
«Ժողովուրդն ատում է այս իշխանությանը և վռնդելու է բռնապետին». Գագիկ Մինասյան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկացի սենատորների հետ ընթրիքի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը: «Հայաստան, Ադրբեջան… Մենք այնտեղ հրաշք ենք գործել, և այն (խոսքը խաղաղության համաձայնագրի մասին է.- Ռ.Մ.) արդեն մոտ է հանգուցալուծմանը»,- ասել է Թրամփը։
ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանն ավելի քան համոզված է, որ այն ջանքերը, որ ԱՄՆ-ը ներդնում է, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի ստորագրման մեջ, առանց սեփական շահի չի լինելու, իսկ այդ սեփական շահը շատ բնագավառներում է արտահայտվելու:
«ԱՄՆ առաջին շահը՝ Հայաստանին զրկել իր բնական դաշնակիցների՝ Իրանի և Ռուսաստանի հետ սերտ համագործակցության հնարավորությունից, երկրորդ՝ ինքը ներկա գտնվի այս խիստ կարևոր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում: Ինչպիսի դրսևորում կունենա այդ երկու խնդիրների լուծումը, դժվար է ասել: Չեմ բացառում Սյունիքի միջանցքի վերահսկողության արտապատվիրակումը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ անհամեմատելի համարելով, օրինակ, «Զվարթնոց» օդանավակայանի և Սյունիքով ճանապարհի արտապատվիրակման՝ Փաշինյանի բերած համեմատությունները:
«Ուղղակի ապշում եմ՝ այդ մարդը կա՛մ ինքը չի հասկանում, կա՛մ մարդկանց անհասկացողի տեղ է դնում. բիզնեսը և տարածքը տարբեր բաներ են, և երբ փորձում է մարդկանց մոլորեցնել, դա միայն մի բանի մասին է խոսում, որ ինքը փորձում է թաքցնել այն նենգ գործունեությունը, որը ծավալվում է իր ձեռամբ՝ իր տերերի պատվերով»,- շեշտեց նա:
Գագիկ Մինասյանը համոզված է, որ այս տարվա ընթացքում կարող ենք ազատվել այս «չարիքի իշխանությունից», և դրա համար բավականին լուրջ նախադրյալներ է տեսնում. «Կա իշխանափոխության դասական գործընթաց՝ անվստահություն հայտնելու գործընթացը, որի իրականացման համար երկու բաղադրիչ է անհրաժեշտ, առաջին՝ պատգամավորների անհրաժեշտ քանակ, որոնք կստորագրեն այդ ձևաթղթի տակ, երկրորդ՝ փողոցի ճնշում: Ես կարծում եմ, դրա լավագույն ժամանակն աշնան սկզբին է լինելու: Ժողովրդի մոտ կա ներքին ընդվզում՝ կապված Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ ոտնձգությունների հետ, Սամվել Կարապետյանի նկատմամբ որևէ շրջանակի մեջ չտեղավորվող գործընթացների հետ: Սրանք այն հերթական չափաբաժիններն են, որոնք համբերության բաժակը լցնելու են, նույնիսկ դժվար է ասել, թե այդ վերջին կաթիլը որը պետք է լինի, բայց փաստ է, որ դրա մասին խոսում են բոլորը»:
Նա առավել քան համոզված է, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանը հաջողության չի հասնելու. «Ինքը եթե գնա այդ ճանապարհով, իր բոլոր ծրագրերը կխորտակի: Ժողովրդի հետ շատ եմ շփվում, մարդիկ այնպիսի բաներ են ասում, որ որոշ ժամանակ առաջ չէին էլ ուզում լսել: Ժողովրդի մոտ դժգոհությունն այս իշխանություններից շատ ավելի բարձր մակարդակի է, քան թեկուզ մեկ տարի առաջ: Ժողովուրդը կարող է չհամակրել որևէ ընդդիմադիր ուժի, բայց բավական է, որ ինքը ատում է գործող իշխանությանը, և այդ ժամանակ ի՞նչ է տեղի ունենում, այն, ինչ ամբողջ աշխարհում՝ վռնդում են բռնապետին, նոր ընտրություններ են անում»:
Ճշտող հարցին՝ այսինքն՝ կարծում է, որ հասունացել է պահը, որ ժողովուրդը վռնդելու է, իր ձևակերպմամբ՝ բռնապետին, նա պատասխանեց. «Ես դրա նախադրյալները տեսնում եմ, ավելի, քան մեկ տարի առաջ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում