչ ոտնակոխ են անում, և զարմանալի չէ, որ լկտիորեն են վերաբերվում կին պատգամավորին: Իրենք միայն գիտեն՝ ինչպես դիմացինին վիրավորել, հայհոյել, և չեմ կարծում, որ ներողություն խնդրեն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի կողմից ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի հասցեին հնչեցրած վիրավորանքներին:
«Փաշինյանը, որն իր կյանքի մեծ մասն անցկացրել է առանց փողի փողոցները ման գալով, հիմա միանգամից հայտնվեց Սպիտակ տանը՝ նախագահ Թրամփի կողքին, ինչն իր համար մեծ պատիվ է՝ անկախ արդյունքից: Փաշինյանը չհարգեց իր նախկին հայտարարությունները, որ երրորդ կողմ չլինի. Երրորդ կողմ կար, և այն բավականին ազդեցիկ դեր խաղաց այս հանդիպմանը: Ալիևն էլ, Փաշինյանն էլ ուզում էին լինել Վաշինգտոնում: Ալիևն այս այցելությունն օգտագործեց, որ ՌԴ-ին ասի՝ ձեր կարիքը չունենք, ավելի գոհ ենք, որ Արևմուտքի հետ ենք»,- շեշտեց Հարութ Սասունյանը:
Հարութ Սասունյանի դիտարկմամբ՝ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ լինելու վերաբերյալ Փաշինյանի գրառումները շոու են՝ ժողովրդին խաբելու համար. «Նա շատ հեռու է հավատացյալ քրիստոնյա լինելուց: Նա դեռ խմբագիր եղած տարիներից հրատարակում էր այնպիսի բաներ, որոնք կապ չունեին ճշմարտության հետ, հետո նա մի գիրք հրատարակեց, որի մեկ էջը եթե որևէ մեկը կարդա, կտեսնի ամենազարհուրելի, գռեհիկ, տգեղ, սեքսուալ արտահայտություններ, և կեզրակացնի, որ այս գրքի հեղինակը ինչ-որ մտային խանգարում ունի»: