
Հարավային Կովկասից ՌԴ-ի դուրսմղման ծրագիրը գործում է, բայց դատապարտված է անհաջողության, ՀՀ իշխանությունների գործողություններում ռազմավարություն պետք չէ փնտրել. Նիկոլայ Սիլաև
«Հարավային Կովկասից Ռուսաստանի դուրսբերման ծրագիրը դատապարտված է տապալման»,- այս մասին 168TV-ի «Դիպլոմատ» հաղորդաշարի ընթացքում ասաց ՄԳԻՄՕ առաջատար գիտաշխատող, ռուս քաղաքական վերլուծաբան Նիկոլայ Սիլաևը՝ անդրադառնալով Ռուսաստանի դերին Հարավային Կովկասում և հակառուսական տրամադրություններին Հայաստանում ու Ադրբեջանում:
Նա նշեց, որ Հարավային Կովկասից ՌԴ-ի դուրսբերման ծրագիրը գոյություն ունի երկար տարիներ, և այն դատապարտված է անհաջողության:
Սիլաևը համաձայն է այ գնահատականների հետ, որ ռեգիոնում ռուսական ազդեցությունը, ամենայն հավանականությամբ, գնում է դեպի անկում:
«ՀՀ իշխանությունները հիմնովին փչացրել են ՌԴ-ի հետ հարաբերությունները: Ադրբեջանի իշխանությունները ներկայումս նույն ճանապարհով են առաջ գնում: Մյուս կողմից՝ մենք ունենք բնականոն հարաբերություններ Վրաստանի հետ: Թեև նման բան որևէ մեկը չէր սպասում, որովհետև դա մի երկիր է, որը սերտ ինտեգրված է ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին: Բայց ներկայումս իրենց հետ մեր հարաբերւթյուններն առանց հավելյալ լարվածության են:
Ռուսաստանում կան հետազոտողներ, քաղաքական մեկնաբաններ, որոնք կարծում են, թե բոլոր ռեգիոններում, որոնց սահմանակցում է Ռուսաստանը, պետք է ունենա բացարձակ ազդեցություն, լինելով միակ ազդեցիկ խաղացողը: Ենթադրում եմ, որ ՌԴ արտաքին քաղաքականությունը նման նպատակ չունի, իրականում պահանջները, որոնք դրվում են հետսովետական երկրների առջև, չափավոր են՝ չմիանան ռազմական բլոկներին, որոնք ՌԴ-ի հետ չեն, և որպեսզի նրանք երրորդ երկրների հետ ռազմական համագործակցություն զարգացնելիս չանեն դա՝ առանց ՌԴ համաձայնության: Սա՝ անվտանգության հետ կապված:
Իսկ քաղաքականության հետ կապված՝ ՌԴ-ի համար կարևոր է, որպեսզի այդ երկրներում հակառուսական գաղափարախոսություններն աջակցության չարժանանան: Սրանք շատ պահանջներ չեն, սա չի նսեմացնում հետսովետական երկրների ինքնիշխանությունը, և քանի որ սա, ըստ էության, պահպանվում է, կարծում եմ, ռուսական ազդեցությունը բավարար է, և այն անհաջող չէ»,- ասաց Սիլաևը:
Վերլուծաբանի գնահատմամբ, հասկանալի է, որ Անդրկովկասում ամեն ինչ չէ, որ լավ է:
«Բայց ենթադրենք, եթե նույնիսկ ՌԴ ազդեցությունը կրճատվում է, հնարավո՞ր է պատկերացնել, որ երկարաժամկետ հեռանկարում, ունենալով իրենց կողքին երկիր՝ աշխարհում 4-րդ տնտեսությամբ, միջուկային զենքով, հսկայածավալ դեմոգրաֆիական ներուժով, Հարավային Կովկասի երկրները չեն զգալու ազդեցություն. չեմ կարծում, որ դա հնարավոր է: Հենց այդ պատճառով եմ ասում, որ ծրագիրը դատապարտված է անհաջողության»,- ասաց վերլուծաբանը:
Սիլաևն ասաց, որ ՀՀ իշխանությունները կարող են ՀԱՊԿ-ից դուրս գալ և հանել ՀՀ-ից ռուսական բազան:
Նրա խոսքով, այն, ինչ մենք տեսնում ենք վերջին տարիներին, հետևյալն է՝ ՀՀ իշխանությունները մոտենում են այն հանգրվանին, որ պետք է իրավական որոշումներ կայացնեն, սակայն կանգ են առնում:
«Պատճառները շատ են: Մենք սովոր ենք ՀՀ իշխանությունների կուրսի հարցում ռազմավարություն, ինչ-որ հստակ պլան փնտրել: Եթե կա հստակ պլան, ապա ինչո՞ւ մինչ այժմ այն չի իրագործվել: Եթե կա Հայաստանը Ռուսաստանից հեռացնելու պլան, հասկանալի է, որ նման պլան կա ու ինչ-որ կերպ իրագործվում է, ապա ինչո՞ւ մինչ այժմ դուրս չեն եկել ՀԱՊԿ-ից, ինչո՞ւ բազան դուրս չեն բերել»,- շեշտեց Սիլաևը:
Նա կեսկատակ-կեսլուրջ հիշեցրեց հայտնի արտահայտությունը, որ «սամուրայը չունի նպատակ, այլ միայն ճանապարհ»:
Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, թե Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան պայմանավորվածություն կա ապաշրջափակման հարցի շուրջ, Սիլաևն ասաց, որ Ռուսաստանը մշտապես աջակցել է Թուրքիայի հետ երկխոսությանը, ինչպես և աջակցում է հայ-ադրբեջանական կարգավորմանը:
«Խնդիրն այն է, որ ՀՀ վարչապետի՝ Թուրքիա կատարած այցի արդյունքները լիովին հասկանալի չեն, չեմ տեսել հայտարարություններ, որոնք ցույց են տալիս կոնկրետ արդյունքները, իսկ Հայաստան-Ադրբեջան Խաղաղության համաձայնագիրը համաձայնեցված է, ինչպես կողմերը հայտարարել են վերջերս, սակայն այդպես էլ չի ստորագրվում: Դեռ չեմ տեսնում որևէ իրադարձություն, որը կփոխի իրավիճակը արմատապես»,- նկատեց վերլուծաբանը:
Ըստ նրա, նման հրապարակումների առնչությամբ պետք է հստակեցնել մանրամասները:
«Ինձ մոտ հարցեր են առաջանում: Դա գրում են ԶԼՄ-ները, եղե՞լ է պաշտոնական հայտարարություն, որ պայմանավորվել են որոշակի պայմաններով բացել հաղորդակցությունները, դեռ չի եղել: Ի՞նչ պայմաններով պետք է Նախիջևանի ու Ադրբեջանի մնացած տարածքի միջև կապն ապահովվի ՀՀ տարածքով:
Կար պայմանավորվածություն, որը ֆիքսված էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունում՝ այն մասին, որ այդ երթուղին բացվելու է տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների հետ միասին և անվտանգությունն այդ երթուղում ապահովելու են ռուս սահմանապահները: Որքանով ինձ է հայտնի, ՀՀ-ն դեմ է, որպեսզի անվտանգությունն այնտեղ ապահովեն ռուս խաղաղապահները, իսկ Ադրբեջանը ցանկանում էր, որպեսզի այս տրանսպորտային երթուղին արտատարածքային ձևաչափ ունենա, այսինքն՝ դուրս բերվի ՀՀ վերահսկողությունից, որին ՀՀ-ն չի համաձայնում: Ավելին, մոտավորապես երկու-երեք տարի առաջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ՌԴ-Հայաստան-Ադրբեջան երկխոսության ընթացքում, որ որևէ արտատարածքային ձևաչափ չի լինելու այն երթուղիների հարցում, որոնք բացվելու են:
ԶԼՄ-ները գրո՞ւմ են արդյոք, թե ինչ պայմաններով են բացվելու երթուղիները՝ արտատարածքային ձևաչափո՞վ, թե՞ ՀՀ վերահսկողությամբ, պայմանավորվել են բացել այլ ճանապարհների հե՞տ, թե՞ ոչ: Եթե այս մանրամասները չկան, ապա նորություն ևս չկա, քանի որ ո՞վ է դեմ տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը՝ ո՛չ ՌԴ-ն, ո՛չ ՀՀ-ն, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Թուրքիան»,- ասաց Սիլաևը:
Նա չի բացառում, որ արտատարածքային ճանապարհ կարող է լինել:
«Ես չեմ հասկանում, թե դա ինչ կտա Հայաստանին ու Նիկոլ Վովայի Փաշինյանին»,- նկատեց նա: Մեր դիտարկմանը, թե գուցե տա միջանկյալ «խաղաղությո՞ւն», Սիլաևն արձագանքեց՝ ասելով, որ միջանկյալ խաղաղությունը կարող է լինել լուրջ ներքաղաքական ճգնաժամի գնով, դա կհանգեցնի ներքաղաքական խոշոր ճգնաժամի, այդ պարագայում ՀՀ իշխանությունները քիչ հավանական է, որ կարողանան հաղթել 2026 թվականի ընտրությունները:
Ինչ վերաբերում է երթուղու նկատմամբ ամերիկյան վերահսկողությանը, ապա, ըստ վերլուծաբանի, եթե ՀՀ-ն ցանկանում է, որ դրա համար քննադատեն թե Իրանը, թե Ռուսաստանը, ու թե Թուրքիան, ապա կարող են վերահսկել ամերիկացիները:
Վերադառնալով ՀՀ ազդեցության թեմային՝ Սիլաևն ասաց՝ եթե ՀՀ-ն պահանջի ռուսական բազայի դուրսբերում, բազան դուրս կբերվի, եթե ՀՀ-ն դուրս կգա ՀԱՊԿ-ից, չկա բռնի եղանակ նրան այնտեղ պահելու:
«Սակայն, եթե ՀՀ իշխանությունները սկսեն ռուս լրագրողների նկատմամբ ռեպրեսիաներ, ապա ՌԴ-ն կդիմադրի և կդատապարտի»,- ասաց Սիլաևը:
Նրա կարծիքով, ՌԴ-ն կպայքարի ռեգիոնում ազդեցության համար, ռեգիոնը շարունակում է կարևոր լինել և նախագահի աշխատակազմում Սերգեյ Կիրիենկոյի նշանակումն այդ նպատակի մասին է խոսում:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում: