Բաժիններ՝

ՌԴ-ի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից կան նոր զոհեր և վիրավորներ

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակել են հարվածներ հասցնել մեկը մյուսի տարածքին, երկու կողմից էլ կան զոհեր և վիրավորներ:

Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ գիշերը երկրի վրա է արձակվել 52 անօդաչու թռչող սարք, որոնցից 40-ը խոցվել է, 7 վայրերում գրանցվել են հարվածներ:

Պոլտավայում ռուսական հարվածներից 2 մարդ է զոհվել, 11-ը՝ վիրավորվել, վնասվել է քաղաքացիական ենթակառուցվածքը: Բնակելի մասնավոր տանը հրդեհ է բռնկվել:

Իսկ Օդեսայում ռուսական հարվածների հետևանքով վնասվել են բնակելի տներ, լուրջ վնասներ է կրել 9-հարկանի բնակելի մի շենք, որտեղ հրդեհ է բռնկվել:

Բնակիչները տարհանվել են: 4 մարդ վիրավորվել է:Իր հերթին, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Բելգորոդի, Վորոնեժի, Լիպեցկի, Կուրսկի մարզերում, ինչպես նաև Ղրիմում ուկրաինական 69 ԱԹՍ խոցելու մասին: Լիպեցկում ուկրաինական անօդաչուի բեկորներն ընկել են մասնավոր տան վրա, 1 մարդ զոհվել է, 2-ը՝ վիրավորվել: 

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չի դադարեցրել Ուկրաինային զենքի բոլոր մատակարարումները: Սա «ընդամենը մեկ իրավիճակ է», նշել է նա:

Բրյուսը, վկայակոչելով պաշտպանության նախարարությունը, նշել էր, որ կան Ուկրաինային սպառազինությունների մատակարարման բազմաթիվ այլ հուսալի տարբերակներ:

Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները գրել էին, որ Պենտագոնը դադարեցրել է Ուկրաինային մի քանի տեսակի հրթիռների մատակարարումները՝ ԱՄՆ-ում սպառազինությունների պաշարների հետ կապված մտահոգությունների ֆոնին։ Նշվում էր, այդ թվում, Patriot ՀՕՊ համակարգերի համար տասնյակ հրթիռների մատակարարումների դադարեցման մասին:

Պետքարտուղարության խոսնակը հավելել է, որ նախագահ Թրամփը հայտնել է իր հանձնառությունը՝ կապված Patriot հրթիռների հետ: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս