
Մեր դիմաց ջարդարարներ ու մարդասպաններ են. Ինչ տեսան և ինչ գրեցին Շուշիի մասին Մանդելշտամ ամուսինները

Ռուս մեծ բանաստեղծ, թարգմանիչ և գրականագետ Օսիպ Մանդելշտամը 1920-ական թվականներին պետք է գար Հայաստան: Նրա ուղևորությունը կազմակերպել էր խորհրդային պետական գործիչ Նիկոլայ Բուխարինը: Մանդելշտամին Հայաստան էր հրավիրել այդ ժամանակվա լուսավորության ժողկոմ Ասքանազ Մռավյանը:
Նախատեսված էր, որ նա դասախոսություններ պետք է կարդա Երևանի պետական համալսարանում: Սակայն այդ այցը չեղարկվեց, քանի որ 1929 թվականին մահացավ Ասքանազ Մռավյանը:
Վերջապես 1930 թվականին Օսիպ Մանդելշտամն ու իր կինը՝ Նադեժդա Մանդելշտամը, ժամանում են Հայաստան: Նրանք Հայաստանում մնում են 1930 թվականի գարնանից մինչև աշուն, շրջագայում են տարբեր տեղերում, հանգստանում, ուսումնասիրություններ են անում, ունենում են հանդիպումներ այդ շրջանի հայ մեծանուն արվեստագետների հետ:
Հայաստանից Թիֆլիս վերադառնալիս Օսիպ Մանդելշտամը լինում է նաև Արցախի Շուշի քաղաքում:
1930 թվականին լրացել էր թուրք-թաթարական հրոսակների կողմից հայկական Շուշի քաղաքի ավերման և ցեղասպանության 10-ամյակը: Շուշիի հայերի կոտորածները տեղի ունեցան 1920 թվականի մարտի 22-26-ը:
Այդ օրերին թուրքական բանակի, նրա կողմից աջակցություն ստացող թաթարական բնակչության և քրդական որոշ խմբերի կողմից կազմակերպվեցին Շուշիի հայ ազգաբնակչության զանգվածային կոտորածներ, բռնի տեղահանություն, գույքի և անձնական ունեցվածքի ոչնչացում ու թալան։ Զանգվածային բռնությունների հետևանքով հայաբնակ Շուշին՝ Արցախի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնը, ենթարկվեց հայաթափման և գրեթե ամբողջական ավերման։ Զոհերի թիվը գերազանցեց 20 հազարը:
Թեև 1930 թվականին՝ Մանդելշտամի այցի ժամանակ, այդ ողբերգական իրադարձություններից անցել էր 10 տարի, այնուամենայնիվ քաղաքում հստակ երևում էին թուրքական վայրագության հետևանքները: Այդ ամենն այնքան ազդեցիկ է եղել, որ ռուս բանաստեղծի կինը՝ Նադեժդա Մանդելշտամը, Շուշիում իրենց տեսածը մանրամասն նկարագրել է իր հուշերում.
«Լուսաբացին մենք ավտոբուսով Գյանջայից մեկնեցինք Շուշի: Քաղաքն սկսվում էր անվերջանալի գերեզմանոցով, ապա՝ փոքրիկ շուկայի հրապարակն էր, ուր իջնում են հոշոտված քաղաքի փողոցները: Մեզ արդեն վիճակված էր տեսնել բնակիչների կողմից լքված գյուղեր, որ մի քանի կիսաքանդ տներից էին բաղկացած, բայց երբեմնի, ինչպես երևում էր, հարուստ և բարեկարգ այս քաղաքում աղետի ու մորթի պատկերները սոսկալիորեն դեռ աչքի առաջ էին: Մենք անցանք փողոցներով, և ամենուրեք նույնը՝ անտանիք, անլուսամուտ, անդուռ տների երկշարը: Լուսամուտների բացվածքներից երևում էին դատարկ սենյակները, երբեմն՝ պաստառների ծվեններ, կիսաքանդ վառարաններ, երբեմն՝ ջարդուփշուր կահույքի մնացորդներ: Տները նշանավոր վարդագույն տուֆից էին, երկհարկանի: Բոլոր միջնորմները քանդված էին, և այդ կմախքների արանքից ամենուր թափանցում էր կապույտ երկինքը»: (Մանդելշտամ Օ., «Բանաստեղծություններ, արձակ», Երևան, 2012, էջ 359):
Շուշիում Մանդելշտամների տեսածն ու նկարագրածն այսքանով չի սահմանափակվում: Նրանք մանրամասն նկարագրում են նաև հայկական քաղաքում գտնվող թուրք-թաթարական մնացորդների վայրենի պահվածքը.
