
Կրետեում մոլեգնող հրդեհների հետևանքով զանգվածային տարհանումներ են սկսվել

Հարյուրավոր մարդիկ են տարհանվել Կրետե կղզում վերահսկողությունից դուրս եկած հրդեհների հետևանքով։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Կրակը, որն ուժեղ քամիների հետևանքով արագ տարածում է ստանում, բռնկվել է հուլիսի 2-ին՝ Իերապետրայից ոչ հեռու գտնվող անտառածածկ հատվածում։ Կրակի արագ տարածվող ալիքները սպառնալիք են դարձել ինչպես տների, այնպես էլ զբոսաշրջային կենտրոնների ու առանցքային ենթակառուցվածքների, այդ թվում և բենզալցակայանի համար։
Տարածվող ծուխը որոշ հատվածներում տեսանելիության մակարդակը հասցրել է զրոյի։
Քանի որ կրակը սկսել է մոտենալ Ֆերմա բնակավայրին, տեղի իշխանությունները կարգադրել են զանգվածային տարհանումներ իրականացնել ինչպես տներից, այնպես էլ հյուրանոցներից։ Այս պահի դրությամբ տարհանվել է շուրջ 1500 մարդ։ Որպես նախազգուշական միջոցառում՝ Կրետեի բոլոր հիվանդանոցները հատուկ պատրաստության մակարդակի են բերվել։