«Ասում են, թե կոտորածից հետո բոլոր ջրհորները լեփլեցուն են եղել դիակներով: Եթե որևէ մեկը ողջ է մնացել, ապա փախել է մահվան այդ քաղաքից: Բոլոր լեռնակիպ ճանապարհներին մենք ոչ մի մարդու չհանդիպեցինք: Միայն ներքևում, շուկայի հրապարակում, զեռում էր մի խումբ ժողովուրդ, բայց նրանց մեջ՝ ոչ մի հայ, միայն մուսուլմաններ: Օ. Մ.-ի տպավորությունն այն էր, թե շուկայի մուսուլմանները՝ այն մարդասպանների մնացուկներն են, ովքեր մի տասը տարի առաջ ավերել են քաղաքը, միայն թե դա նրանց օգուտ չտվեց. արևելյան թշվառություն, հրեշավոր ցնցոտիներ, դեմքերին՝ թարախածոր պալարներ: Եգիպտացորենի ալյուրի, կողրի, բլիթների առևտուր:
Մենք չհամարձակվեցինք բլիթներ գնել այդ ձեռքերից, թեև ուտել էինք ուզում … Եվ ջուր էլ չես խմի այս ջրհորներից: Քաղաքում ոչ միայն հյուրանոց չկար, այլ նույնիսկ եկվորների համար «օբշչո» կոչվող սենյակներ, ուր կանայք ու տղամարդիկ միասին էին քնում: Գյանջայի ավտոբուսը մեկնում էր առավոտյան: Մեզ առաջարկեցին գիշերել իրենց մոտ, բայց ես վախենում էի արևելյան թարախապալարներից, իսկ Մանդելշտամը չէր կարողանում վանել այն միտքը, թե մեր դիմաց ջարդարարներ ու մարդասպաններ են:
Մենք որոշեցինք մեկնել Ստեփանակերտ՝ մարզային քաղաք: Այնտեղ հասնել կարելի էր միայն կառքով: Ահա և մեզ հանդիպեց անքիթ մի կառապան, միակը իջևանատնում, կաշվե դիմակպչուկով, որը ծածկում էր նրա քիթը և դեմքի կեսը: Իսկ հետո ամեն ինչ ճիշտ այնպես էր, ինչպես բանաստեղծության մեջ է. և մենք չէինք հավատում, թե նա մեզ իրոք կհասցնի Ստեփանակերտ. մենք անցանք տուն դարձող հոտից: Այնտեղ մենք գիշերեցինք «օբշչոյում», իսկ առավոտյան առանց դժվարության ավտոբուսի տոմս ստացանք և վերադարձանք Գյանջայի թե Նուխու երկաթուղի»: (Նույն տեղում, էջ 360):
Շուշիում Մանդելշտամների տեսածը չսահմանափակվեց այս սարսափելի հուշով: Հետագայում Օսիպ Մանդելշտամն այդ ամենը գեղարվեստականացնում է և գրում իր հայտնի «Ֆայտոնչին» բանաստեղծությունը.
Օսիպ Մանդելշտամ. «Ֆայտոնչին»
Շրջոնքված վայրում մուսուլմանական,
Բարձր լեռնանցքում` մշուշով լի,
Քեֆ էինք անում մահվան հետ անգամ,
Ինչպես երազում զարհուրելի:
Ոմն ֆայտոնչի մեզ բաժին ընկավ.
Դեմքը խարկված էր, որպես չամիչ,
Դա դիվանքների ախպերն էր և կամ
Կարճլիկ ու նոթոտ մի հարամի:
Խոսվածքն` արաբի, հնչյունները` բարդ,
Անիմաստ կանչեր մերթ-մերթ հանում-
Որպես մի դոդոշ կամ որպես մի վարդ
Դաբաղած դեմքն էր ծո՜ւյլ պահպանում.
Դիմագծերը կոծկած սոսկալի
Արնաշեշտ մաշկի դիմակի տակ –
Քշում էր,- բայց ո՞ւր,- կառքը քառանիվ
Վայրենի ճիչով` խռպոտ ու տաք:
Նորից թափավազք, խթան, ցնցումներ,
Եվ անհնար էր իջնել սարից.
Պարույր գծեցին ֆայտոնները մեր,
Իջևաններն են պտույտ գալիս…
Ես սթափվեցի. բարեկա՜մ, կանգնի՛ր,
Մեզ ձիերի հետ,- գլխի ընկա,-
Մոլորեցրե՛լ է, գրո՜ղը տանի,
Ոմն ժանտախտի մի նախագահ:-
Մետաղալարից մտրակ է հյուսել,
Վարում է կառքը` խրախճացած,
Որ պտույտ գործի որպես կարուսել
Քաղցր ու թթվահամ հողը ճաքած…
Ես Ղարաբաղը տեսա լեռնային,
Տեսա գիշատիչ Շուշի քաղաք,
Ուր ճաշակեցի սարսափներ մահի –
Հոգուս խռովքին համանվագ:
Քառասուն հազար մեռյալ լուսամուտ,
Ակնախոռոչներ մութ, սնամեջ.
Դառը տքնանքի բոժոժը հմուտ
Թաղված էր այնտեղ` լեռների մեջ:
Անամոթաբար շառագունում են
Մերկ տներն ու վեր նայում անթարթ,
Երկինքը վերից մեգն իր մանում է,
Որպես մուգ-կապույտ ոմն ժանտախտ:
(Բանաստեղծության թարգմանությունը՝ Հրաչյա Բեյլերյանի):
Զ. Շուշեցի